Ноября 16, 2023 | 16:15
Наука
Образование
Международное сотрудничество
Научное сотрудничество с профессором Берлинского технического университета
ԵՊՀ ներքին դրամաշնորհի շրջանակում Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնում «H2-փոխակերպող կենսակատալիզատորները և դրանց կենսատեխնոլոգիական ներուժը» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ հրավիրյալ դասախոս, Բեռլինի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Օլիվեր Լենցը:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնն Օլիվեր Լենցի հետ համագործակցում է 2017 թվականից: Այդ ընթացքում համատեղ իրագործվել են կարևոր նշանակություն ունեցող մի շարք գիտափորձեր (մանրէներում մոլեկուլային ջրածնի ձևափոխման ուղիներ), տպագրվել հոդվածներ, որոնք վերաբերում են գարեջրի արտադրության թափոններից մանրէային կենսազանգվածի ու մոլեկուլային ջրածին ձևափոխող ֆերմենտների ստացմանը։
Միջոցառման շրջանակում քննարկվեցին համատեղ կատարված ծրագրերը, նախանշվեցին անելիքները։
Դրամաշնորհային ծրագրի ղեկավար, ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, կ.գ.դ. Աննա Փոլադյանը, անդրադառնալով Օլիվեր Լենցի հետ համագործակցության շարունակականության կարևորությանը, նշեց, որ պրոֆեսորը երկրորդ անգամ է ԵՊՀ այցելում։
«Առաջիկայում նախատեսում ենք դիմել միջազգային դրամաշնորհային ծրագրերի, որոնք հնարավորություն կընձեռեն մեզ կատարելու կարևոր նշանակություն ունեցող գիտափորձեր։ Այդ ծրագրերն իրագործելու համար մեզ անհրաժեշտ է օտարերկրյա գործընկերոջ աջակցությունը։ Օլիվեր Լենցը մեծ պատրաստակամություն է ցուցաբերում գիտական նախագծերը համատեղ իրականացնելու գործում»,- ասաց Ա․ Փոլադյանը։
Ընդգծելով ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի հետ համատեղ կատարած գիտական աշխատանքի արդիականությունը՝ պրոֆեսորը շեշտեց․ «ԵՊՀ գիտական խմբի հետ համագործակցության շնորհիվ հնարավորություն է ընձեռվել երկուստեք նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու։ Կատարվող գիտական աշխատանքն ավելի արդյունավետ է համատեղ իրականացման դեպքում, ինչն էլ նպաստում է գիտության զարգացմանը»:
Նա հավելեց, որ օրգանական թափոնների մշակմանն ու դրանցից բարձրարժեք արտադրանքի ստացմանն ուղղված նախագիծը, որն այժմ գործարկման փուլում է, մշակվել է գիտական խմբի հետ քննարկման արդյունքում։
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում ներկայացրած զեկուցման շրջանակում Օլիվեր Լենցը խոսեց հիդրոգենազ ֆերմենտների կիրառման տարբեր ոլորտների և այդ ուղղությամբ կատարած գիտափորձերի արդյունքում ստացված տվյալների մասին։
Միջոցառմանը ներկա էին Կենսաբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, գիտաշխատողներ, բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր կուրսերի ուսանողներ։
Նշենք, որ 2022 թվականի դեկտեմբերին հայտարարված ԵՊՀ ներքին դրամաշնորհի շրջանակում ամրապնդվել են կապերը նաև Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանի հետ: Այս գործակցության արդյունքում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի «Կիրառական մանրէաբանություն», «Մանրէաբանություն և կենսատեխնոլոգիա» մագիստրոսական կրթական ծրագրերում ներդրվել է «Հիմնարար հետազոտությունից մինչև արդյունաբերություն. պրակտիկա և հեռանկարներ» դասընթացը։