Января 25, 2024 | 17:09
Наука
Исследовательская работа
Научная группа разработала новый метод очистки воды
Ջուրը մարդկային կենսագործունեության և քաղաքակրթության կարևորագույն ռեսուրսներից մեկն է։ Խմելու, ոռոգման, ինչպես նաև բնական էկոհամակարգում շրջապտույտի ենթարկվող ջրերը չեն բավարարում մաքրության գլոբալ չափանիշներին: ԵՊՀ երիտասարդ գիտնականներն ուսումնասիրել են ջրային համակարգը, մշակել նոր, անվտանգ, մատչելի մեթոդներ, որոնք էկոհամակարգում կապահովեն ջրի բնականոն շրջապտույտ` նպաստելով շրջակա միջավայրի «առողջությանը»։
«Համահայկական գիտաժողով-2023»-ի շրջանակում անցկացված միջգիտակարգային նախագծերի մրցույթում 2-րդ տեղը զբաղեցրած գիտական խմբի անդամներն են Սուսաննա Գագինյանը, Տաթևիկ Բոշյանը, Ավետիս Գրիգորյանը, Տիգրան Պետրոսյանը, Աննա Թովմասյանը: Գիտական այս խմբի անդամները գտել են համատեղ ուսումնասիրության հատման կետ և կարճ ժամանակահատվածում մշակել նոր ծրագիր («Ջրի մաքրումը վնասակար ծանր մետաղներից և մետաղանման տարրերից ածխածնային նանոկառուցվածքների և սպիտակուցային մեմբրանների կիրառմամբ»), որի գերագույն նպատակն է ստեղծել նախադրյալներ Հայաստանի Հանրապետությունում գիտահենք տնտեսություն ստեղծելու համար։
Միջգիտակարգային մրցույթի և թիմի ձևավորման մասին պատմել է Ֆիզիկայի ինստիտուտի Միջուկային ֆիզիկայի ամբիոնի դասախոս Սուսաննա Գագինյանը:
«Համահայկական գիտաժողով-2023»-ի հանձնաժողովը պատահականության սկզբունքով է թիմը ձևավորել՝ հաշվի առնելով գիտական խմբում տարբեր մասնագիտություն ունեցող հետազոտողների ներգրավվածությունը: Ի սկզբանե միջգիտակարգային մրցույթի խնդիրն այն էր, որ տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մասնագետները համատեղ աշխատեն մեկ գաղափարի շուրջ՝ համադրելով հմտությունները:
Մեզ մոտ բավականին հեշտ ստացվեցին և՛ ծանոթության փուլը, և՛ համատեղ աշխատանքը: Մրցունակ ծրագիր գրելու համար մեկ շաբաթ ժամանակ ունեինք, սահիկաշար պատրաստելու ու ներկայացնելու համար՝ 3 օր: Այս սեղմ ժամկետում մենք հասցրինք կատարել անհրաժեշտ աշխատանքները՝ համոզված լինելով, որ մեր համատեղ աշխատանքը հետագայում դառնալու է հաղթող ծրագիր: Նշեմ, որ թեմայի ընտրության համար խնդիր էինք դրել՝ հասկանալու, թե ինչ է անհրաժեշտ մեր երկրին: Անվտանգության, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության և բնապահպանության ճյուղերից ընտրեցինք բնապահպանությունը (ջրի ռեսուրսների կառավարումը): Միակ մտահոգությունս այն էր, թե ինչպես ենք մեր գիտական աշխատանքներում ներգրավելու հնէաբանի մասնագիտությունը, սակայն ամեն ինչ այնքան սահուն ստացվեց, որ յուրաքանչյուրս մեր ներդրումն ունեցանք կատարվող աշխատանքներում: Տարաձայնություններ և դժվարություններ չեն եղել, քանի որ մենք քննարկումների միջոցով ամեն ինչ շատ լավ կազմակերպել ենք. յուրաքանչյուր փուլում կատարել ենք ուսումնասիրություն և ներկայացրել առաջարկություն: Ֆիզիկայի ոլորտում ես և Տիգրանը նանոխողովակների միջոցով ապահովել ենք ջրի մաքրումը: Աշխարհում այսպիսի աշխատանք կատարում են, իհարկե, բայց շատ քիչ. այն նոր հետազոտություն է: Քիմիական եղանակով ջրի մաքրման բազմաթիվ տարբերակներ կան, բայց դրանք երկրորդական վնաս են հասցնում ջրին, իսկ նանոխողովակների միջոցով բավականին մաքուր ենք ստանում ջուրը:
Նախագծի թեմայի արդիականության և յուրօրինակության մասին խոսել է Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կրտսեր գիտաշխատող, հիդրոէկոլոգ Տաթևիկ Բոշյանը:
Ջրային էկոհամակարգերը աղտոտվում են գյուղատնտեսական, կենցաղ-կոմունալ, արդյունաբերական և այլ տեխնածին կառույցների հոսքաջրերով, դրանց մեծ մասը լցվում է մակերևութային ջրեր և ներթափանցում ստորերկրյա ջրերի պաշարներ։ Այդ հոսքաջրերը լինում են տարբեր բնույթի` կախված աղտոտման աղբյուրից: Առավել վտանգավորները պարունակում են տոքսիկ, քաղցկեղածին և այլ վնասակար նյութեր, որոնք բացասական ազդեցություն ունեն մարդկանց առողջության և էկոհամակարգի վրա։ Մասնավորապես՝ արսենն ամենավտանգավոր տարրն է, ինչը հայտնի է հնագույն ժամանակներից ի վեր։ Ջուրն աղտոտող բարձր տոքսիկությամբ ծանր մետաղներից են պղինձը, նիկելը, կադմիումը, քրոմը, մերկուրին, կապարը, ցինկը և այլն։
Ջրի մաքրումը և որակի պահպանումը արդիական նշանակություն ունեցող գլոբալ և համամարդկային խնդիրներ են: Ծրագրի շրջանակում իմ գիտական ուսումնասիրության տիրույթը (կապված բիոմոնիթորինգի հետ) մակրոանողնաշարների որակական և քանակական ցուցանիշների միջոցով ջրի որակը որոշելն է՝ նախքան ուսումնասիրությունը և դրանից հետո:
Մրցույթի ընթացքի, հնագիտության և ընտրված թեմայի հետ խաչվող կապի մասին ներկայացրել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոս, պ․գ․թ․ Ավետիս Գրիգորյանը:
Ծրագրի պատրաստման ժամանակ յուրաքանչյուրս ուսումնասիրել ենք խնդրին առնչվող մեր ուղղության մասնագիտական գրականությունը, ապա համադրել տվյալները և կազմել նախագիծ: Թեև բոլորս էլ փորձառու ենք գիտական տարբեր բնագավառներում կատարած ուսումնասիրությունների տեսանկյունից, սակայն առաջին հայացքից կար մտավախություն, որ դժվար կլինի գրել բոլորիս հետաքրքրություններն ընդգրկող և միաժամանակ արդիական ու նորարարական ծրագիր։ Սակայն շատ կարճ ժամանակում մեր գիտական խումբը հաղթահարեց խոչընդոտները և աշխատասիրության, թիմային աշխատանքի ու միասնականության շնորհիվ արդյունքում հասավ հաջողության:
Ես մասնագիտությամբ հնագետ եմ։ Այդ ոլորտն առաջին հայացքից թվում է, թե քիչ է առնչվում նոր տեխնոլոգիաներին, քանի որ ուսումնասիրում է «հինը»: Սակայն, իմ կարծիքով, առանց հինը ճանաչելու դժվար է գտնել լավագույն նորը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ջրերի կառավարման, կուտակման, տեղափոխման և որակի պահպանման մասին մարդիկ ոչ թե նոր են սկսել մտածել, այլ առնվազն մի քանի հազար տարի առաջ:
Քաղաքակրթությունների ձևավորման, պետությունների ստեղծման ու կործանման հանգամանքների վրա շատ մեծ ազդեցություն են ունեցել ջրի առկայության և կառավարման խնդիրները: Օրինակ՝ Հայկական լեռնաշխարհի հնագույն պետություններից մեկը համարվող Ուրարտուն ջրերի կառավարման հարցում հասել էր աննախադեպ հաջողության. ամբողջ երկրում ստեղծվել էր ջրանցքների մեծ ցանց, ինչի շնորհիվ ոռոգվում էին հսկայական տարածքներ՝ նպաստելով տնտեսության զարգացմանը:
Հայաստանը գտնվում է այնպիսի աշխարհագրական գոտում, որտեղ ջրերի որակի պահպանման կարիքը հետզհետե ավելի զգալի է դառնում՝ հաշվի առնելով գլոբալ տաքացման, հանքարդյունաբերության զարգացման, մարդկանց պահանջների մեծացման և այլ խնդիրները: Ծրագրի շրջանակում իմ աշխատանքը եղել է Հայաստանում և աշխարհում այս ուղղությամբ պատմական անցյալի փորձը ցույց տալը՝ համադրելով աշխարհում կատարվող նոր գործընթացների հետ:
Թիմի ապագա ծրագրերի և ձևավորված նոր ընկերության մասին պատմել է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի կրտսեր գիտաշխատող Աննա Թովմասյանը:
Աշխատանքի ժամանակ հասկացա, որ եթե կան միասնական նպատակներ և ցանկություն, ապա նման համագործակցությունն անպայման կունենա բարեհաջող ավարտ։
Մենք շատ կարճ ենք աշխատել միասին, սակայն այդ ժամանակահատվածում հասցրել ենք ստեղծել մի նախագիծ, որտեղ բոլորս ունեցել ենք մեր մասնակցությունը։ Միասին աշխատելու ժամանակ ես ուսումնասիրել եմ հնագիտությունը, հիդրոէկոլոգիան, ֆիզիկան և ծանոթացել այս ուղղությունների առանձնահատկություններին։ Ինձ համար այս աշխատանքի կարևոր ձեռքբերումներից մեկը խմբի անդամների հետ ծանոթանալն էր: Հիմա ունեմ լավ ընկերներ, որոնց հետ միշտ հաճելի կլինի միավորվել մեկ գաղափարի շուրջ՝ նպատակները դարձնելով իրականություն։
Մեր գիտական խումբն այդ սեղմ ժամկետում աշխատել է միասնական: Ես վստահ եմ, եթե լինեն այնպիսի դրամաշնորհային ծրագրեր կամ մրցույթներ, որտեղ մեր աշխատանքը ներկայացնելու հնարավորություն կընձեռվի, միասին անպայման կքննարկենք մեր ապագա անելիքները, կպլանավորենք քայլերը և կդիմենք նոր ծրագրերի: