Октября 30, 2023 | 13:01
Образование
Общество
Русский центр ЕГУ – точка пересечения образования, науки и культуры
ԵՊՀ ռուսական կենտրոնի 15-ամյա գործունեության ուղղությունների, առանձնահատկությունների և համագործակցությունների մասին պատմել է կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանը:
Կենտրոնի մասին
Ռուսական կենտրոնը բացվել է 2008 թ.՝ համաձայն ԵՊՀ-ի և «Ռուսկիյ միր» հիմնադրամի միջև կնքված պայմանագրի, և դարձել է ռուսական առաջին կենտրոնը ՌԴ սահմաններից դուրս: Թեև կենտրոնը գտնվում է համալսարանում, այն ունի հանրապետական նշանակություն և համագործակցում է Երևանի ու ՀՀ մարզերի տարբեր ուսումնական հաստատությունների և կառույցների հետ:
Ռուսական կենտրոնն ունի հարուստ գրադարան՝ (նոր հրատարակությունների՝ 2000-ից ավելի միավոր գրականություն, որը պարբերաբար թարմացվում է), ինչպես նաև ֆիլմադարան և տեսադարան, որոնք ժամանակակից աշխարհում տեղեկատվության այլընտրանքային և արդյունավետ միջոցներ են:
Գործունեության 15 տարիների ընթացքում կենտրոնն ընդունել է 140.000-ից ավելի այցելուների՝ նախադպրոցական տարիքի երեխաների, դպրոցականների, ուսանողների և առհասարակ Ռուսաստանի պատմությամբ, մշակույթով, գրականությամբ և ռուսաց լեզվով հետաքրքրվողների համար կազմակերպված տարաբնույթ անվճար միջոցառումների շրջանակում:
Կենտրոնի գործունեության ուղղությունները
Նախադպրոցական տարիքի երեխաների համար կենտրոնն անցկացնում է ռուսաց լեզվի ամառային անվճար դասընթացներ, իսկ ամբողջ տարվա ընթացքում ռուսական մշակույթին ծանոթացնելու և ռուսերենի իմացության մակարդակը բարձրացնելու նպատակով հյուրընկալում ենք երեխաներին՝ կազմակերպելով ռուսաց լեզվով հեքիաթների ընթերցումներ, դիտումներ և քննարկումներ, ինչպես նաև խաղային միջոցառումներ:
Դպրոցականները կենտրոնում մասնակցում են դասական գրողների ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերի դիտումների, քննարկումների, ինչպես նաև Ռուսաստանի տեսարժան վայրեր և թանգարաններ վիրտուալ այցելությունների, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում աշակերտների մոտ՝ ոչ միայն բարձրացնելով ռուսական մշակույթի ճանաչողության մակարդակը, այլև ձևավորելով բարձր ճաշակ: Դպրոցականների այցելությունների շրջանակում նաև ծանոթացնում ենք բուհին, կազմակերպում այցելություն ԵՊՀ պատմության թանգարան, ինչը հետագայում նպաստում է նրանց մասնագիտական կողմնորոշմանը: Այդ մասին են վկայում մեր ծրագրերին մասնակցած և հետագայում Երևանի պետական համալսարան ու ԵՊՀ ՍԹԵՄ դպրոց ընդունված աշակերտները:
ԵՊՀ-ի և ՀՀ տարբեր բուհերի հետ համագործակցությամբ ուսանողների համար պարբերաբար անցկացվում են մշակութային, գրական և պոեզիայի երեկոներ ու քննարկումներ, ներբուհական և միջբուհական մրցույթներ, որոնք ամրապնդում են տարբեր բուհերի ուսանողների միջև կապը և խթանում ռուսերենի իմացության մակարդակի բարձրացումը:
Կենտրոնի ծառայություններից օգտվում են ոչ միայն նշված թիրախային խմբերը, այլև բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Ռուսաստանի պատմությունը, մշակույթը և ձեռք բերել ռուսերենով ազատ հաղորդակցվելու հմտություններ: ԵՊՀ ռուսական կենտրոնի այցելուներն անվճար օգտվում են կենտրոնի գրքերից, պարբերականներից, հանրագիտարաններից, տեղեկագրերից, ինչպես նաև մասնակցում են ռուսերենի իմացությունը խորացնելու նպատակով պարբերաբար կազմակերպվող հանդիպումներին:
Կենտրոնի հիմնադրման 15-ամյակին նվիրված գիտաժողովի մասին
Մենք ակտիվորեն համագործակցում ենք ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, ֆակուլտետի ուսանողական խորհրդի և այլ կառույցների հետ՝ կազմակերպելով տարաբնույթ միջոցառումներ, օլիմպիադաներ և գիտաժողովներ, որոնցից մեկն էլ կենտրոնի 15-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովն էր: «Ռուսերենը Հայաստանում. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով երկօրյա գիտաժողովի նպատակն էր ընդլայնել շփումները Հայաստանի, մերձավոր և հեռավոր արտասահմանյան երկրների առաջատար ռուսագետների միջև: Գիտագործնական գիտաժողովին առցանց և անցանց ձևաչափերով մասնակցել են ավելի քան 100 մասնագետներ ինչպես ՀՀ տարբեր բուհերից (Երևանի պետական համալսարան, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան, Հայ-ռուսական համալսարան, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան), այնպես էլ աշխարհի 11 երկրների առաջատար համալսարաններից, այդ թվում՝ Ռուսաստանից, Գերմանիայից, Լեհաստանից, Բուլղարիայից, Չինաստանից, Սլովենիայից, Սլովակիայից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Վրաստանից: Գիտաժողովին մասնակցել են նաև դպրոցների ուսուցիչներ՝ հանդես գալով զեկույցներով կամ ներգրավվելով որպես ունկնդիրներ, ինչը շատ կարևոր էր, քանի որ հենց դպրոցում է ձևավորվում ռուսերենի՝ որպես օտար լեզվի իմացությունը: Գիտաժողովի երկու օրերի ընթացքում տեղի ունեցան մասնագիտական արդյունավետ քննարկումներ, որոնք կնպաստեն ռուսերենի դասավանդման գործընթացի բարելավմանը:
Կատարած աշխատանքի արժևորումը
ԵՊՀ ղեկավարությունը միշտ բարձր է գնահատել Ռուսական կենտրոնի գործունեությունը: «Ռուսկիյ միր» հիմնադրամն ամեն տարվա նոյեմբերին կազմակերպում է հիմնադրամի գագաթնաժողով, որին մասնակցում են տարբեր երկրների հասարակական և քաղաքական գործիչներ, ռուսական կենտրոնների ներկայացուցիչներ և ռուսագետներ: Որպես ՀՀ-ում ռուսական կենտրոնի տնօրեն՝ այս տարի կայացած գագաթնաժողովին «Ակտիվ աշխատանքի համար» պարգևատրվել եմ հիմնադրամի շքանշանով, ինչպես նաև 2019 թ. ստացել եմ ՌԴ պետական պարգև՝ Պուշկինի մեդալ: Բոլոր պարգևներն ու շնորհակալագրերն ինձ համար անչափ հաճելի և միաժամանակ պարտավորեցնող են՝ կենտրոնի գործունեությունն ընդլայնելու և նոր գաղափարներ ու ծրագրեր կյանքի կոչելու առումներով: