Января 05, 2024 | 13:00
Общество
Мероприятия
Культура
Знания, полученные в ЕГУ, во благо популяризации армянской культуры
ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժնի առաջին կուրսի ուսանող Մերի Կիսիբեկյանը Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում ներկայացրել է հայկական մշակույթն ու ժողովրդական վարպետների աշխատանքները։
Եվրոպայում մեծ ճանաչում ունեցող Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին Հայաստանն առաջին անգամ է մասնակցել։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ, ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության համագործակցությամբ և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի համակարգմամբ։
Սովորելուն զուգահեռ՝ Մերի Կիսիբեկյանն աշխատում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում՝ որպես գիտաշխատող։
«Աշխատանքս սերտ կապ ունի իմ մասնագիտության հետ, և ԵՊՀ-ում ստացած գիտելիքներս գործնականում կիրառում եմ թանգարանում։ Գիտելիքներս ինձ հնարավորություն տվեցին մեր արվեստն ու մշակույթը լավագույնս ներկայացնելու միջազգային հանրությանը»,-ասաց արվեստաբանության բաժնի ուսանողը։
Ստրասբուրգի ցուցահանդեսին տարբեր երկրների մշակույթի կողքին ներկայացվել են ավելի քան 60 հայ ժամանակակից վարպետների շուրջ 400 ձեռագործ աշխատանքներ։ Վարպետներն իրենց գործերում պահպանել են ժողովրդական արվեստների ու արհեստների ավանդույթները․ «Տաղավարում ներկայացրել էինք հայկական ժողովրդական արվեստներն ու արհեստները, այդ թվում՝ գորգագործությունը, ասեղնագործությունը, փայտագործությունը, տիկնիկագործությունը, որոնց միջոցով զբոսաշրջիկներին հնարավորություն ընձեռվեց ճանաչելու հայկական մշակույթը։ Այցելուների հոսքը Ստրասբուրգ շատ մեծ էր։ Մեր տաղավարին ոչ միայն ֆրանսիացիներ էին մոտենում, այլ նաև տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկներ։ Նրանց հետաքրքրությունը շատ մեծ էր հայկական մշակույթի նկատմամբ»,-պատմեց Մերի Կիսիբեկյանը։
Ուսանողը, խոսելով հայ վարպետների ներկայացրած աշխատանքներից, նշեց, որ հայկական տաղավարում զբոսաշրջիկների համար ամեն ինչ յուրահատուկ էր․ «Այցելուները մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում Կաղանդ պապի կերպարի, հայկական ավանդական թռչնակերպ աղամանների, փայտե դաղդղանների (թալիսման) և ազգային յուրահատկությունն արտացոլող այլ ցուցանմուշների նկատմամբ»։
Նշենք, որ Ստրասբուրգում տոնավաճառն անցկացվել է դեկտեմբերին։
Հավելենք, որ ԵՊՀ-ի և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի միջև եղած համագործակցության շնորհիվ ԵՊՀ ուսանողները հնարավորություն ունեն ուսումնաարտադրական պրակտիկա անցնելու թանգարանում։