Июня 20, 2023 | 12:32
Образование
Конкурсы
Студенческий
"Знание языков дает возможность раскрывать и воспринимать мир по-новому": Фарида Хачатрян
ԵՊՀ լավագույն ուսանող ճանաչված Ֆարիդա Խաչատրյանը լեզուների իմացության շնորհիվ ներգրավվել է տարաբնույթ ծրագրերում և հասել մեծ ձեռքբերումների: Մեզ հետ զրույցում Ֆարիդան ուրվագծել է դեպի հաջողություն տանող այն ճանապարհը, որը կարող է ուղենշային լինել նաև այլ ուսանողների համար:
Համալսարանում անցած յուրօրինակ «գիտակրթական ուղևորության» մասին պատմում է ինքը՝ Ֆարիդան…
Ինձ համար լեզվաբան դառնալը երկար ժամանակ եղել է գլխավոր նպատակ, որին հասնելու համար ընդունվել եմ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ: Լեզուների շնորհիվ աշխարհը նորովի բացահայտելու և ընկալելու հնարավորությունների մասին պատկերացումներս ֆակուլտետում լիովին իրականացան:
«Թարգմանչական գործ՝ անգլերեն-հայերեն» բաժնում ուսանելու ընթացքում ձեռք եմ բերել տեսագործնական այնպիսի գիտելիքներ, որոնց շնորհիվ այսօր կարողանում եմ անվրեպ թարգմանել իրավական, տնտեսական, քաղաքական և այլ բնագավառների առնչվող տեքստեր: Ամենաշատը, սակայն, ինձ գրավում են նոտարական ոլորտի տեքստերի թարգմանությունները: Ոլորտի հանդեպ ունեցած հետաքրքրությունն էր, որ ինձ մղեց ավարտական կուրսում ուսումնասիրելու անգլերեն և հայերեն նոտարական թարգմանություններում առկա համարժեքության խնդիրները: Ճիշտ է, իրավական փաստաթղթերի լեզվին առնչվող գիտական ուսումնասիրություն կատարելը բարդ էր, սակայն գիտական ղեկավարիս աջակցությամբ հաջողությամբ կատարեցի այդ հետաքրքրական հետազոտությունը, որը, կարծում եմ, կարող է նպաստել ոլորտի զարգացմանը։
Լինելով ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ՝ կառույցի անդամների հետ կազմակերպել եմ ուսանողական գիտաժողովներ, առարկայական և լեզվական միջբուհական օլիմպիադաներ, ինտելեկտուալ խաղ-վիկտորինաներ, թարգմանական մրցույթներ, բուն մասնագիտական գործնական դասընթացներ, որոնք նպաստել են ոչ միայն ուսանողների լեզվական ու թարգմանական հմտությունների, այլև գիտական մտածողության զարգացմանը:
Ուսանողական ակտիվ կյանք վարելուն զուգահեռ՝ ներգրավված եմ եղել նաև արտահամալսարանական մի շարք ծրագրերում: Որպես Համահայկական կամավորական միության անդամ կամավորական աշխատանքներ եմ կատարել տարբեր ձևաչափերի խոշորամասշտաբ ծրագրերում ու միջոցառումներում, ինչպիսիք են «Համաշխարհային հայկական գագաթնաժողովը», «Կենսաբանության միջազգային օլիմպիադան», «Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը», ինչպես նաև ներգրավված եմ այս ամռանը կայանալիք Համահայկական ամառային 8-րդ խաղերի աշխատակազմում։
Կարծում եմ՝ համալսարանական և արտահամալսարանական հաջողություններիս հիմնական գրավականը «Հաղթանակը սիրում է ջանքեր» (լատ.՝ Amat victoria curam) կարգախոսին հետևելն է, ինչը մղում է պայքարելու և ջանք չխնայելու նպատակների իրագործման և հաղթանակի հասնելու ճանապարհին։ Ըստ իս՝ «ԵՊՀ լավագույն ուսանող-2023» մրցույթում հաղթելը և այդ պատասխանատու կոչմանն արժանանալը ասվածի լավագույն ապացույցներից է:
Իմ գլխավոր նպատակը ոլորտի լավագույն մասնագետների շարքերը համալրելն է, ուստի կրթությունը մագիստրատուրայում շարունակելն անկասկած է: Վստահ եմ՝ զարգացնելով նեղ մասնագիտական գիտելիքներս ու հմտություններս՝ ես ևս կկարողանամ իմ ներդրումն ունենալ մեր երկրում թարգմանական ոլորտի զարգացման գործում: