Июня 01, 2023 | 15:30
Наука
Инфраструктура
Образование
С социологических исследований до связей с общественностью: социология в ЕГУ
Սոցիոլոգիան ուսումնասիրության այն ոլորտն է, որը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու սոցիալական երևույթների, կառուցվածքների և փոխազդեցությունների վերաբերյալ, հասկանալու սոցիալական աշխարհը, վերհանելու հասարակական տարբեր խմբերի խնդիրները, բացահայտելու նրանց կարիքները, խուսափելու և հաղթահարելու դրանց հետևանքով առաջացած մարտահրավերները և, իհարկե, ստեղծելու առավել արդար և սոցիալապես հավասար հասարակություն։
Հասարակական գործունեության այս ճյուղը նպաստում է վերլուծական մտածողության զարգացմանը՝ մասնագետներին «հուշելով» կասկածի տակ առնել և քննաբար ուսումնասիրել սոցիալական նորմերը, արժեքները և համոզմունքները:
Սոցիոլոգիայի ոլորտում անընդհատական զարգացումները պայմանավորված են հասարակության կարիքների և տվյալ ընթացքի համար անհրաժեշտ հետազոտական հետաքրքրությունների փոփոխություններով։ Որպես ուսումնասիրության ոլորտ՝ սոցիոլոգիան ներառում է թեմաների և հետազոտական հետաքրքրությունների լայն շրջանակ․ սոցիալական հոգեբանությունից մինչև սոցիալական փոփոխություն, մարդու էկոլոգիայից (այն ուսումնասիրում է շրջակա միջավայրի և մարդկանց միջև առկա փոխազդեցության օրինաչափությունը) մինչև կիրառական սոցիոլոգիա և այլն։
Ոլորտի վերաբերյալ որակյալ, հետազոտահենք և հիմնարար գիտելիք հնարավոր է ձեռք բերել Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում։ Եռաստիճան կրթական համակարգի շնորհիվ ուսանողները խորքային գիտելիքներ են ստանում սոցիալական գիտությունների և կիրառական սոցիալական գիտակարգերի ամբողջ տիրույթի վերաբերյալ։ Ֆակուլտետում գործում են «Սոցիոլոգիա» (բակալավրիատ, մագիստրատուրա), «Սոցիալական աշխատանք» (բակալավրիատ, մագիստրատուրա), «Հասարակայնության հետ կապեր» (բակալավրիատ, մագիստրատուրա), «Մարդկային ռեսուրսների կառավարում» (մագիստրատուրա), «Սոցիալական քաղաքականություն և վարչարարություն» (մագիստրատուրա), «Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանություն» (մագիստրատուրա), «Հանրային քաղաքականության հետազոտությունները սոցիոլոգիայում» (մագիստրատուրա) կրթական ծրագրերը։ Արագ արձագանքելով աշխատաշուկայի պահանջներին՝ ֆակուլտետը պարբերաբար թարմացնում է կրթական ծրագրերն ու դրանց առարկայացանկը, ինչը նպաստում է շրջանավարտների՝ առավել պատրաստված և ինքնավստահ աշխատաշուկա մուտք գործելուն։
Դեռևս սովորելու տարիներից ֆակուլտետի ուսանողները (մասնավորապես «Սոցիալական աշխատանք» կրթական ծրագրի) ծավալում են պրակտիկ գործունեություն, քանի որ հայաստանյան աշխատաշուկայում մասնագիտությունն ամենապահանջվածներից է և առաջնային դիրքեր է զբաղեցնում։
Տարբեր կազմակերպություններում կամ գերատեսչական մարմիններում արդյունավետ գործունեություն ծավալելու գրավականներից է ներքին և արտաքին հաղորդակցության գրագետ կազմակերպումը, ինչի արդյունքում ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում առանձնակի կարևորվում են նաև «Հասարակայնության հետ կապեր» և «Մարդկային ռեսուրսների կառավարում» մասնագիտացումները։ Հասարակության հետ ճիշտ հաղորդակցվելու, ինչպես նաև նրանց պահանջներին արագ արձագանքելու գործիքակազմին հնարավոր է ծանոթանալ «Հասարակայնության հետ կապեր» կրթական ծրագրում։ Այն հնարավորություն է ընձեռում ոլորտում պրակտիկ գործունեություն ծավալող փորձառու և բանիմաց մասնագետներից անմիջապես տեղեկանալու տվյալ պահին մասնագիտության մեջ կատարվող տեղաշարժերի և զարգացումների մասին։ Ուսանողները, ուսումնառության ընթացքում խորհրդակցելով դասախոսների հետ, կազմակերպում են նաև փորձնական PR արշավներ, որոնք երբեմն գործարկվում են ընտրված որոշ կազմակերպություններում։
«Մարդկային ռեսուրսների կառավարումը» այն առանցքային մասնագիտացումներից է, որի շնորհիվ ապահովվում է ընկերությունների ներքին և բալանսավորված հաղորդակցությունը, ինչը բերում է առավել նպատակային աշխատանքի կազմակերպմանը և աշխատակիցների գոհունակությանը։
Ֆակուլտետում դասավանդում են հանրապետության առաջատար մասնագետներ, որոնք ծավալում են գիտամանկավարժական և պրակտիկ գործունեություն։ Պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները մշակում և դասավանդում են նոր դասընթացներ, հրատարակում ուսումնամեթոդական աշխատություններ, հանրապետական ու միջազգային գիտական նստաշրջաններում ներկայացնում զեկուցումներ, որոնք հոդվածների տեսքով տպագրվում են հեղինակավոր պարբերականներում:
Սոցիոլոգիայի ֆակուլտետում գործում են մասնագիտական կենտրոններ ու լաբորատորիաներ, ինչպես՝ կոնֆլիկտների վերլուծության, սոցիալական հետազոտությունների իննովացիոն և միգրացիայի ուսումնասիրությունների կենտրոնները, ինչպես նաև հեռաուսուցման և կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիաները, որտեղ դասախոսներն ու ուսանողները ուսումնասիրում են թեմատիկ տարբեր հիմնախնդիրներ և կատարում բազմատարր հետազոտություններ։
Ֆակուլտետը համագործակցում է միջազգային և հեղինակավոր մի շարք համալսարանների հետ, ինչի շրջանակում թե՛ ուսանողները, թե՛ դասախոսները փոխանակման ծրագրերով սովորում և վերապատրաստումներ են անցնում այնտեղ։ Գործակցության շնորհիվ ֆակուլտետը հյուրընկալում է նաև այդ համալսարանների ուսանողներին և դասախոսներին, որոնք կարդում են դասախոսություններ, անցկացնում սեմինար-քննարկումներ, վարում վերապատրաստման դասընթացներ, ներգրավվում ֆակուլտետի գիտահետազոտական կյանքում՝ ներկայացնելով ուսումնասիրվող թեմաներին առնչվող իրենց երկրների մոտեցումները՝ այդպիսով նպաստելով թեմաների առավել համակողմանի լուսաբանմանը։
2003 թվականից ֆակուլտետը համագործակցում է նաև ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանի հետ՝ կազմակերպելով դասախոսների և ուսանողների այցելություններ, համատեղ հետազոտություններ և տպագրություններ, ինչպես նաև առցանց դասախոսություններ:
Նշենք նաև, որ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի նախաձեռնությամբ Արցախի պետական և Երևանի Մ. Մաշտոցի անվան համալսարաններում ներդրվել է «Սոցիալական աշխատանք» կրթական ծրագիրը, որի շրջանակում ԵՊՀ դասախոսներն այնտեղ դասավանդում են հեռավար ուսուցման տարբերակներով (նախկինում նաև առկա)։
Արի՛ ԵՊՀ, ձե՛ռք բեր ժամանակակից մասնագիտություն, դարձի՛ր մրցունակ մասնագետ աշխատաշուկայում։