Декабря 27, 2023 | 15:17
Наука
Исследовательская работа
Публикации и научные журналы
Исследования ученых ЕГУ - в научных периодических изданиях с самым высоким импакт-фактором
ԵՊՀ հետազոտողները և գիտնականները միջազգային առաջատար պարբերականներում հրապարակում են գիտական հոդվածներ՝ իրենց հետազոտություններով նպաստելով գիտության տարբեր ճյուղերի զարգացմանը։ 2023 թ․ ԵՊՀ հետազոտողները տպագրել են 1494 գիտական հոդված, որից 243-ը՝ ինդեքսավորվող «Scopus» շտեմարանում ընդգրկված միջազգային հեղինակավոր հանդեսներում։
Էրիկ Դավթյանը ԵՊՀ այն հետազոտողներից է, որի հոդվածները հրապարակվում են միջազգային բարձր վարկանիշ ունեցող գիտական պարբերականներում։ ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի ասիստենտ, պ․գ․թ․ Է․ Դավթյանի «Լինել փոքր մեծ ակումբում․ վերհանելով Հայաստանի դերակատարությունը Եվրասիական տնտեսական միությունում» վերտառությամբ հոդվածը հրատարակվել է ամենաբարձր՝ Q1 վարկանիշ ունեցող պարբերականներից մեկում՝ «Հարավ-արևելաեվրոպական և սևծովյան հետազոտություններ» գիտական հանդեսում։ Հետազոտությունը վերաբերում է Հայաստանի վարած քաղաքականությանը Եվրասիական տնտեսական միությունում։
Խոսելով հոդվածի բովանդակությունից՝ է․ Դավթյանը նշեց․ «Հայաստանն օգտագործել է ԵԱՏՄ-ի ինստիտուցիոնալ առանձնահատկությունները, որպեսզի այն հարցերը, որոնք մինչ այդ քննարկվել էին հայ-ռուսական միջկառավարական ձևաչափով, տեղափոխի ԵԱՏՄ հարթակ։ Հոդվածում հանգամանալից ներկայացրել եմ թեման՝ առանձնացնելով կոնկրետ օրինակներ և խնդիրներ»։
Հեղինակը, անդրադառնալով հոդվածի գրաքննական գործընթացին, տեղեկացրեց, որ շուրջ 9 ամիս աշխատել է հոդվածի ուղղությամբ․ այն սկսել է գրել, երբ Ցյուրիխի համալսարան է հրավիրվել որպես հետազոտող, ավարտել ԵՊՀ վերադառնալուց հետո։
Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի ասիստենտը ևս մեկ գիտական հոդված ունի միջազգային բարձր՝ Q1 վարկանիշ ունեցող «Կովկասյան ուսումնասիրություն» հանդեսում։ «Գործելու կարողությունը և փոքրության ընկալումները․ հասկանալով Վրաստանի արտաքին քաղաքական վարքը» հոդվածը ներկայացնում է Վրաստանի արտաքին քաղաքական մոտեցումները տարբեր ժամանակաշրջաններում։ Հոդվածում նա ուսումնասիրել է, թե Վրաստանի տարբեր ղեկավարներ ինչպես են ընկալել Վրաստանը՝ որպես փոքր պետություն։ Էրիկ Դավթյանն ընդգծեց, որ հետազոտությունները բերել են այն եզրահանգման, որ Վրաստանում եղել են քաղաքական գործիչներ, որոնք ավելի թերահավատ էին հավակնոտ արտաքին քաղաքականություն ունենալու հարցում, ուստի կողմ էին ավելի փոխզիջումային քաղաքական վարք ունենալուն, որոշներն էլ հակառակ կարծիքն են ունեցել․ «Ելնելով սեփական պետության կարողությունների վերաբերյալ իշխող էլիտայի պատկերացումներից՝ փոխվել է արտաքին քաղաքական վարքը՝ փոխզիջումայինից մինչև հակամարտային քաղաքական վարքագիծ»։
Էրիկ Դավթյանն իր գիտական հոդվածներից մեկում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, մասնավորապես՝ միջազգային հանրության արձագանքի և պատերազմի գնալու Ադրբեջանի որոշման միջև եղած պատճառահետևանքային կապին։ Այս հետազոտությունը հրատարակվել է 2023 թ․ մարտին Q2 վարկանիշ ունեցող «Պոստկոմունիզմի հիմնահարցեր» հանդեսում՝ «Դասեր, որ տանում են դեպի պատերազմ․ սովորելը արտաքին քաղաքականությունում և ռազմական էսկալացիան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում» վերտառությամբ։
Հեղինակի հետազոտության հիմնական արդյունքն այն է, որ մինչև 2020 թ․ Հարավային Կովկասում ազդեցություն ունեցող միջազգային դերակատարների արձագանքը բավարար չի եղել էսկալացիաներին դիմագրավելու հարցում, ինչը 2020 թ․ հանգեցրել է լայնամասշտաբ պատերազմի։
Ներկայում նա համահեղինակությամբ ուսումնասիրում է 2020 թ․ Արցախյան պատերազմից հետո Հարավային Կովկասի անվտանգային ճարտարապետության փոխակերպումը․ «Ռուսաստանը, Թուրքիան, Արևմուտքը Հարավային Կովկասում միշտ համարվել են ազդեցիկ դերակատարներ։ Ուսումնասիրում ենք, թե իրենց միջև ուժային հարաբերակցությունը ինչպես է փոխվել 2020 թ․ պատերազմից հետո, և դա ինչպես է ազդում Հարավային Կովկասի վրա»,- ասաց Էրիկ Դավթյանը։ Պատերազմից հետո Հարավային Կովկասում տեղի ունեցող փոփոխությունները ներկայացնող գիտական հոդվածը այժմ գրախոսման փուլում է։
Էրիկ Դավթյանը, խոսելով միջազգային ճանաչում ունեցող վերոնշյալ հանդեսներից, ընդգծեց, որ տարբեր երկրների գիտնականներ, կարևորելով այդ հանդեսների հրապարակումները, գիտական նորարարություններին հետևելու համար նաև նմանօրինակ հանդեսներում են նյութերի որոնում իրականացնում։
Հավելենք, որ 2023 թ ԵՊՀ համայնքին հասանելի են դարձել միջազգային և ներբուհական այնպիսի թվային հարթակներ, ինչպիսիք են «Scopus», «Research4Life», «EBSCO», «MathSciNet» միջազգային բազաները, ինչպես նաև էլեկտրոնային հեղինակավոր այլ ռեսուրսներ։ Ձեռք է բերվել նաև «Brill», «JSTOR», «World Scientific» շտեմարաններից օգտվելու ժամանակավոր հասանելիություն։