Декабря 27, 2023 | 16:55
Образование
Студенческий
«Университетская среда подталкивает студентов достичь лучших результатов»: Рузанна Бекджанян
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ուսանող Ռուզաննա Բեկջանյանը «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի բժշկության ոլորտում բակալավրի կրթական ծրագրով առաջին տեղի մրցանակակիր է:
Բժշկության ոլորտում հաջողության հասնելու գրավականը, ըստ Ռուզաննայի, ԵՊՀ-ում ստացած որակյալ կրթությունն է, ինչպես նաև մասնագիտական գիտելիքները հարստացնելու ջանքերը:
Հետաքրքրված լինելով ժամանակակից մասնագիտություն ընտրելու գաղափարով և դեղագիտությամբ՝ Ռուզաննան ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆարմացիայի ինստիտուտ (անվճար հիմունքներով): Մեզ հետ զրույցում Ռուզաննան նշեց, որ ուսումնառության տարիներին ծանոթանալով մասնագիտական մի շարք նրբությունների և ուսումնասիրելով «դեղերի աշխարհը»՝ այժմ կատարելագործում է մասնագիտական հմտություններն ու կարողությունները, ինչն էլ հենց ուղենշում է, թե ինչ ճանապարհ պետք է անցնել լավագույն ուսանող ճանաչվելու համար:
«Մենք մասնագետներ ենք, որոնք փորձում են դեղերի մասին իրենց գիտելիքները ճիշտ կիրառել գործնականում: Մեր մասնագիտությունը մեզ հնարավորություն է տալիս ինքնուրույն սինթեզելու, հայտնաբերելու նոր ու արդյունավետ դեղեր: Բժիշկն ախտորոշում է հիվանդությունը, իսկ մենք ուղղորդում ենք նրանց՝ բուժումների համար միլիոնավոր դեղերի մեջ ճիշտ ընտրություն կատարելու հարցում: Զարգացած երկրներում առաջնորդվում են հենց այս սկզբունքով, և հուսով եմ, որ ապագայում Հայաստանում ևս կկիրառվի այս մեթոդը»,- ընդգծեց Ռուզաննան:
Համալսարանում ստացած համակողմանի կրթության և ձեռք բերած գիտելիքների շնորհիվ Ռուզաննան հաջողություններ է գրանցել մի շարք մրցույթներում:
«Այբ» կրթական հիմնադրամը 2021 թվականին կազմակերպել էր մրցույթ, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության բուհերի բնագիտական հոսքերի ուսանողները: 5 հոգուց բաղկացած թիմը, որի ներկայացուցիչներից էր Ռուզաննան, պատրաստել ու ներկայացրել է հանձնարարված թեմայով առաջադրանքը՝ սահիկաշարի տեսքով, և եզրափակիչում ճանաչվել հաղթող: Թիմը «PMI Science» գիտահետազոտական կենտրոնից ստացել է հատուկ մրցանակ և առաջին կարգի դիպլոմ:
Ռուզաննան շեշտում է, որ հաջողության հասնելու համար ամենակարևոր նախապայմանը որակյալ կրթություն ստանալն է. «Ինձ համար ուսումը նպատակներին հասնելու միակ ճանապարհն է: Համալսարանական միջավայրը, պրոֆեսորադասախոսական կազմի անվերապահ աջակցությունն ուսանողներիս մղում է հասնելու լավագույնին»:
Անդրադառնալով մրցույթում գրանցած իր հաջողությանը՝ Ռուզաննան նշեց. «Ցանկանում եմ, որ լավագույն ուսանող դառնալս օրինակ լինի բոլոր այն ուսանողների համար, որոնք նոր են կերտում իրենց մասնագիտական ուղին»:
Ամփոփելով խոսքը՝ Ռուզաննան փաստեց, որ «Լավագույն ուսանող» մրցույթում գրանցած հաղթանակն առանցքային դերակատարում է ունենալու իր սահմանած նպատակակետին հասնելու գործում: Նա նշեց, որ մտադրվել է կրթությունը շարունակել Ֆարմացիայի ինստիտուտի «Ֆարմացիա» մագիստրոսական ծրագրում:
Նշենք, որ մրցույթին մասնակցել են առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսական կրթական ծրագրի՝ առաջին կիսամյակն ավարտած ՀՀ պետական և հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բուհերի ուսանողները: