Ноября 20, 2023 | 15:00
Наука
Партнеры
Международное сотрудничество
Историко-культурное наследие исторической Сюникской области Аревик (Мегри) и межкультурные связи с соседними странами составляют основу исследований ученых
Ս.թ. նոյեմբերի 17-18-ը Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում տեղի ունեցավ «Արևիք (Մեղրի). պատմամշակութային ժառանգություն և միջմշակութային կապեր» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցեցին գիտնականներ ու գիտաշխատողներ Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից և Բուլղարիայից:
Միջազգային գիտաժողովի 30 զեկուցումները նվիրված էին Սյունիքի պատմական Արևիք գավառի (ներկայիս Մեղրու ենթաշրջանի) պատմամշակութային ժառանգությանն ու հարևան երկրների հետ միջմշակութային կապերի զանազան հայեցակետերին։ Գիտաժողովի ընթացքում պատմական Արևիք գավառը դիտարկվեց նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության տեսանկյուններից:
Գիտաժողովի կազմակերպիչներն էին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը և Երևանի պետական համալսարանը, աջակիցներն ու գործընկերները՝ Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը (ՀՈՒՖՀՀ), «Երկիր և մշակոյթ» համազգային կազմակերպությունը (ԵՄԿ)։
Նոյեմբերի 17-ին գիտաժողովը բացեց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, որից հետո ողջույնի խոսքով հանդես եկան Սյունիքի փոխմարզպետ Հայկ Հարությունյանը և Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը։ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն իր ողջույնի խոսքից հետո անմիջապես անցավ թեմատիկ զեկուցմանը, որը վերաբերում էր Արևիք-Մեղրիի ունեցած դերին՝ Հայաստանի պատմամշակութային և աշխարհաքաղաքական հոլովույթում: Ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի զեկուցումը նվիրված էր Մեղրիի աշխարհաքաղաքական նշանակությանը՝ որպես Հայաստանի հարավային դարպաս։ Առաջին նիստում, որը վերաբերում էր Արևիքի պատմագիտությանն ու մշակութաբանությանը, ներկայացվեցին նաև աղբյուրագիտական-տեղանվանագիտական զեկուցումներ։
Երկրորդ նիստում, որը վերաբերում էր Արևիքի հնագիտությանն ու պատմագիտությանը, ներկայացվեցին գավառի ամրոցաշինությանը, ճարտարապետությանը, նոր շրջանում սահմանների ձևավորմանը և նշանավոր մեղրեցիներին նվիրված զեկուցումներ: Երրորդ նիստը գավառը դիտարկում էր արվեստաբանական և հուշարձանագիտական տեսանկյուններից, ներկայացված զեկուցումները քննում էին տարածաշրջանի եկեղեցիների հորինվածքը, նկարազարդումները, խաչքարային վիմագրությունները, հուշարձանների աղբյուրագիտական հիշատակումներն ու տեղադրությունը: Յուրաքանչյուր օրվա ամփոփումից հետո գիտաժողովի մասնակիցներն այցելեցին տեղի տեսարժան վայրերը՝ Մեղրու Սուրբ Հովհաննես կամ Անապաստանաց վանքը, Կարճևան գյուղ, որտեղ ծանոթացան տեղի պատմական հուշարձաններին ու ժողովրդական ճարտարապետությանը, գյուղի եկեղեցի, Ծոր բնական հուշարձան-ջրվեժ:
Նոյեմբերի 18-ի առաջին նիստը նվիրված էր Արևիքի ազգագրությանն ու աղբյուրագիտությանը․ նիստը սկսվեց գիտաժողովի օտարերկրյա մասնակիցների ելույթներով: Նրանք ներկայացրին Արևիքին հարևան Գողթն գավառի հայկական բնակավայրերի տոնածիսական և կրոնապաշտամունքային կյանքը լուսաբանող, ինչպես նաև Նախիջևանի բնակչության շրջանում վերջին տարիներին կատարած իրենց դաշտային հետազոտությունները։ Այս նիստում զեկուցվեցին նաև աղբյուրագիտական և ժողովրդագրական նյութեր, Արևիք գավառի ժողովրդական տոներին առնչվող դիտարկումներ։ Երկրորդ նիստը նվիրված էր ազգագրությանն ու բանագիտությանը, ներկայացվեցին Մեղրու շրջանի բուսահավաքչական մշակույթին, վայրի ուտելի բույսերից պատրաստվող կերակուրներին, բուսանուններին, ինչպես նաև Մեղրու շրջանի ազգագրությանն ու բանահյուսությանը վերաբերող արխիվային նյութերին առնչվող զեկուցումներ։
Գիտաժողովի բուն մասի ավարտից հետո տեղի ունեցավ շուրջ երեքժամյա աշխատաժողով, որի ընթացքում ներկայացվեցին Մեղրու շրջանի մշակութային-զբոսաշրջային զարգացման հեռանկարները, Մեղրու Սուրբ Հովհաննես վանքի 2016-2020 թթ. պեղումների արդյունքները, 2021-2023 թթ. իրականացված «Մեղրու տարածաշրջանի հուշարձանների ուսումնասիրություն» ծրագրի արդյունքները: Ավարտին մասնակիցներն այցելեցին Վահրավար գյուղ և Կարմիր վանք, ինչպես նաև Մեղրու Փոքր Թաղի Սուրբ Հովհաննես եկեղեցի, որը հայտնի է իր բացառիկ որմնանկարներով: Վերադարձի օրը՝ նոյեմբերի 19-ին, գիտաժողովի մասնակիցներն այցելեցին Շվանիձոր գյուղ, տեսան միջնադարյան ջրանցույցը և շրջեցին հին գյուղի ավերակներով:
Գիտաժողովի կազմկոմիտեի անդամները ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը, ԵՄԿ հայաստանյան մասնաճյուղի նախագահ Դավիթ Դավթյանը, ՀՀ ԳԱԱ ՊԻ ավագ գիտաշխատող Համո Սուքիասյանը, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ և Մաշտոցյան մատենադարանի ավագ գիտաշխատող Արսեն Հարությունյանը և ՀՀ ԳԱԱ ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանն են։