Января 04, 2024 | 15:30
Образование
Конкурсы
Студенческий
«Высока роль ЕГУ в достижениях студента»․ Гагик Екмалян
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Համաշխարհային քաղաքականություն» մագիստրոսական կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող Գագիկ Եկմալյանը «Լավագույն ուսանող» մրցույթի հանրապետական (միջբուհական) փուլի արդյունքում հասարակագիտության ոլորտում 3-րդ տեղի մրցանակակիր է։
ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2023 թվականի մրցույթը հստակ չափանիշներ ուներ, որոնց հիման վրա որոշվել են տարբեր ոլորտներում լավագույն առաջադիմությամբ ուսանողները։ Հաշվի են առնվել ուսանողների ակադեմիական առաջադիմությունը, հեղինակած հոդվածները, որոնք տպագրվել են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հեղինակավոր ամսագրերում։ Կարևորվել են նաև նրանց՝ գիտաժողովներին մասնակցությունը (զեկուցումը), ուսանողական ինքնավար կառույցներում ընդգրկվածությունը։
Գագիկ Եկմալյանը պատմել է ուսանողական կյանքի ու միջազգային հարաբերությունների ոլորտում մասնագիտանալու՝ դիվանագիտական գործունեություն ծավալելու մասին։
Ուսանողական կառույցներում ընդգրկվածությունը՝ որպես հանրօգուտ գործունեություն
Մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Գագիկ Եկմալյանն ընդգրկված է եղել ուսանողների նախաձեռնությամբ հիմնադրված «Ռազմավարական և անվտանգային հետազոտությունների կենտրոն»-ի կազմում, որի շրջանակում զբաղվել է ՀՀ արտաքին մարտահրավերների վերլուծությամբ, անվտանգային միջավայրի հետազոտությամբ, ինչպես նաև ուսումնասիրել է աշխարհաքաղաքական գործընթացներն ու դրանց հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա։
«Կենտրոնում մեծաթիվ հետազոտություններ ենք կատարել, փորձել ենք վերհանել առկա բոլոր մարտահրավերները թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ մակարդակներով։ Հանրությանը հասանելի դարձնելու նպատակով այդ հետազոտությունները հրապարակել ենք նաև էլեկտրոնային հարթակներում»,- ասաց նա։
Ուսանողի գիտահետազոտական աշխատանքը՝ միջազգային պարբերականում
Գագիկ Եկմալյանը մի շարք հոդվածների հեղինակ է, որոնցից երկուսը հրատարակվել են «Տարածաշրջան և աշխարհ» միջազգային գիտական հանդեսում։ Նա իր հոդվածներում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող մարտահրավերները, առկա խնդիրներն ու հնարավոր լուծումները։
ԵՊՀ-ի դերը մեծ է ուսանողի արձանագրած հաջողություններում
Գագիկ Եկմալյանը վստահ է, որ ԵՊՀ-ն, լինելով Հայաստանի լավագույն բուհը, մեծ դեր ունի յուրաքանչյուր ուսանողի՝ որպես մասնագետ կայանալու հարցում։
«Առանձնակի կարևորում եմ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դերը հատկապես դիվանագիտական ոլորտում փորձառու կադրեր պատրաստելու գործում։ Ֆակուլտետի շրջանավարտներից շատերը համալրում են ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության շարքերը՝ պաշտպանելով հայրենիքի շահերը դիվանագիտական ոլորտում»,- ընդգծեց նա։
Համատեղելով ուսումն ու աշխատանքը՝ նախանշվում են հայրենիքի շահերը պաշտպանելու ուղիները
ԵՊՀ-ում ուսանելուն զուգահեռ՝ Գագիկ Եկմալյանն աշխատում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում և շարունակում է մասնագիտանալ դիվանագիտության ոլորտում․ «Այս պահին տեսնում եմ այնպիսի ուղղություններ, որտեղ կարող եմ Հայաստանի շահերը պաշտպանելու համար իմ ներդրումն ունենալ այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում։ Մեր արտաքին քաղաքական նպատակները հստակ ձևակերպելու և դրանց պաշտպանությանը լծվելու դեպքում շարունակաբար կարձանագրվի դրական արդյունք։ Հասարակությանն առաջին հերթին անհրաժեշտ է անվտանգություն, իսկ արտաքին քաղաքականության ոլորտում արձանագրվող հաջողությունը հասարակության անվտանգության ապահովման գործընթացի գլխավոր բաղադրիչներից է»։
Նշենք, որ Գագիկ Եկմալյանը ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2023 թվականի մրցույթում մրցանակային տեղեր զբաղեցրած ԵՊՀ յոթ ուսանողներից է։
Մրցույթի նպատակներից է նպաստել ուսանողների առաջադիմության բարձրացմանը, խթանել մրցակցությունը ուսանողների միջև, բացահայտել և խրախուսել բուհերի այն ուսանողներին, որոնք ցուցաբերել են բարձր առաջադիմություն։