Сентября 11, 2023 | 17:01
Наука
Образование
Исследовательская работа
Студенты ЕГУ–участники летней школы, прошедшей в Греции
«Շրջանաձև կենսատնտեսություն և կայուն զարգացում» խորագրով միջազգային ամենամյա դպրոցն իր շուրջն էր համախմբել աշխարհի 22 երկրներից ավելի քան 50 մասնակիցների, որոնց թվում էին Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի 2 ուսանող և մեկ ասպիրանտ:
Արդեն 5 տարի շարունակ անցկացվող ամառային դպրոցն այս տարի կայացել է հուլիսի 24-ից 28-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում։
Դպրոցի նպատակն է շրջանաձև կենսատնտեսության զարգացմամբ հետաքրքրված ուսանողներին, դասախոսներին, ինչպես նաև փոքր ու միջին ձեռնարկատերերին համախմբել ու ստեղծել փորձի փոխանակման հնարավորություն:
ԵՊՀ ասպիրանտ Սոնա Նիկոլյանը պատմում է, որ համալսարանի դասախոսները մշտապես հորդորում են դիմել այսօրինակ ծրագրերի:
Մատնանշելով ծրագրի առավելությունները՝ նա ասում է․ «Ի տարբերություն այլ երկրներից դիմողների, որոնք աշխարհագրական առումով ավելի մոտ են Հունաստանին, մեզ տրամադրեցին կրթաթոշակ, որով էլ կարողացանք հոգալ ճանապարհածախսն ու կեցության հետ կապված ծախսերը»։
«Այն վայրը, որտեղ անցկացվել է ամառային դպրոցը, կարծես փոքր ֆերմա լիներ, որտեղ ամեն ինչ կար։ Կենսաշրջանաձև տնտեսությունների հիմքը ամբողջությամբ այնտեղ նկարագրված էր։ Մենք ականատես եղանք օրինակ՝ կեղտաջրերի մաքրման և գոմաղբի վերամշակման գործընթացին»,- ոգևորությամբ հիշում է Սոնան։
Մյուս մասնակիցը՝ Րաֆֆի Շահմուրադյանը, որը սովորում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսում, մեզ հետ զրույցում խոսեց դպրոցի կարևորության մասին։
«Ամառային դպրոցի շրջանակում ծանոթացանք մի շարք նորարարությունների, որոնք օգտագործվում են էկոլոգիապես անվտանգ տնտեսություն կառուցելու համար, ինչպես նաև գործակցային կապեր հաստատեցինք հարակից ոլորտների տարբեր մասնագետների հետ»,- պատմում է նա։
Դպրոցի մասնակիցները նաև ունկնդրել են տարբեր թեմաներով դասախոսություններ, որոնց թվում՝ կենսատնտեսության նախապատմություն ու պատմություն, մրցակցության կարևորություն, նորարարություն և արդյունաբերությունների ինտեգրում, շրջանաձև գյուղատնտեսություն, միջերկրածովյան մնացորդներ, անտառային ու գյուղատնտեսական թափոնների արժևորում և այլն։
Մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Մանե Թադևոսյանն առաջին անգամ էր մասնակցում նման ծրագրի։ Նա պատմում է, որ դպրոցում, դասախոսություններից բացի, կազմակերպվել են նաև տարաբնույթ խաղեր, որոնք նպատակ են ունեցել ստուգելու, թե որքանով են մասնակիցները թեման յուրացրել։
«Դպրոցում հնարավորություն ունեցանք տեսնելու այն ամենը, ինչը տեսականորեն ուսումնասիրել էինք համալսարանում, օրինակ՝ վերմիկոմպոստը, որը անձրևաորդերի միջոցով բերքատվության բարձրացումն է։ Գաղտնիք չէ, որ անձրևաորդերը Կարմիր գրքում են գրանցված, իսկ միջազգային դպրոցի մասնագետներն այս կենդանիներին բազմանալու և միաժամանակ՝ հողը պարարտացնելու հնարավորություն էին տալիս»,- ասում է նա։
Ամառային դպրոցում անցկացրած 5 օրերի ընթացքում ԵՊՀ ներկայացուցիչները ոչ միայն կատարելագործել են համալսարանում ստացած գիտելիքները, այլև ձեռք են բերել նոր ընկերներ և հնարավորություն ունեցել ծանոթանալու Հունաստանի մշակույթին։
«Դպրոցը մեզ շատ բան տվեց՝ գիտելիքից մինչև նոր հնարավորություններ։ Հետաքրքրիր էին նաև կրթական խաղերը, որոնք մշակվել էին հենց դպրոցում։ Թեև դրանք թիմային էին, այնուամենայնիվ, մասնակիցներից յուրաքանչյուրը բոլոր խմբերով շրջելու և մյուսների հետ շփվելու հնարավորություն ուներ»,- պատմում է Մանեն։
Չնայած, որ աշխատանքային լեզուն անգլերենն է եղել, նրանք հաղորդակցվելու, մասնագիտական տերմինները հասկանալու որևէ դժվարություն չեն ունեցել, քանի որ համալսարանում սովորելու տարիներին մասնագիտական նյութը յուրացրել են նաև օտար լեզվով։
Ուսանողները հնարավորություն են ունեցել ԵՊՀ-ում ստացած գիտելիքները կիրառելու ամառային դպրոցի ողջ ընթացքում։
«Դպրոցն անչափ արդյունավետ էր․ ոչ միայն հաջողությամբ կիրառել ենք ԵՊՀ-ում ստացած բազային գիտելիքները, այլև կարողացել ենք ընկալել ուսումնասիրվող թեմաներն ամենայն խորությամբ»,- նշում է Մանեն։
ԵՊՀ ուսանողներ Մանեն և Սոնան, սովորելուն զուգահեռ, աշխատում են համալսարանի գիտական լաբորատորիայում, իսկ «Շրջանաձև կենսատնտեսություն և կայուն զարգացում» միջազգային դպրոցում ստացած գիտելիքներն արդեն կիրառում են իրենց ամենօրյա աշխատանքում։
Նշենք, որ ԵՊՀ-ն, համագործակցելով աշխարհի բազմաթիվ կրթագիտական կենտրոնների հետ, մշտապես հնարավորություն է ստեղծում իր ուսանողների համար, տարբեր ծրագրերի շրջանակում զարգացնելու համալսարանում ստացած տեսագործնական գիտելիքները և ձեռք բերելու նոր հմտություններ։