Октября 18, 2023 | 20:51
Наука
Образование
Международное сотрудничество
Подписан меморандум о сотрудничестве между ЕГУ и Фондом «FAST»
ԵՊՀ ISTC ինովացիոն կենտրոնի դահլիճում «ADVANCE» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) համագործակցության հուշագիր ստորագրեց ԵՊՀ-ի, ինչպես նաև 5 բուհերի ու գիտահետազոտական ինստիտուտների հետ:
Դրամաշնորհային ծրագրի նպատակը հայաստանյան և միջազգային գիտական համայնքների միջև կապերի ամրապնդումն ու միջազգային մրցունակ հետազոտություններում հայ գիտնականների ներգրավումն է արտասահմանյան գիտական ղեկավարների մասնակցությամբ։
ԵՊՀ-ն «ADVANCE» հետազոտական ծրագրի առաջին գործընկեր բուհն է, որը նաև հանդես է գալիս որպես նախագծերի համաֆինանսավորող։ 2020 թ. գործարկված դրամաշնորհային ծրագրի շրջանակում համատեղ իրականացվող չորս նախագծերից երկուսին ԵՊՀ-ն հատկացրել է հիսուն տոկոսի չափով ֆինանսավորում։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ընդգծելով բուհ-հիմնադրամ համագործակցության կարևորությունը, նշեց․ «Մեքենայական ուսուցման ու կենսատեխնոլոգիաների ոլորտներում իրականացվող նախագծերը նոր հնարավորություններ են ստեղծում մեր գիտնականների համար՝ ապահովելով նորարարական ու միջազգայնորեն մրցունակ հետազոտություններ կատարելու և նոր արդյունքներ գրանցելու ոգեշնչող միջավայր: Բուհերի և տարբեր կազմակերպությունների միջև սերտ համագործակցությունը խթանում է մեր երկրում կրթության ու գիտության զարգացումը»:
ԵՊՀ գիտական հարցերով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համալսարանից հետազոտական խմբերում ընդգրկված են ուսանողներ, մագիստրոսներ, ասպիրանտներ և գիտաշխատողներ։ Անդրադառնալով այսօրինակ ծրագրերին՝ պրոռեկտորը փաստեց՝ ծրագիրն առանձնահատուկ է նրանով, որ հետազոտական մեկ նախագծի շուրջ միավորում է հարակից գիտական ճյուղերի մասնագետներին։
Ընդգծելով դրամաշնորհային ծրագրի կրթական նշանակությունը՝ «FAST»-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանն ընդգծեց. «Գիտական առաջընթացի համար մենք պետք է շարունակաբար կատարելագործվենք և բաց լինենք նորարարությունների առջև: Ահա թե ինչու է «ADVANCE» դրամաշնորհային ծրագիրն այդքան կարևոր․ այն առաջատար մեխանիզմ է, որը կարող է նպաստել գիտության ոլորտում աննախադեպ հաջողություններ գրանցելուն»:
Դրամաշնորհի շրջանակում 60 հայ և օտարերկրյա հետազոտողներից ձևավորվել են հետազոտական 9 խմբեր, որոնցից յուրաքանչյուրն աշխատում է հետազոտական մեկ նախագծի շուրջ։ Հետազոտական նախագծերն ընդգրկում են հետևյալ ուղղությունները՝ կենսատեխնոլոգիաներ, մեքենայական ուսուցում, համակարգչային տեսողություն, նյութագիտություն, կենսաինֆորմատիկա, դեղերի հայտնագործում, տվյալագիտություն, ռադիոկենսաբանություն և մաթեմատիկական վերլուծություն:
Համագործակցության հուշագրերի ստորագրումից հետո հետազոտական 9 խմբերը ներկայացրին իրենց կատարած աշխատանքները:
«Նորարարական կենսաբանական տեխնոլոգիաների մշակումը շրջանաձև տնտեսությունը խթանելու գործում» թեմայով հետազոտական նախագծի ավագ հետազոտողն է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Աննա Փոլադյանը։
Ներկայացնելով իրենց նախագիծը՝ Ա. Փոլադյանն ասաց, որ հետազոտությունը նվիրված է շրջանաձև կենսատնտեսությանը, որի շրջանակում նախատեսվում է արտադրական թափոններն օգտագործել օգտակար նյութեր ստանալու համար։
«Հետազոտության շրջանակում համագործակցում ենք Հայաստանում գինու և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող խոշոր գործարանների հետ։ Վերցնում ենք արտադրական թափոնները, մշակում և ստանում արժեքավոր այնպիսի մանրէներ ու ֆերմենտներ, որոնք կարելի է կիրառել, օրինակ, կենսապլաստիկի քայքայման մեջ։ Հետազոտության արդյունքում օրգանական թափոնները կդառնան էժան հումք մանրէային արտադրության համար»,- շեշտեց Ա․ Փոլադյանը։
Միջոցառմանը զեկույցով հանդես եկավ նաև ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի պինդ մարմնի ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ Արամ Մանուկյանը: Վերջինիս հետազոտության առարկան ֆունկցիոնալ նանոնյութերի սինթեզումն է՝ ուղղված չարորակ ուռուցքների ոչնչացմանը։
«Հետազոտությունը սկսել ենք ընթացիկ տարում և արդեն ունենք հրապարակված գիտական երկու հոդված, սակայն հետազոտության գլխավոր նպատակը արհեստական պայմաններում աճեցրած ուռուցքի վրա փորձեր կատարելն է, ինչը նախատեսում ենք սկսել գալիք տարում»,- ընդգծեց Արամ Մանուկյանը։
Հավելենք, որ բարձրագույն ուսումնական և գիտահետազոտական հաստատությունների ու «FAST» հիմնադրամի միջև համագործակցության համաձայնագրերի ստորագրման պաշտոնական արարողությանը ներկա էին նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արամ Հաջյանը, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը, ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Պավել Մուժիկյանը, ՀՀ ԳԱԱ Լ․ Ա․ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի իմունոլոգիայի և հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիայի ղեկավար Զարուհի Կարաբեկյանը, Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտի տնօրեն Լիլիթ Ներսիսյանը և այլք։