- Գլխավոր
- Նորություններ
- Գիտական խումբն առաջարկել է ջրի մաքրման նոր մեթոդ
Հունվար 25, 2024 | 17:09
Գիտություն
Հետազոտություն
Գիտական խումբն առաջարկել է ջրի մաքրման նոր մեթոդ
Ջուրը մարդկային կենսագործունեության և քաղաքակրթության կարևորագույն ռեսուրսներից մեկն է։ Խմելու, ոռոգման, ինչպես նաև բնական էկոհամակարգում շրջապտույտի ենթարկվող ջրերը չեն բավարարում մաքրության գլոբալ չափանիշներին: ԵՊՀ երիտասարդ գիտնականները, ինչպես նաև ՀՀ գիտական այլ հաստատությունների հետազոտողներ համատեղ մշակել են նախագիծ, որտեղ առաջարկել են նոր, անվտանգ, մատչելի մեթոդներ՝ միտված էկոհամակարգում ջրի բնականոն շրջապտույտ ապահովելուն և շրջակա միջավայրի «առողջությանը» նպաստելուն։
![](/sites/default/files/styles/large_slide/public/2024-01/08_0.jpg?h=dfb755a4&itok=E9IHc3sv)
«Համահայկական գիտաժողով-2023»-ի շրջանակում անցկացված միջգիտակարգային նախագծերի մրցույթում 2-րդ տեղը զբաղեցրած գիտական խմբի անդամներն են Սուսաննա Գագինյանը, Տաթևիկ Բոշյանը, Ավետիս Գրիգորյանը, Տիգրան Պետրոսյանը, Աննա Թովմասյանը: Գիտական այս խմբի անդամները գտել են համատեղ ուսումնասիրության հատման կետ և կարճ ժամանակահատվածում մշակել նոր նախագիծ («Ջրի մաքրումը վնասակար ծանր մետաղներից և մետաղանման տարրերից ածխածնային նանոկառուցվածքների և սպիտակուցային մեմբրանների կիրառմամբ»), որի գերագույն նպատակն է ստեղծել նախադրյալներ Հայաստանի Հանրապետությունում գիտահենք տնտեսություն ստեղծելու համար։
Միջգիտակարգային մրցույթի և թիմի ձևավորման մասին պատմել է Ֆիզիկայի ինստիտուտի Միջուկային ֆիզիկայի ամբիոնի դասախոս Սուսաննա Գագինյանը:
«Համահայկական գիտաժողով-2023»-ի հանձնաժողովը պատահականության սկզբունքով է թիմը ձևավորել՝ հաշվի առնելով գիտական խմբում տարբեր մասնագիտություն ունեցող հետազոտողների ներգրավվածությունը: Ի սկզբանե միջգիտակարգային մրցույթի խնդիրն այն էր, որ տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մասնագետները համատեղ աշխատեն մեկ գաղափարի շուրջ՝ համադրելով հմտությունները:
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2024-01/1e6a4806.jpg?itok=JvTALwoo)
Մեզ մոտ բավականին հեշտ ստացվեցին և՛ ծանոթության փուլը, և՛ համատեղ աշխատանքը: Մրցունակ ծրագիր գրելու համար մեկ շաբաթ ժամանակ ունեինք, սահիկաշար պատրաստելու ու ներկայացնելու համար՝ 3 օր: Այս սեղմ ժամկետում մենք հասցրինք կատարել անհրաժեշտ աշխատանքները՝ համոզված լինելով, որ մեր համատեղ աշխատանքը հետագայում դառնալու է հաղթող ծրագիր: Նշեմ, որ թեմայի ընտրության համար խնդիր էինք դրել՝ հասկանալու, թե ինչ է անհրաժեշտ մեր երկրին: Անվտանգության, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության և բնապահպանության ճյուղերից ընտրեցինք բնապահպանությունը (ջրի ռեսուրսների կառավարումը): Միակ մտահոգությունս այն էր, թե ինչպես ենք մեր գիտական աշխատանքներում ներգրավելու հնէաբանի մասնագիտությունը, սակայն ամեն ինչ այնքան սահուն ստացվեց, որ յուրաքանչյուրս մեր ներդրումն ունեցանք կատարվող աշխատանքներում: Տարաձայնություններ և դժվարություններ չեն եղել, քանի որ մենք քննարկումների միջոցով ամեն ինչ շատ լավ կազմակերպել ենք. յուրաքանչյուր փուլում կատարել ենք ուսումնասիրություն և ներկայացրել առաջարկություն: Ֆիզիկայի ոլորտում ես և Տիգրանը նանոխողովակների միջոցով ապահովել ենք ջրի մաքրումը: Աշխարհում այսպիսի աշխատանք կատարում են, իհարկե, բայց շատ քիչ. այն նոր հետազոտություն է: Քիմիական եղանակով ջրի մաքրման բազմաթիվ տարբերակներ կան, բայց դրանք երկրորդական վնաս են հասցնում ջրին, իսկ նանոխողովակների միջոցով բավականին մաքուր ենք ստանում ջուրը:
Նախագծի թեմայի արդիականության և յուրօրինակության մասին խոսել է Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կրտսեր գիտաշխատող, հիդրոէկոլոգ Տաթևիկ Բոշյանը:
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2024-01/1e6a4819.jpg?itok=P9_q7OF2)
