Июня 07, 2023 | 17:41
Партнеры
Образование
Общество
Инновации для образования: форум в ЕГУ
ISTC ինովացիոն կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ-ի և Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կազմակերպած «Նորարարություն և կրթություն-լիբերալ ֆորում Հայաստան» խորագրով միջոցառումը:
Առաջին անգամ կազմակերպվող ֆորումի նպատակն էր քննարկել կրթության կազմակերպման քաղաքականությունները և նորարար կրթական ծրագրերի կարևորությունը կրթության բնագավառում։
ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, կարևորելով ֆորումի կազմակերպումը, նշեց. «Շատ ուրախ եմ այս համագործակցության և միջոցառման անցկացման համար, քանի որ նորարարական լուծումների կիրառումը և դրանց բազմազանության քննարկումը կրթական գործընթացների կազմակերպման համատեքստում չափազանց կարևոր են շատ արագ զարգացող ու փոփոխվող այս աշխարհում»:
Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նպատակ ունեն ֆորումը դարձնելու ամենամյա:
«Պլանավորում ենք հաջորդ տարիներին ևս իրականացնել ֆորումներ՝ ներառելով ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գործընկերներին ու ոլորտի ներկայացուցիչներին, ինչը հրաշալի հնարավորություն է ոչ միայն փոխանակելու գիտելիքներ ու փորձ, այլև հաստատելու կապեր, որոնք կարող են օգտակար լինել կրթության կազմակերպման քաղաքականության մշակման համար»,- շեշտեց Ա. Գրիգորյանն ու հավելեց. «ԵՊՀ-ն շատ կարևոր գործընկեր է Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի համար, և մենք այժմ քննարկում ենք համագործակցության հնարավոր ուղղություններն ու հեռանկարային ծրագրերը»:
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Էրիկ Թինտրուպը և Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Կատրին Բաննախը՝ արժևորելով նորարարությունների դերը մեր իրականության մեջ և կրթության քաղաքականության մշակման գործում:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցան «Կրթության քաղաքականության գործընթացը նորարարության խթանման համար. մարտահրավերներ, հնարավորություններ, դերակատարներ» թեմայով քննարկում և «Նորարարությունը պատմության և սոցիալ-հումանիտար առարկաների ոլորտում» թեմայով պանելային քննարկում:
Քննարկումների ընթացքում զեկուցողներն անդրադարձան կրթական և գիտական գործընթացների կազմակերպման քաղաքականություններին, առանձնահատկություններին, փոխազդեցություններին, ինչպես նաև ծանոթացան պատմության և սոցիալական-հումանիտար բնագավառների նորարար կրթական ծրագրերին:
«Նորարարություն և կրթություն-լիբերալ ֆորում Հայաստան» խորագրով միջոցառումը հնարավորություն տվեց քննարկելու ինչպես հայաստանյան համատեքստը, ոլորտներում առկա մարտահրավերները, այնպես էլ ծանոթանալու գերմանական փորձին, ստեղծելու հարթակ կապերի հաստատման և համագործակցության համար քաղաքականություն մշակողների, փորձագետների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև։
Քննարկումները վարել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Վիկտորյա Այդինյանն ու ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը: Զեկուցումներ ներկայացրին Արևիկ Անափիոսյանը (ՄԱԿ-ի գործընկերության և զարգացման ֆինանսավորման հարցերով խորհրդատու, ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրության ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ), Մարեն Յասպեր-Վինտերը (Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ, Ազատ ժողովրդավարական կուսակցության (FDP) Բեռլինի Պառլամենտի նախկին պատգամավոր), Շթեֆֆեն Զամլերը (EFREC նախագծի ղեկավար, Լայբնիցի կրթական մեդիայի ինստիտուտ (Գեորգ Էկերտ ինստիտուտ)), Նարեկ Մանուկյանը («Պարադիգմա» կրթական հիմնադրամի համահիմնադիր, ՄԱԶԾ «ImpactAim Accelerator»-ի ղեկավար), Ալեքսանդր Շագաֆյանը (Ֆորմալ կրթության բաղադրիչի թիմի ղեկավար, Քաղաքացիական կրթություն և մասնակցություն (ACE)) և ոլորտի այլ ներկայացուցիչներ: