Января 17, 2024 | 12:25
Наука
Исследовательская работа
Публикации и научные журналы
Арменоведение - в престижных международных журналах
ԵՊՀ-ն, հանդիսանալով գիտահետազոտական հաստատություն, խթանում է միջազգային վարկանիշային գիտական հանդեսներում հոդվածների հրապարակումը: ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այս ուղղությամբ նկատելի առաջընթաց է գրանցվել․ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը փորձում է հայագիտության ոլորտը ներկայացնել միջազգային հարթակներում՝ գիտահետազոտական հոդվածներ տպագրելով գիտական բարձր վարկանիշ ունեցող հանդեսներում:
Ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Ալբերտ Մակարյանն այսօրինակ հոդվածների հեղինակ է, որը, ի թիվս այլ թեմաների, իր հոդվածներում անդրադառնում է նաև հայ և ռուս գրականությունների զուգադրական քննությանը՝ երևան հանելով գրական կերպարների, թեմաների ու դիպաշարերի տարաբնույթ առնչություններ, առանձնահատկություններ և ընդհանրություններ:
Ա. Մակարյանի հոդվածները հրապարակվել են միջազգային Q2, Q4 և այլ բարձր վարկանիշային գիտական հանդեսներում: «Չիչիկովի կերպարը Ռափայել Պատկանյանի ստեղծագործության մեջ» խորագրով հոդվածը (ամբիոնի դասախոս Աստղիկ Սողոյանի համահեղինակությամբ) 2023 թվականին տպագրվել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի «Вестник СПбГУ. Востоковедение и африканистика» հանդեսում:
Հոդվածի բովանդակության ու կարևորության մասին խոսելով՝ պրոֆեսորը նշեց, որ ռուս հեղինակները մեծ ազդեցություն են ունեցել հայ գրողների մտածողության ձևավորման վրա. գեղարվեստական տարբեր ուղղություններ, մեթոդներ ու դպրոցներ հայ իրականություն են թափանցել նրանց ստեղծագործությունների պրիզմայով․ «Հայ գրողներն ու մտածողները ազդվել են ռուսական մշակութային հեղաբեկումներից, նրանք հետևել են բոլոր զարգացումներին, տեսական և մեթոդական նորամուծություններին և անգամ համաշխարհային արվեստին ծանոթացել հիմնականում ռուսերենի միջնորդությամբ: Այս դիտանկյունից անգնահատելի է հատկապես Ն. Վ. Գոգոլի դերը: Նրա «Մեռած հոգիներ», «Ռևիզոր», «Քիթը» գործերը և դրանցում արտահայտված աշխարհայացքը, իրականության ընկալման և արտածման կերպն իրենց հետագիծն են գտել հայ ստեղծագործողների երկերում, ինչը հիմք է հանդիսացել գրական տարաբնույթ առնչությունների։ Գոգոլի ստեղծագործությունը մեծ ազդեցություն է ունեցել Ռ. Պատկանյանի (1830-1892) մտածողության վրա: Նշանավոր հայ գրողը հարազատներին ու ընկերներին ուղարկված իր նամակներում քանիցս հիշատակում է Գոգոլի ստեղծագործություններն ու նրա գեղարվեստական մեթոդը։ Ժամանակի նշանավոր արևելագետ եղբորորդուն՝ Քերովբե Պատկանյանին գրված նամակում, օրինակ, Պատկանյանը շեշտում է, որ հարկ է գրել Գոգոլի նման, նրա ոճով ու մեթոդով՝ այդ համեմատության համապատկերում նույնիսկ ցածրացնելով իր գրվածքի ոճը»:
Ընդգծելով հայագիտության բնագավառում կատարվող հետազոտությունների բարդությունը՝ Ա․ Մակարյանն ասաց, որ հարկավոր է ընտրված հետազոտական թեմային լավագույնս տիրապետել։
«Վերջին տարիներին Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսներից շատերը ջանասիրաբար աշխատում են միջազգային պարբերականներում հոդվածներ տպագրելու ուղղությամբ։ Որքան էլ դժվար է այս բնագավառում հետազոտություններ կատարելը, այնուամենայնիվ նկատում ենք, որ հոդվածների տպագրման աճ է գրանցվում, ինչը ողջունելի է: Պետք է նշել, որ ցանկացած հոդվածի տպագրում անցնում է երկար ճանապարհ՝ թեմայի ընտրությունից մինչև տպագրություն»,-շեշտեց պրոֆեսորը:
Ա. Մակարյանն այս համատեքստում ընդգծեց, որ հայագիտության ոլորտում հետազոտություններ և ուսումնասիրություններ կատարելու համար անհրաժեշտ է մի կարևոր պայման՝ պետք է գտնել աղերսներ հայ և արտասահմանյան գրականության, ինչպես նաև հավերժական թեմաների միջև: Ոլորտում հետազոտություններ կատարել ցանկացող մասնագետին պրոֆեսորը խորհուրդ է տալիս սկսել հենց այս կապը գտնելու հանգամանքից: