Ноября 30, 2023 | 14:30
Партнеры
Образование
Международное сотрудничество
Классическая японская литература в интерпретации поэта Питера Макмиллана
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կրթական ծրագրի շրջանակում ««Մանյոշու». ճապոնական դասական գրականությունը և դրա նշանակությունը համաշխարհային գրականության համար» խորագրով դասախոսությամբ հանդես եկավ Ճապոնիայից ժամանած բանաստեղծ, թարգմանիչ Փիթեր ՄաքՄիլլանը։
Դասախոսության նպատակն էր ներկայացնել ճապոնական դասական գրականությունը, մշակույթը, մատնանշել գրականության մեջ արտացոլված համամարդկային արժեքներն ու համաշխարհային գրականության հետ ունեցած աղերսները:
Բանաստեղծ Փիթեր ՄաքՄիլլանը դասախոսության ժամանակ խոսեց «Մանյոշու»-ի մասին, որը Ճապոնիայի ամենահին բանաստեղծությունների ժողովածուն է։ Այն ունի 1200 տարվա պատմություն։ Բանախոսը բանաստեղծությունների, պոեմների միջոցով ներկայացրեց ճապոնական աշխարհը, մտածելակերպը, ազգային հոգեկերտվածքն ու արժեհամակարգը։ Նա պատմեց, որ Ճապոնիայում կան բազմաթիվ հուշարձաններ, քարեր, որոնց վրա փորագրված են տարբեր բանաստեղծություններ, դրանք թարգմանելն ու ներկայացնելը բանաստեղծը համարում է առաքելություն՝ երկիրը տուրիստական վայր դարձնելու նպատակով:
Փիթեր ՄաքՄիլլանը նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում, սակայն երկրի մասին տեղյակ է շատ վաղուց և ծանոթ է հայ գրականությանը։
«Ինձ համար շատ մեծ պատիվ է Հայաստան այցելելն ու ԵՊՀ-ում դասախոսություն կարդալը։ Շատ երջանիկ եմ, քանի որ մինչ օրս հեռուստատեսության, թերթերի միջոցով էի աշխատում աշխարհին պատմել Ճապոնիայի մշակույթի մասին, իսկ այստեղ ես ունեմ ուսանողների հետ ազատ և անմիջական շփվելու հնարավորություն»,- նշեց նա՝ կարևորելով նախաձեռնությունը։
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) վրաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Մորի Հիրոյուկին, անդրադառնալով նմանօրինակ միջոցառումների կազմակերպմանը, նշեց, որ գործակալությունն իրականացնում է շատ տարբեր ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ տարբեր երկրներում։
«Սա նոր փորձ է՝ Հայաստան հրավիրելու դասախոսների և կրթական ոլորտի մարդկանց, ներկայացնելու Ճապոնիայի մշակույթն ու արվեստը»,- ասաց Հիրոյուկին՝ շեշտելով, որ ԵՊՀ-ի հետ համագործակցության շրջանակում նախատեսում են Հայաստան հրավիրել տարբեր բնագավառների ներկայացուցիչների։
Նշենք, որ Փիթեր ՄաքՄիլլանը տարբեր ժամանակաշրջաններում աշխատել է Տոկիոյի, Կիորինի համալսարաններում։ Ճապոնիայում և ԱՄՆ-ում արժանացել է լավագույն մրցանակների թարգմանության ոլորտում։ Հեղինակ է ճապոնական գրականության մի շարք թարգմանական ժողովածուների, գրքերի, բանաստեղծական շարքերի ու հրապարակումների։ Փիթեր ՄաքՄիլլանը փիլիսոփայության մագիստրոս է, անգլիական գրականության դոկտոր։
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության նախաձեռնությամբ կազմակերպված դասախոսությանը ներկա էին ԵՊՀ և ՀՀ տարբեր բուհերից ուսանողներ, ճապոնական գրականությամբ հետաքրքրված անձինք։