- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում դասախոսությամբ հանդես եկավ ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը
Ապրիլ 23, 2025 | 15:41
Հասարակություն
Միջազգային համագործակցություն
Քաղաքականություն
ԵՊՀ-ում դասախոսությամբ հանդես եկավ ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը
ԵՊՀ-ում հյուրընկալվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը՝ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանի ուղեկցությամբ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը հանդես եկավ դասախոսությամբ՝ ներկայացնելով ԵԽ-ի դերը, նպատակը, միաժամանակ խոսելով մարդու իրավունքներից ու ժողովրդավարության կարևորությունից:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսն իր ելույթում ընդգծեց, որ եթե պետությունը ցանկանում է միանալ ԵՄ-ին, նախ այն պետք է ընդունի ԵԽ-ի արժեքները՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը. «Այն պետությունը, որն ապացուցում է, որ հետևում է Եվրոպայի արժեքներին ու հավասարաչափ կարևորում այս գաղափարները, կարող է ԵՄ-ի անդամ դառնալ, եթե անգամ իրենց երկրում դեռ լիարժեք ժողովրդավարություն չեն հաստատել ու այդ ուղղությամբ դեռ շատ աշխատանքներ ունեն կատարելու»։

Նա նշեց, որ ժողովրդավարություն գաղափարը մշտապես արդիական է. «Ժողովրդավարությունը քեզ ու մեր բոլորի համար է, ովքեր փորձում են հաջողել կյանքում, կառուցել ավելի լավ ապագա մեր և մեր երեխաների համար։ Եվ հիշե՛ք, երբ խոսում ենք ժողովրդավարության մասին, մենք չենք խոսում մի բանի մասին, որը մեզ տրվում է, այլ մի բանի մասին, որի համար մենք պետք է պայքարենք: ԵԽ-ն հենց այն կառույցն է, որը կանգնում է պետությունների և ժողովուրդների կողքին այս պայքարում։ ԵԽԽՎ-ն անդամ երկրների խորհրդարանականներին հարթակ է տրամադրում՝ պայքարելու այս գաղափարների և արժեքների հաստատման համար։ Իսկ խոսքը շատ հաճախ բավարար գործիք և բավարար զենք է պայքարելու համար»։
Ուսանողները Թեոդորոս Ռուսոպուլոսին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, որոնք վերաբերում էին նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, հայ գերիների ազատ արձակման խնդրին, Խաղաղության պայմանագրի կնքմանը։

Ի պատասխան այս հարցերի՝ Թեոդորոս Ռուսոպուլոսը նախ ընդգծեց, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները կասեցված են, որովհետև Ադրբեջանը չի հարգել ԵԽ-ի բոլոր օրենքները: Անդրադառնալով լիազորությունների կասեցման պատճառներին՝ նա նշեց, որ ԵԽ-ի պատվիրակության անդամներին՝ զեկուցողներին, Ադրբեջանը չի թույլատրել այցելել քրեակատարողական հիմնարկներ՝ տեսակցելու կալանավորների, դատապարտյալների հետ, Ադրբեջանի նախագահական, խորհրդարանական ընտրություններին ԵԽ դիտորդները չեն հրավիրվել մոնիթորինգ իրականացնելու։ Բացի դրանից՝ նա նաև ընդգծեց, որ ԵԽԽՎ-ի զեկուցողներին չի թույլատրվել այցելել Լաչինի միջանցք:
Թեոդորոս Ռուսոպուլոսը շեշտեց, որ իրենք պարբերաբար հանդես են գալիս նաև զեկույցներով, որտեղ մատնանշված են Ադրբեջանի հետ առկա խնդիրները։
«Մենք չենք մնում լուռ, մեր քայլերով պարտադրում ենք մեր օրենքները խախտած երկրներին փոխել իրենց մոտեցումը»,- շեշտեց նա:
Նա երիտասարդներին խորհուրդ տվեց հետևել ԵԽ-ի կայքէջին, որտեղից կարող են շատ հեշտորեն գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ, որոնք մասնավորապես վերաբերում են ԵԽ-ի գործառույթներին։