Ноября 24, 2023 | 11:16
Партнеры
Образование
Международное сотрудничество
ЕГУ укрепляет партнерские связи с Варшавским университетом
Երևանի պետական համալսարանում հյուրընկալվեց Վարշավայի համալսարանի Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի (Լեհաստան) պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր բարձրացնել իրազեկվածությունը կենտրոնի վերաբերյալ և քննարկել համագործակցության հեռանկարները:
ԵՊՀ կրթական տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հյուրերը ներկայացրին Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի գործունեությունը, ուսումնական և հետազոտական ծրագրերը, ԵՊՀ ուսանողների և դասախոսների համար առկա կրթաթոշակների հնարավորությունները, մասնավորապես՝ ուսանողների համար նախատեսված երկշաբաթյա ամառային և ձմեռային դպրոցներ, երկամյա մագիստրոսական ծրագիր, հետազոտողների համար նախատեսված մեկամյա և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների համար նախատեսված հնգամսյա հետազոտական ծրագրեր:
Պատվիրակության նախագահ, Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Յան Մալիցկին, կարևորելով Երևանի պետական համալսարան կատարած այցելությունը, շեշտեց. «Նախկինում ԵՊՀ մեր գործընկերների հետ ակտիվորեն իրականացնում էինք գիտակրթական տարբեր ծրագրեր, անցկացնում գիտաժողովներ, փոխայցելություններ և մասնագիտական քննարկումներ, սակայն կորոնավիրուսի դժվար շրջանն ընդհատեց այդ համագործակցությունը: Այս այցելությունը նպատակաուղղված է վերականգնելու և ամրապնդելու մեր գործընկերային կապերը»:
Պատվիրակության անդամ, Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի կրթաթոշակների բաժնի համակարգող Դիանա Բրուտյանը տարիներ առաջ դիմել է կենտրոնի կրթաթոշակային մագիստրոսական ծրագրի և ուսումնառելուց հետո արդեն 20 տարի աշխատում է կենտրոնում:
Շեշտելով ԵՊՀ գործընկերների հետ կայացած հանդիպման արդյունավետությունը՝ Դիանա Բրուտյանը նշեց. «Քննարկումների շնորհիվ բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները գտան գիտական ընդհանուր հետաքրքրություններ և պայմանավորվածություններ ձեռք բերեցին հետագայում համագործակցելու՝ միմյանց հետ գիտական հետազոտություններ կատարելու, համատեղ գիտական հոդվածներ տպագրելու, կոնֆերանսներ անցկացնելու և այլ ուղղություններով: Հույս ունենք, որ հանդիպումից հետո կենտրոնի կրթաթոշակային ծրագրերին դիմող հայ ուսանողների թիվը կմեծանա, քանի որ, ի տարբերություն տարածաշրջանի այլ երկրների, Հայաստանից քչերն են դիմում»:
Նշենք, որ հանդիպմանը ներկա էին ԵՊՀ միջազգային հարաբերությունների, պատմության և սոցիոլոգիայի ֆակուլտետների, եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի, հայագիտական հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ: Հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունը: