Июля 06, 2023 | 14:54
Партнеры
Образовательные программы
Международное сотрудничество
Пятое поколение программы "Наука о данных в бизнесе" с отличием окончило ЕГУ
Տեղի ունեցավ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
2017 թվականից գործող «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի նպատակն է պատրաստել տվյալագետներ, որոնք ունակ կլինեն տվյալների վերլուծության հիման վրա որոշումներ կայացնելու, կտիրապետեն մեքենայական ուսուցման մեթոդներին, ինչպես նաև արհեստական բանականության վրա հիմնված լուծումների համակարգին:
Կրթական ծրագիրն իրականացվում է Սան Խոսեի պետական համալսարանի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ու Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) հետ համատեղ և «PMI Science»-ի աջակցությամբ:
«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի լավագույն ուսանողները, մեկ տարի սովորելով ԵՊՀ-ում և մեկ տարի էլ շարունակելով կրթությունը Սան Խոսեի պետական համալսարանում (ԱՄՆ), հնարավորություն ունեն ստանալու կրկնակի դիպլոմ և պրակտիկա անցնելու Սիլիկոնյան հովտի կազմակերպություններում։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, շնորհավորելով շրջանավարտներին, ընդգծեց բիզնեսի և կրթության կապի կարևորությունը և փոխշահավետությունը․ «Բիզնեսի համար կարևոր է այսօրինակ համագործակցությունը, որովհետև հենց կրթական հաստատությունների շրջանավարտներն են հետագայում զարգացնելու ոլորտը, իսկ ուսումնական հաստատությանը այդ համագործակցությունն անհրաժեշտ է նոր կապեր ձևավորելու, շրջանավարտների ուժեղ համայնք ունենալու համար, որի անդամները կաշխատեն տարբեր ոլորտներում՝ հետագայում նպաստելով իրենց բուհի բարգավաճմանը»։
ԵՊՀ ռեկտորը շեշտեց, որ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը բիզնես-կրթություն համագործակցության ստացված օրինակներից է։
«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը փաստեց, որ այս կրթական ծրագիրը համապատասխանում է ժամանակակից աշխարհի պահանջներին։
«Աշխարհում փոփոխություններ են անելու և հաջողությունների են հասնելու նրանք, ովքեր ունեն ստեղծագործ միտք, լավ կրթություն և կարողանում են կիրառել արհեստական բանականության գործիքները»,- ասաց Բ․ Ենգիբարյանը և, դիմելով շրջանավարտներին, հավելեց․ «Շատ ուրախ եմ ձեզ համար, որ ճիշտ ժամանակին ընտրել եք ճիշտ մասնագիտություն, քանի որ այս կրթական ծրագիրը ապահովել է անհրաժեշտ որակյալ կրթությունը»։
Հայաստանում «PMI Science» գիտահետազոտական կենտրոնի արտաքին նորարարությունների և համագործակցությունների մենեջեր Օֆելյա Սարգսյանը նշեց, որ ծրագրի ուսանողները 1-ին կուրսից արդեն իսկ մրցունակ մասնագետներ են։
«Կարևոր է այն հանգամանքը, որ այս ծրագիրն ի սկզբանե ստեղծվել է ոչ թե կոնկրետ ընկերության պահանջները բավարարելու, այլ որակյալ մասնագետներ ձևավորելու համար, որոնք կնպաստեն ամբողջ ոլորտի զարգացմանը։ Հուսով եմ՝ մեր լավ օրինակը կլինի վարակիչ այլ ընկերությունների համար՝ նմանատիպ համագործակցություններ ունենալու առումով»,- ասաց Օ․ Սարգսյանը։
