Июня 28, 2023 | 17:05
Наука
Образовательные программы
Образование
На перекрестке истории: с древних времен до наши дни
Պատմությունը մեր անցյալի ու ներկայի վկայագիրն է․ տեղի ունեցած իրադարձությունների ճշգրիտ վերծանումն ու վերլուծումը ճանապարհ են հարթում ապագայի անսխալ «քարտեզն» ուրվագծելու համար։
Ժողովուրդների կերտած պատմությունն ու ստեղծած լեգենդները կերպավորում են ազգը, նրանց մտածելակերպը, աշխարհայացքը և որ ամենակարևորն է՝ աշխարհընկալումը։ Ուսումնասիրելով նախկինում տեղի ունեցած պատմական իրադարձություններն ու դրանց ժամանակագրական հաջորդականությունը, բացահայտելով կատարված քայլերի տրամաբանությունն ու ենթատեքստը՝ հնարավոր է դառնում պարզորոշ արձանագրել, հետևաբար նաև արձագանքել ներկայում տեղի ունեցող գործընթացներին։ Պատմության ընթացքում մշտապես կարևորվել են ազգային գիտակցություն ունեցող քաղաքացիների, սերունդների ձևավորումը և տվյալ ժամանակաշրջանում առկա սպառնալիքների չեզոքացմամբ ամուր ու կայուն պետության զարգացումը։ Այդ գործում զգալի ներդրում և դեր ունեն պատմաբանները, կովկասագետները, մշակութաբանները, հնագետները, սփյուռքագետները, ազգագրագետները, արվեստաբանները։
Թվարկված մասնագիտացումները հնարավոր է ձեռք բերել եռաստիճան կրթական համակարգ ունեցող ԵՊՀ պատմության ֆակուլտետում, որը գործում է համալսարանի հիմնադրման օրից՝ 1919 թվականից։ Ֆակուլտետն առաջարկում է «Պատմություն» (առկա և հեռակա), «Արվեստաբանություն», «Հնագիտություն և ազգագրություն», «Կովկասագիտություն», «Մշակութաբանություն», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հնագիտություն և ազգաբանություն», «Հայագիտություն», «Սփյուռքագիտություն», «Վրացագիտություն» բակալավրիատական և մագիստրոսական կրթական ծրագրերը։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ակտիվ և բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները դեռևս ուսումնառության տարիներից ներգրավվում են գիտական և հետազոտական տարբեր նախագծերում։ Հատկանշական է, որ տարեցտարի ուսանողների թիվն ավելանում է, ինչը վկայում է պատմագիտության նկատմամբ հետաքրքրության աճի մասին։
Պատմության ֆակուլտետի շրջանավարտներն ունեն գործունեության լայն շրջանակ․ վերոգրյալ կրթական ծրագրերում ձեռք բերած գիտելիքների ու հմտությունների շնորհիվ նրանք իրենց ուրույն տեղն են զբաղեցնում ներկայիս բազմաբևեռ աշխատաշուկայում։ Պատմության ֆակուլտետի շրջանավարտների պահանջարկը մեծ է ՀՀ ԳԱԱ համակարգում գործող պատմության, արևելագիտության, հնագիտության և ազգագրության, արվեստի ինստիտուտներում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, Հայաստանի ազգային արխիվում, ինչպես նաև տուրիստական գործակալություններում։ «Պատմություն», «Կովկասագիտություն», «Մշակութաբանություն», «Հայ արվեստի պատմություն և տեսություն» կրթական ծրագրերի շրջանավարտները մանկավարժի որակավորում ստանալու դեպքում աշխատանքի են անցնում հանրակրթական դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։ Վերջին տարիներին փորձագիտական աշխատանքներ կատարող հաստատություններում ավելացել է ԵՊՀ շրջանավարտ պատմաբանների թիվը, ինչը կրթական ծրագրերի առարկայացանկի պարբերական թարմացման և լրացուցիչ հմտությունների ուսումնասիրման ու ձեռքբերման արդյունք է։
Ֆակուլտետի մագիստրոսական կրթական ծրագրերում սովորելու հնարավորություն ունեն նաև այլ ոլորտում բակալավրիատական կրթություն ունեցող մասնագետները: Սովորելով ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրոսական ծրագրերից որևէ մեկում՝ նրանք հարստացնում են պատմագիտական գիտելիքները և դրանք համադրում իրենց առաջնային մասնագիտությունների հետ՝ այդպիսով նպաստելով միջգիտակարգային ուսումնասիրությունների շրջանակի ընդլայնմանը և հետազոտական հմտությունների զարգացմանը։
Ֆակուլտետի առաջնահերթություններից է արտասահմանյան գործընկեր կրթական հաստատությունների հետ ուսանողների համար ուսումնական պրակտիկաների կազմակերպումը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս՝ ակտիվորեն գործակցելով Հարավային դաշնային (Ռուսաստան) և Մեսսինայի (Իտալիա) համալսարանների հետ։
Այստեղ դասավանդում են ոլորտի առաջատար մասնագետներ, հանրապետության ականավոր գիտնականներ, որոնք՝ որպես հրավիրյալ բանախոսներ, դասախոսություններ են կարդում նաև արտերկրի համալսարաններում, վերապատրաստումներ են անցնում միջազգային հեղինակավոր ուսումնական և գիտական հաստատություններում։ Պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները ներգրավված են տեղական ու միջազգային գիտահետազոտական ծրագրերում։
Պատմության ֆակուլտետը, ամրապնդելով բուհ-դպրոց կապը, պարբերաբար հյուրընկալում է տարբեր դպրոցների աշակերտների, որոնք ծանոթանում են առկա կրթական ծրագրերին և ֆակուլտետի ընձեռած հնարավորություններին։
Արի՛ ԵՊՀ, ձե՛ռք բեր ժամանակակից մասնագիտություն, դարձի՛ր մրցունակ մասնագետ աշխատաշուկայում։