- Գլխավոր
- Նորություններ
- Ներկայացվեցին Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի գիտամեթոդական կարողությունները
Ապրիլ 18, 2025 | 17:00
Հետազոտական կենտրոններ և ինստիտուտներ
Միջոցառումներ
Ներկայացվեցին Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի գիտամեթոդական կարողությունները
ԵՊՀ-ում կայացավ Ֆարմացիայի ինստիտուտի դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի հնարավորությունների ներկայացման աշխատաժողովը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց կենտրոնի վերլուծական փորձարկման լաբորատորիայի գիտամեթոդական կարողություններին, նյութատեխնիկական հագեցվածությանը և առաջարկվող ծառայություններին:

Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնը կարևոր կամուրջ է դեղատնային ցանցի, գիտահետազոտական կենտրոնների ու բուհերի միջև: Այն նպաստում է գոյություն ունեցող համագործակցային կապերի ամրապնդմանն ու նոր հեռանկարների բացահայտմանը:

ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի, ինչպես նաև Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի կենտրոնի հիմնադիր, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանն ընդգծեց, որ կենտրոնն իր տարաբնույթ ծառայություններով կարևոր դերակատարում ունի Հայաստանի համար՝ չնայած այն հանգամանքին, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքում 2019 թվականին կատարված փոփոխություններով արտերկրից ներմուծվող դեղերն այլևս լրացուցիչ ստուգում չեն անցնում Հայաստանում. «Այս տեսանկյունից էլ մենք կարևոր գործ ունենք անելու, Հայաստանում այս հույժ կարևոր ուղղության՝ դեղագործության զարգացման հարցում, որպեսզի առաջին հերթին ցանկացած դեղ, որ ներմուծվում է Հայաստան, կարողանանք փորձաքննության ենթարկել (Օրինակ՝ եվրոպական երկրներ արտահանվող քիմիական նյութերը լրացուցիչ ստուգում են անցնում նաև տվյալ երկրներում:)»,- ասաց նա՝ ընդգծելով, որ նման մոտեցումը ռիսկերը բացառելու համար է:
Աշոտ Սաղյանը շեշտեց. «Կենտրոնը վերջին մեկ տարում համալրվել է նոր սերնդի սարքավորումներով, Հավատարմագրման ազգային մարմնի կողմից անցել է հավատարմագրում, իրականացրել է մասնագետների վերապատրաստում: Լաբորատորիան մատուցում է տարբեր ոլորտներ ներառող բազմազան ծառայություններ. «Աշխատաժողովի հիմնական նպատակն է ներկայացնել մեր հնարավորություններն ու ստեղծել նոր գործակցային կապեր»:

ԵՊՀ ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, կարևորելով կենտրոնի գործունեությունը, ընդգծեց. «Այսօր համալսարանները, բացի որակյալ կրթական ծառայություն մատուցելուց, պետք է կարողանան լուծել հասարակության առջև ծառացած մի շարք խնդիրներ՝ արձագանքելով առկա մարտահրավերներին: Կարծում եմ՝ ԵՊՀ-ն կարողանում է պատվով լուծել իր առջև դրված այս խնդիրը: Այն բոլոր ծառայությունները, որոնք պատրաստ է մատուցել լաբորատորիան, լիահույս եմ՝ կաշխատեն ի նպաստ հասարակության»:
Կենտրոնի փորձագետ Անի Չախոյանը հյուրերին ներկայացրեց վերլուծական փորձարկման լաբորատորիայի հավատարմագրման ոլորտները. «Իրականացնում ենք միաբաղադրիչ կամ բազմաբաղադրիչ դեղերի, այդ թվում՝ դեղահումքերի, հակաբիոտիկների, վիտամինների, ինսուլինի և դրա աղերի, ամինաթթուների, գլիկոզիդների և այլ քիմիական խմբերի պատկանող դեղաբանական նյութերի փորձաքննություն, ջրային ամոնիակի, քլորամինի, ջրածնի գերօքսիդի ակտիվ և ուղեկցող բաղադրիչների զանգվածային մասերի որոշում, արտադրական ձեռնարկությունների ջրային ռեսուրսներում, հոսքաջրերում քիմիական տարրերի, զանգվածային մասերի որոշում»:
Նա, անդրադառնալով լաբորատորիայում առկա նոր սերնդի սարքավորումներին, ընդգծեց, որ աշխատանքներում կիրառում են ինֆրակարմիր սպեկտրոմետր, իոնային քրոմատոգրաֆ, բարձր արդյունավետության հեղուկային քրոմատոգրաֆ, գազային քրոմատոգրաֆով, միկրոալիքային վառարան և այլ ժամանակակից սարքեր:

Մատնանշելով լաբորատորիայի մատուցած ծառայությունները՝ Անի Չախոյանն ասաց, որ կատարվում են դեղերի և դեղահումքերի, սննդի փորձաքննություն, եթերայուղերի, ճարպաթթուների, շաքարների, սպիրտների, վիտամինների քանակական և որակական վերլուծություն, բնական և սինթետիկ միացությունների իսկության հաստատում, հակամանրէային, հակասնկային, մանրէների հակաբիոտիկային կայունության ստուգում, ոչ պարենային ապրանքների, խաղալիքների, ախտահանիչների, ալկոհոլային խմիչքների փորձարկումներ, որակի կառավարման, վերահսկման և գործիքային վերլուծության մասնագիտական վերապատրաստման տեսական և գործնական դասընթացներ և այլ ծառայություններ:
Աշխատաժողովի ավարտին հյուրերը շրջայց կատարեցին լաբորատորիայում՝ կիսվելով նոր գաղափարներով:
Լաբորատորիան համագործակցում է դեղագործական ընկերությունների, գիտահետազոտական կազմակերպությունների հետ, սպասարկում է «Դեղերի որակի վերահսկում» մագիստրոսական և այլ գիտակրթական ծրագրեր: