Сентября 12, 2023 | 16:48
«Современная физика и релятивистская теория гравитации компактных звезд - 2023». Международная научная конференция в ЕГУ
Международная пятидневная конференция, стартовавшая в зале Института физики ЕГУ, посвящена 110-летию со дня рождения выдающегося деятеля науки, физика-теоретика, астронома, академика Гургена Саакяна.
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի Գ․ Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի կազմակերպած «Կոմպակտ աստղերի արդի ֆիզիկա և ռելատիվիստական գրավիտացիա» խորագրով գիտաժողովի նպատակն է համախմբել կոմպակտ աստղերի ֆիզիկայի, գերխիտ նյութի ֆիզիկայի, պուլսարների և կրկնակի նեյտրոնային աստղերի դիտումների, գրավիտացիայի, տիեզերագիտության և հարակից ոլորտներով հետաքրքրված գիտնականներին՝ քննարկելու ոլորտին առնչվող արդի հարցեր:
Արդեն յոթերորդ անգամ անցկացվող գիտաժողովը կազմակերպվում է 2008 թվականից, որին մասնակցում են աշխարհի հեղինակավոր գիտնականներ։ Այս տարի գիտաժողովին մասնակցում են մոտ հիսուն գիտնականներ, այդ թվում՝ Իրանից, Լեհաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իսրայելից և այլ երկրներից։
Սեպտեմբերի 12-16-ն անցկացվող գիտաժողովի բացմանը ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց ընտրված թեմայի արդիականությունը և փաստեց, որ այն համալսարանում զարգացող կարևորագույն ուղղություններից է։ Նրա խոսքով՝ օրեցօր զարգացող աշխարհում նմանօրինակ գիտաժողովները կարևորագույն նշանակություն ունեն ոլորտի արդի հարցերը քննարկելու համար։
Մեզ հետ զրույցում ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆ․մ․գ․դ․, պրոֆեսոր Արամ Սահարյանը նշեց՝ գիտաժողովը լավագույն հնարավորություններից է գերխիտ աստղերի և ռելատիվիստական գրավիտացիայի ոլորտներն ուսումնասիրելու և օտարերկրյա գիտնականների հետ նոր կապեր ամրապնդելու առումով:
«Հայաստանն այս բնագավառում միջազգային մասշտաբով առաջատարներից է, իսկ Երևանի պետական համալսարանը տեսական աստղաֆիզիկայի ոլորտում գրանցած հաջողություններով՝ հանրապետության կենտրոնական բուհը։ Գիտաժողովը լավ հնարավորություն է ոչ միայն հայ գիտնականների և երիտասարդ հետազոտողների, այլև արտասահմանցի գիտնականների համար՝ ծանոթանալու մեր երկրում գրանցվող գիտական ձեռքբերումներին»,- փաստեց Ա․ Սահարյանը։
Գիտաժողովի համակազմակերպիչ, ֆ․մ․գ․դ․, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Արմեն Սեդրակյանը շեշտեց, որ գիտաժողովին զեկուցվող հոդվածները հետագայում տպագրվելու են բարձր ազդեցության գործակից ունեցող «Particles» միջազգային ամսագրում, ինչը նաև կնպաստի միջազգային գիտական ասպարեզում հոդվածներին տրվող հղումների բարձր ցուցանիշին։
«Օտարերկրյա գիտնականների հետ սերտ շփումը միաժամանակ հիմք է դառնում հասկանալու և վերլուծելու գիտության զարգացմանն ուղղված աշխատանքների արդյունավետությունը և նպաստելու գիտելիքահենք Հայաստանի զարգացմանը»,- ընդգծեց Ա․ Սեդրակյանը։
Գիտաժողովի կազմկոմիտեի անդամ, ԵՊՀ Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ, ֆ․մ․գ․թ․ Տիգրան Պետրոսյանն արդեն երրորդ տարին է, ինչ այս գիտաժողովի շրջանակում ներկայացնում է բանավոր զեկույց։
«Վերջին տարիներին տիեզերագիտությունը և աստղաֆիզիկան էական վերելք են ապրել։ Դա արդեն իսկ նկատելի է այն փաստից, որ ֆիզիկայի ոլորտի մի շարք Նոբելյան մրցանակներ շնորհվում են հենց տիեզերագիտության և աստղաֆիզիկայի ոլորտներում կատարված խոշոր հայտնագործությունների համար, ինչպես օրինակ, գրավիտացիոն ալիքների գրանցման, Տիեզերքի արագացմամբ ընդարձակման և մեր գալակտիկայի կենտրոնում գերծանր կոմպակտ օբյեկտի հայտնագործման համար»,- մեզ հետ զրույցում շեշտեց Տ. Պետրոսյանը։
Նշենք, որ գիտաժողովի շրջանակում մասնակիցները նաև այցելելու են Հայաստանի պատմամշակութային վայրեր։