Октября 06, 2023 | 17:05
Образовательные программы
Образование
4 образовательные программы ЕГУ впервые представлены к международной аккредитации
Экспертная группа, сформированная немецким агентством ASIIN, посетила ЕГУ в рамках международной аккредитации образовательных программ бакалавриата и магистратуры, в частности, программы бакалавриата «Биохимия и биотехнология», программы магистратуры «Общая и медицинская биохимия» факультета биологии ЕГУ, а также программы «Фармация» Института фармации ЕГУ.
Փորձագետների այցի նպատակն էր տեղում ծանոթանալ կրթական ծրագրերին, կրթական միջավայրին, տեխնիկական հագեցվածությանը, հանդիպել շահակից տարբեր խմբերի հետ (դասախոսներ, ուսանողներ, շրջանավարտներ, գործատուներ, վարչական աշխատողներ և այլն), այցելել Կենսաբանության ֆակուլտետի և Ֆարմացիայի ինստիտուտի լաբորատորիաներ և այլն:
Հավատարմագրվող կրթական ծրագրերն ընտրվել են՝ հաշվի առնելով այդ ուղղությունների արդիականությունը, յուրատիպությունը, աշխատաշուկայում պահանջված լինելը, մարդկային և նյութատեխնիկական ռեսուրսների համապատասխանությունը հավատարմագրման միջազգային չափանիշներին և այլն:
ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ ՀՀ բարձրագույն կրթության համակարգի և ԵՊՀ-ի համար կարևոր է միջազգայնորեն հավատարմագրված կրթական ծրագրեր ունենալը, ինչը բուհին և ընտրված կրթական ծրագրերին տալիս է բազում առավելություններ:
«Միջազգային հավատարմագրումը կնպաստի ԵՊՀ միջազգայնացմանը, կբարձրացնի համալսարանի, ընդգրկված կրթական ստորաբաժանումների և դրանց կրթական ծրագրի վարկանիշը՝ վերջիններս դարձնելով առավել գրավիչ հայ և արտասահմանցի դիմորդների համար, կբարձրացնի շրջանավարտների՝ աշխատանքի անցնելու հնարավորությունները ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտասահմանում, ինչպես նաև կխթանի ուսանողների և դասախոսների միջազգային շարժունությունը: Միջազգային հավատարմագրում ունեցող կրթական ծրագրի շրջանավարտի դիպլոմում նշվում է այդ փաստը, ինչը տեղական և միջազգային աշխատաշուկայում նոր հորիզոններ է բացում շրջանավարտի համար»,- նշեց Ա. Բուդաղյանը:
Միջազգային հավատարմագրումը երկարատև և բարդ գործընթաց է, որը ԵՊՀ-ն նախաձեռնել է դեռևս 1,5 տարի առաջ: Նախ՝ ԵՊՀ-ում կատարվել են այդ 4 կրթական ծրագրերի ինքնագնահատում և ինքնավերլուծություն, կազմվել է զեկույց՝ համապատասխան հիմնավորումներով, փաստարկներով և վկայություններով, որը ներկայացվել է միջազգայնորեն ճանաչված ASIIN գործակալությանը: Զեկույցին ծանոթանալուց հետո փորձագետները այցելել են ԵՊՀ՝ տեղում իրադրությունը գնահատելու նպատակով: Հավատարմագրման գործընթացի հաջորդ փուլում փորձագիտական խումբը գրավոր ներկայացնելու է այցից ստացած տպավորությունները, դիտարկումներն ու խորհրդատվությունը, իսկ դեկտեմբերին տալու է փորձագիտական վերջնական գնահատականը կրթական 4 ծրագրերի հավատարմագրման վերաբերյալ: Դրական արդյունքի պարագայում ժամանակ է տրվելու ծրագրերի լավարկման համար, այնուհետև անցկացվելու է 2-րդ գնահատումը, որից հետո արդեն գործակալության հավատարմագրման խորհուրդը տալու է վերջնական եզրակացություն:
Արմեն Բուդաղյանը, անդրադառնալով միջազգային փորձագիտական խմբի այցելության կարևորությանը, ընդգծեց. «Մեզ համար չափազանց կարևոր է ոչ միայն հավատարմագրում ստանալը, այլև ոլորտի առաջատար մասնագետների խորհրդատվությունը, ինչի շնորհիվ կունենանք կրթական ծրագրերի բովանդակային և տեխնիկական լավարկում՝ էլ ավելի համապատասխանեցնելով միջազգային նորմերին»:
Փորձագիտական խմբի անդամ, Հայդելբերգի համալսարանի (Գերմանիա) դոկտոր, պրոֆեսոր Գերթ Ֆրիքերը շեշտեց. «Մենք ծանոթացանք բուհի կրթական առանձնահատկություններին և շատ տպավորված ենք հավատարմագրման ներկայացված կրթական ծրագրերի բովանդակությամբ և տեխնիկական հագեցվածությամբ, որոնք համապատասխանում են բարձր չափանիշների»:
Փորձագիտական խմբի մեկ այլ անդամ, Մարբուրգի համալսարանի (Գերմանիա) դոկտոր, պրոֆեսոր Մորից Բյուներմանը հավելեց. «Լաբորատորիաները հագեցած են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, որոշներն անգամ գերազանցում են միջազգային չափանիշները, սակայն, այնուամենայնիվ, կա կատարելագործման անհրաժեշտություն, ինչի վերաբերյալ մանրամասները գրավոր կներկայացնենք մեր հայ գործընկերներին»:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կ.գ.դ., դոցենտ Աննա Փոլադյանը և ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի վարիչ, ք.գ.թ., դոցենտ Հայարփի Սիմոնյանը փաստեցին, որ իրենց կրթական ստորաբաժանումների համար մեծ ձեռքբերում կլինի իրենց կրթական ծրագրերի համար միջազգային հավատարմագրում ստանալը, ինչը կդառնա օրինակելի և վարակիչ համալսարանի մյուս կրթական ստորաբաժանումների համար:
Միջազգային հավատարմագրման ներկայացված կրթական ծրագրերի ուսանողները նշեցին, որ հավատարմագրումը շատ սպասված ու ցանկալի է նաև իրենց համար, քանզի այն տեղական և միջազգային հարթակներում կբացի կրթական և կարիերայի նոր հնարավորություններ ոչ միայն իրենց, այլև կրթական ծրագրերի ապագա ուսանողների համար: