Декабря 25, 2023 | 11:30
Наука
Исследовательская работа
Публикации и научные журналы
Практическое применение результатов научных исследований – знаковая цель
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի դոցենտ Վարդուհի Մարգարյանը շուրջ 250 գիտական հոդվածների հեղինակ է, որոնցից մի քանի տասնյակը հրապարակվել է միջազգային վարկանիշային գիտական հանդեսներում:
Վ․ Մարգարյանը գիտական հոդվածներում հիմնականում անդրադառնում է ՀՀ մակերևութային ջրերի ուսումնասիրությանը, վեր հանում խնդիրներ, առաջարկում լուծումներ՝ կարևորելով գիտական ուսումնասիրությունների արդյունքները կիրառական դաշտ բերելու անհրաժեշտությունը։
«Գիտական հոդվածներս մինչև 2017 թ․ հիմնականում ներկայացնում էի արտասահմանյան երկրներում (Տաջիկստան, Իսպանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ռուսաստան) կազմակերպվող գիտաժողովներին։ 2017 թ․-ից հրապարակում եմ նաև միջազգային ճանաչում ունեցող գիտական ամսագրերում։ Հոդվածներ եմ հրապարակում նաև ռուս հայտնի գիտնականների հետ համահեղինակությամբ։ Արդեն իսկ Q2 վարկանիշով հոդվածներ եմ տպագրել, այժմ աշխատում եմ Q1 վարկանիշով հոդված տպագրելու ուղղությամբ»,-ասաց Վարդուհի Մարգարյանը։
Դոցենտի՝ Q2 վարկանիշով հոդվածները հրապարակվել են միջազգային վարկանիշային գիտական այնպիսի հանդեսներում, ինչպիսիք են «Լեռնային տարածքների կայուն զարգացում», «Արիդ էկոհամակարգ», «Սառույց և ձյուն» ամսագրերը, ինչպես նաև Մոսկվայի պետական համալսարանի տեղեկագրում, Խարկովի պետական, Ռուսաստանի պետական ջրաօդերևութաբանական համալսարանների ամսագրերում։ Այդ հոդվածներում Վ․ Մարգարյանը ներկայացրել է Արփա գետի վերին հոսանքում գարնանային վարարումների ջրային ռեժիմում կլիմայի փոփոխության ջրաէկոլոգիական հետևանքները, Սևանա լճի ավազանի գետերի ձմեռային նվազագույն տասնօրյակային հոսքի տարածաժամանակային փոփոխությունների գնահատումը կլիմայի ժամանակակից փոփոխության պայմաններում, Դեբեդի ավազանի գետերի սառցե ռեժիմը, ինչպես նաև վերջին երեք տասնամյակում ջերմային ալիքների բնութագրերի տարածաժամանակային փոփոխությունների առանձնահատկությունները։
Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի դոցենտը նախատեսում է իր հերթական գիտական հոդվածում անդրադառնալ Սևանա լիճ թափվող գետերի նվազագույն ծախսերին և դրանց էկոլոգիական հետևանքներին։ Նա, խոսելով քաղցրահամ ջրի սակավությունից, ընդգծեց, որ դա համաշխարհային խնդիր է։ Անդրադառնալով Սևանա լճի ծաղկման պատճառներին՝ դոցենտը նշեց․ «Սևանա լիճ թափվող գետերում չկան մաքրման կայաններ, ինչն էլ նպաստում է Սևանա լճի ծաղկմանը։ Աշխարհում քաղցրահամ ջրի խնդիր կա։ Քաղցրահամ ջրային պաշարների հիմնական աղբյուրներն են գետերը, լճերը և ճահիճները։ Գիտնականների մեծ մասը բարձրաձայնում է քաղցրահամ ջրի սակավության խնդիրը, որի հետևանքները, ըստ գիտնականների, կարող են մտահոգիչ լինել»։
Վ․ Մարգարյանն այս համատեքստում ընդգծեց, որ ջրի ներկայիս սպառման պայմաններում Հայաստանի ջրային ռեսուրսները բավարար են ներքին կարիքների համար, բայց, ըստ որոշ փորձագիտական գնահատականների, ենթադրվում է, որ մինչև 2050 թ.-ը Հայաստանի ջրային պաշարները կնվազեն 20-25%-ով՝ կապված կլիմայի փոփոխության և տեղումների նվազման հետ։
Դոցենտի գիտական հոդվածները հրապարակված են նաև ԵՊՀ կայքէջում և հասանելի են ինչպես գիտաշխատողներին, այնպես էլ ուսանողներին։ Վ․ Մարգարյանը շեշտեց, որ իր գիտական հոդվածները շատ բնագավառներում ունեն կիրառական նշանակություն, մասնավորապես՝ ՏԻՄ-երը կարող են այդ հոդվածներում տեղ գտած փաստերի հիմքով կազմել իրենց համայնքային զարգացման ծրագրերը։
Նշենք, որ ԵՊՀ-ում գիտահետազոտական գործունեությունը խթանելու նպատակով պարբերաբար վերանայվում և բարելավվում են գործող մեխանիզմները, այդ թվում՝ միջազգային վարկանիշային գիտական հանդեսներում և ազդեցության գործակցով ամսագրերում գիտական հոդվածներ հրապարակելու համար։