Ջրային էկոհամակարգերը աղտոտվում են գյուղատնտեսական, կենցաղ-կոմունալ, արդյունաբերական և այլ տեխնածին կառույցների հոսքաջրերով, դրանց մեծ մասը լցվում է մակերևութային ջրեր և ներթափանցում ստորերկրյա ջրերի պաշարներ։ Այդ հոսքաջրերը լինում են տարբեր բնույթի` կախված աղտոտման աղբյուրից: Առավել վտանգավորները պարունակում են տոքսիկ, քաղցկեղածին և այլ վնասակար նյութեր, որոնք բացասական ազդեցություն ունեն մարդկանց առողջության և էկոհամակարգի վրա։ Մասնավորապես՝ արսենն ամենավտանգավոր տարրն է, ինչը հայտնի է հնագույն ժամանակներից ի վեր։ Ջուրն աղտոտող բարձր տոքսիկությամբ ծանր մետաղներից են պղինձը, նիկելը, կադմիումը, քրոմը, մերկուրին, կապարը, ցինկը և այլն։
Ջրի մաքրումը և որակի պահպանումը արդիական նշանակություն ունեցող գլոբալ և համամարդկային խնդիրներ են: Ծրագրի շրջանակում իմ գիտական ուսումնասիրության տիրույթը (կապված բիոմոնիթորինգի հետ) մակրոանողնաշարների որակական և քանակական ցուցանիշների միջոցով ջրի որակը որոշելն է՝ նախքան ուսումնասիրությունը և դրանից հետո:
Մրցույթի ընթացքի, հնագիտության և ընտրված թեմայի հետ խաչվող կապի մասին ներկայացրել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոս, պ․գ․թ․ Ավետիս Գրիգորյանը:
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2024-01/1e6a4832.jpg?itok=YLAxQYDV)
Ծրագրի պատրաստման ժամանակ յուրաքանչյուրս ուսումնասիրել ենք խնդրին առնչվող մեր ուղղության մասնագիտական գրականությունը, ապա համադրել տվյալները և կազմել նախագիծ: Թեև բոլորս էլ փորձառու ենք գիտական տարբեր բնագավառներում կատարած ուսումնասիրությունների տեսանկյունից, սակայն առաջին հայացքից կար մտավախություն, որ դժվար կլինի գրել բոլորիս հետաքրքրություններն ընդգրկող և միաժամանակ արդիական ու նորարարական ծրագիր։ Սակայն շատ կարճ ժամանակում մեր գիտական խումբը հաղթահարեց խոչընդոտները և աշխատասիրության, թիմային աշխատանքի ու միասնականության շնորհիվ արդյունքում հասավ հաջողության:
Ես մասնագիտությամբ հնագետ եմ։ Այդ ոլորտն առաջին հայացքից թվում է, թե քիչ է առնչվում նոր տեխնոլոգիաներին, քանի որ ուսումնասիրում է «հինը»: Սակայն, իմ կարծիքով, առանց հինը ճանաչելու դժվար է գտնել լավագույն նորը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ջրերի կառավարման, կուտակման, տեղափոխման և որակի պահպանման մասին մարդիկ ոչ թե նոր են սկսել մտածել, այլ առնվազն մի քանի հազար տարի առաջ:
Քաղաքակրթությունների ձևավորման, պետությունների ստեղծման ու կործանման հանգամանքների վրա շատ մեծ ազդեցություն են ունեցել ջրի առկայության և կառավարման խնդիրները: Օրինակ՝ Հայկական լեռնաշխարհի հնագույն պետություններից մեկը համարվող Ուրարտուն ջրերի կառավարման հարցում հասել էր աննախադեպ հաջողության. ամբողջ երկրում ստեղծվել էր ջրանցքների մեծ ցանց, ինչի շնորհիվ ոռոգվում էին հսկայական տարածքներ՝ նպաստելով տնտեսության զարգացմանը:
Հայաստանը գտնվում է այնպիսի աշխարհագրական գոտում, որտեղ ջրերի որակի պահպանման կարիքը հետզհետե ավելի զգալի է դառնում՝ հաշվի առնելով գլոբալ տաքացման, հանքարդյունաբերության զարգացման, մարդկանց պահանջների մեծացման և այլ խնդիրները: Ծրագրի շրջանակում իմ աշխատանքը եղել է Հայաստանում և աշխարհում այս ուղղությամբ պատմական անցյալի փորձը ցույց տալը՝ համադրելով աշխարհում կատարվող նոր գործընթացների հետ:
Թիմի ապագա ծրագրերի և ձևավորված նոր ընկերության մասին պատմել է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի կրտսեր գիտաշխատող Աննա Թովմասյանը:
Աշխատանքի ժամանակ հասկացա, որ եթե կան միասնական նպատակներ և ցանկություն, ապա նման համագործակցությունն անպայման կունենա բարեհաջող ավարտ։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2024-01/untitled_design_1.png?itok=_zwVvvaD)
Մենք շատ կարճ ենք աշխատել միասին, սակայն այդ ժամանակահատվածում հասցրել ենք ստեղծել մի նախագիծ, որտեղ բոլորս ունեցել ենք մեր մասնակցությունը։ Միասին աշխատելու ժամանակ ես ուսումնասիրել եմ հնագիտությունը, հիդրոէկոլոգիան, ֆիզիկան և ծանոթացել այս ուղղությունների առանձնահատկություններին։ Ինձ համար այս աշխատանքի կարևոր ձեռքբերումներից մեկը խմբի անդամների հետ ծանոթանալն էր: Հիմա ունեմ լավ ընկերներ, որոնց հետ միշտ հաճելի կլինի միավորվել մեկ գաղափարի շուրջ՝ նպատակները դարձնելով իրականություն։
Մեր գիտական խումբն այդ սեղմ ժամկետում աշխատել է միասնական: Ես վստահ եմ, եթե լինեն այնպիսի դրամաշնորհային ծրագրեր կամ մրցույթներ, որտեղ մեր աշխատանքը ներկայացնելու հնարավորություն կընձեռվի, միասին անպայման կքննարկենք մեր ապագա անելիքները, կպլանավորենք քայլերը և կդիմենք նոր ծրագրերի: