Հայաստանում Անգլիայի դեսպանատան, «HAP» իրավաբանական ընկերության և «Fieldfisher» անգլիական հայտնի իրավախորհրդատվական ընկերության համակազմակերպմամբ ս․թ․ նոյեմբերի 12-ին և 13-ին անցկացվեց «Անգլիական իրավունքի օրեր Երևանում» խորագրով երկօրյա միջոցառում։
Միջոցառմանը մասնակցում էին բազմաթիվ ներկայացուցիչներ Հայաստանի դատաիրավական համակարգից, համալսարաններից, հյուրեր արտասահմանյան մի շարք պետությունների առաջատար հաստատություններից։
Երևանի պետական համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հայկյանցը միջոցառմանը հանդես եկավ «Անգլիական իրավունքի դերը միջազգային մասնավոր իրավունքում՝ Հայաստանի իրավունքի տեսանկյունից» թեմայով ծավալուն ելույթով։ Պրոֆ․ Հայկյանցը հստակ ներկայացրեց անգլիական իրավունքի նախապատվելի կիրառման պատճառները ժամանակակից միջազգային մասնավոր իրավական շրջանառությունում՝ դրանց շարքում արժևորելով նաև անգլիական կրթագիտական համակարգն իր ավանդույթներով ու ինստիտուտներով։
Այս համատեքստում խորհրդանշական համարվեց պրոֆեսորի մեջբերումը Օլիվեր Հոլմսի «The Common law. 1881» աշխատությունից, որը լավագույնս բնութագրում էր հենց անգլիական իրավունքը․ «Իրավունքի հիմքում ընկած է ոչ թե տրամաբանությունը, այլ փորձը»։
Միջոցառման շրջանակում քննարկվեցին բազմաթիվ հարցեր, որոնք նվիրված էին բիզնես սպասարկման, ներդրումային բարենպաստ միջավայրի ապահովման, միջազգային առևտրային վեճերի լուծման ուղղությամբ անգլիական իրավական մշակույթի դերի ընդգծմանն ու ներդրմանը։ Անգլիական իրավական փորձի փոխառումն ու ներդրումը դիտարկվեցին Հայաստանի իրավական համակարգի զարգացման տեսանկյունից։