ISTC-ի հիմնադիր տնօրեն Արեգ Գևորգյանը, կարևորելով հիմնադրամի ներգրավվածությունը «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի նախագծմանը և կյանքի կոչմանը, ասաց․ «Ծրագիրը տարեցտարի կատարելագործվում է։ Օրինակ՝ այս տարվա ավարտական աշխատանքների թեմաներն առավել ընդգրկուն և բազմաբովանդակ էին։ Սա վկայում է անընդհատ ու նվիրված աշխատանքի մասին, ինչը հաջողության գրավականներից է»։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, անդրադառնալով կրթական ծրագրի գրանցած հաջողություններին, նշեց. ««Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը յուրահատուկ է և օրինակելի բոլոր առումներով։ Համալսարանում տեղի ունեցող բոլոր բարեփոխումները կարծես մարմնավորված են այս մի մագիստրոսական ծրագրում՝ հետազոտահենք կրթություն, խնդիրների, կոնկրետ առաջադրանքների լուծման միջոցով ուսուցում, միջազգայնացմանը միտված որոշակի և լրջագույն առաջընթաց, որի վկայություններից է Սան Խոսեի համալսարանի հետ ստացված համագործակցությունը»:
Կ. Խաչատրյանն ընդգծեց, որ ԵՊՀ-ում հնարավոր է միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն ստանալ, ինչը երազանք չէ․ պարզապես պետք է ջանասիրաբար աշխատել։
Առաջիկայում մագիստրոսական ծրագրի գործընկերներից մեկը կդառնա ՀՀ կենտրոնական բանկը։ ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը փաստեց, որ կրթական ծրագիրը համապատասխանում է շուկայի պահանջներին։
«Այս կրթական ծրագիրը տարբերվում է նրանով, որ ուսումնական ծրագիրը համապատասխանեցված է Սան Խոսեի համալսարանի կրթական չափորոշիչներին։ Մենք կարևորում ենք այն հանգամանքը, որ Երևանի պետական համալսարանը, բաց լինելով նորարարությունների առջև, միջազգային գործակցության շրջանակում իրագործում է այս մագիստրոսական ծրագիրը: Կարծում ենք, որ ծրագիրն ունի խոստումնալից ապագա և կարող է օրինակելի դառնալ մյուսների համար»,- ասաց Ա․ Նուրբեկյանը։
«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ղեկավար Ռուբեն Գևորգյանը, ներկայացնելով ծրագրի անցած ուղին, նշեց․ «Ի սկզբանե մեր նպատակն է եղել ստեղծել որակ, որն էլ հիմք կդառնա քանակական հաջողությունների համար»:
Ռ․ Գևորգյանն ընդգծեց, որ ոչ միայն ԵՊՀ մագիստրոսական ծրագրի առարկայացանկն է համապատասխանում Սան Խոսեի պետական համալսարանի «Տվյալների անալիտիկա» մագիստրոսական ծրագրի առարկաներին, այլև փորձում են ունենալ ուսուցման նույն մոդելը և նույն որակը, ինչի վկայությունն է այն, որ այս տարի առաջին անգամ Սան Խոսեի պետական համալսարանը ճանաչել է ԵՊՀ կրեդիտները, և մագիստրոսական ծրագրի ուսանող Մարիա Հովհաննիսյանը կրթությունը շարունակել է ԱՄՆ-ում:
Մարիա Հովհաննիսյանը, անդրադառնալով մինչ մեկնելն ունեցած վախերին, նշեց. «Բոլոր վախերն անցան մեկ շաբաթ անց, երբ հասկացա, որ իմ գիտելիքները ավելի քան բավարար են այնտեղ փայլուն արդյունքներ գրանցելու համար։ Եվ այս տարի արդեն ունեմ ավելի մեծ նպատակներ, քան վեց ամիս առաջ։ Իմ մեծագույն նպատակներից է այն, որ թեկուզ մի փոքր կարողանամ օգնել մեր ապագա ուսանողներին Սան Խոսեի համալսարան ընդունվելու և հետագա գործընթացն ավելի սահուն դարձնելու հարցում»,- նշեց Մարիան։
Նշենք, որ Մարիա Հովհաննիսյանը կստանա կրկնակի դիպլոմ:
Հավելենք, որ մագիստրոսական այս ծրագրի մեկնարկից ի վեր «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) Հայաստանում «PMI Science» գիտահետազոտական կենտրոնի աջակցությամբ ֆինանսավորում է տրամադրել 83 ուսանողների։
«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ այստեղ։