ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ս.թ. հունիսի 3-ին տեղի ունեցավ «Մեդիա և տեղեկատվական իրավունք» մագիստրոսական կրթական ծրագրի 2023-24 ուստարվա շրջանավարտների ավարտական ամփոփիչ միջոցառումը։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Հարություն Խաչիկյանը նշեց, որ «Մեդիա և տեղեկատվական իրավունք» մագիստրոսական կրթական ծրագիրն իրականացվում է ԵՊՀ իրավագիտության, ժուռնալիստիկայի ֆակուլտետների և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի համագործակցության շրջանակում:
Կարևորելով կրթական ծրագրի դերը հատկապես լրագրողների համար՝ Հ. Խաչիկյանը ներկայացրեց մագիստրոսական ծրագրի նպատակները՝ համակողմանի գիտելիքների տրամադրում սոցիալական մեդիայում ծագող իրավական հարաբերությունների օրենսդրական կարգավորումների վերաբերյալ, մեդիա և տեղեկատվական իրավունքին առնչվող միջազգային ու ներպետական օրենսդրական նորմերի վերլուծություն և մեկնաբանություն, միջազգային իրավունքի աղբյուրների և ներքին օրենսդրության միջև փոխհարաբերություններ, մեդիա և տեղեկատվական իրավունքի ոլորտում հիմնական քաղաքականության ու պրակտիկայի պարզաբանում: Այս նպատակները իրատեսական են և իրացվում են շրջանավարտերի կողմից:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսը: Նա բարձր գնահատեց մագիստրոսական ծրագրի դերն ու նշանակությունը և պատրաստակամություն հայտնեց ապագայում համագործակցելու, մասնավորապես՝ ուսանողական կրթաթոշակների տրամադրման գործում:
Որպես լավագույն մագիստրոսական թեզեր ներկայացվեցին մագիստրոսական ծրագրի շրջանավարտներ Շուշան Սիրադեղյանի (թեմա՝ «Թափանցիկության և ֆինանսավորման հիմնախնդիրը ԶԼՄ-ում: Կոռուպցիոն ռիսկերը մեդիայում», ղեկավար՝ կրթական ծրագրի համակարգող, դոցենտ Արփինե Հովհաննիսյան), Լուսինե Օհանյանի (թեմա՝ «Կեղծ լուրերի օգտագործումը տեղեկատվական պատերազմներում․ իրավական կարգավորումներ», ղեկավար՝ ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, պրոֆ․ Արմեն Հայկյանց) և Արմինե Հայրիյանի (թեմա՝ «Տեղեկատվության ազատության և մատչելիության հիմնախնդիրները ՀՀ-ում», ղեկավար՝ ի․գ․թ․ Շուշանիկ Ղուկասյան) աշխատանքները:
Ինչպես պրոֆեսորադասախոսական կազմը, այնպես էլ ուսանողները բարձրաձայնեցին ծրագրի կարևոր, արդյունավետ և անհրաժեշտ լինելու փաստը։