Ноября 07, 2023 | 15:22
Наука
Международное сотрудничество
Мероприятия
В рамках армяно-казахского научно-образовательного сотрудничества издана новая книга
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում անցկացվեց «Ղազախական ժողովրդական հեքիաթներ» գրքի շնորհանդեսը։ Այն հրատարակվել է ԵՊՀ-ի, Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանության և Հայաստանի գրողների միության համագործակցության արդյունքում։
![](/sites/default/files/styles/large_slide/public/2023-11/02_2.jpg?h=8b1a521b&itok=ftD318YX)
Ժողովածուն առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացնում ղազախական՝ հրաշապատում, կենդանիների մասին, երգիծական ու կենցաղային հեքիաթների ողջ աստղաբույլը։ Գիրքն ունի ծավալուն առաջաբան (հայերեն և ղազախերեն), ինչպես նաև մանրամասն ծանոթագրություններ։ Գիրքը հրատարակության են երաշխավորել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի և հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտական խորհուրդները։ Հեքիաթները թարգմանել են ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը, բանաստեղծ, թարգմանիչներ Վարուժան Խաստուրը և Արման Սաֆարյանը։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-11/rektor_1.jpg?itok=YkuP8ciL)
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, իր ելույթում անդրադառնալով հայ-ղազախական գիտակրթական համագործակցությանը, նշեց, որ համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հենքի վրա գործող Աբայի անվան ղազախերենի, Ղազախստանի պատմության ու մշակույթի կենտրոնը դարձել է այդ գործակցությունն ամրապնդող կամուրջ։ Ֆակուլտետի արևելագետների աշխատանքները բարձր են գնահատել Ղազախստանի քաղաքական ղեկավարությունն ու գիտական հանրույթը։ Նա հույս հայտնեց, որ համագործակցությունը կշարունակվի, և համատեղ ջանքերի արդյունքում կիրականացվեն նոր ծրագրեր։
Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը բարձր գնահատեց ԵՊՀ-ի դերը հայ և ղազախ ժողովուրդների բարեկամության ամրապնդման, մասնավորապես՝ հումանիտար-մշակութային կապերի հետագա զարգացման գործում։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-11/despan.jpg?itok=6TbLNF2q)
Ներկայացվող հեքիաթների ժողովածուն ԵՊՀ-ի և ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության համագործակցության արդյունքում լույս տեսած 4-րդ հիմնարար հրատարակությունն է։
«Ավելի վաղ լույս են ընծայվել ղազախական գրականության անթոլոգիան, խորհրդային շրջանի ղազախ գրականության դասական Մուհթար Աուեզովի «Աբայի ուղին» վեպ-էպոպեայի երկրորդ լրամշակված հրատարակությունը և Աբայի «Սև խոսքերի» հայերեն առաջին թարգմանությունը՝ մանրամասն ծանոթագրություններով, հայերեն, ղազախերեն և ռուսերեն առաջաբանով։ Վերոհիշյալ բոլոր հրատարակությունները բարձր են գնահատել ղազախ գործընկերներն ու գրչեղբայրները»,- նշեց ժողովածուի կազմող, խմբագիր, առաջաբանի հեղինակ և ծանոթագրությունների համահեղինակ Ալեքսանդր Սաֆարյանը՝ վստահեցնելով, որ համագործակցությունը ղազախ գիտնականների, դասախոսների ու գրողների հետ շարունակվելու է։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-11/safaryan.jpg?itok=6MVQwMSq)
Շնորհանդեսին ելույթներով հանդես եկան նաև Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Մայրանուշ Գրիգորյանը և Վարուժան Խաստուրը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ողջույնի ուղերձը հրապարակեց ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչության պետ Տիգրան Սամվելյանը։
Շնորհանդեսին ներկա էին նաև ՀՀ-ում Թուրքմենստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, բարձրաստիճան այլ դիվանագետներ, ՀՀ գիտության, կրթության և արվեստի գործիչներ, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, լրագրողներ, ուսանողներ։
Հավելենք, որ ԵՊՀ-ն ավելի քան մեկ տասնամյակ սերտ համագործակցում է Աստանայի Լ․Ն․Գումիլյովի անվան և ղազախստանյան մյուս առաջատար համալսարանների, ակադեմիական ինստիտուտների հետ։ Շուրջ մեկ տասնամյակ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի հենքի վրա հաջողությամբ գործում է Աբայի անվան ղազախերենի, Ղազախստանի պատմության ու մշակույթի կենտրոնը, որը նմանօրինակ առաջին կառույցն է եղել ԱՊՀ-ում։
Видео