Февраля 13, 2024 | 12:50
Наука
Образование
Роль женщин в сфере науки, по мнению ученого ЕГУ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան յուրաքանչյուր տարի նշում է Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրը: Այն նպատակ ունի վերացնելու կանանց նկատմամբ խտրականության բոլոր դրսևորումները, այդ թվում՝ կրթության և աշխատանքի ոլորտում: Օրվա առիթով զրուցել ենք ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.դ. Ալվարդ Ջիվանյանի հետ:
Ալվարդ Ջիվանյանը ԵՊՀ-ում աշխատում է 1992 թվականից: Անգլիական բանասիրության ամբիոնում դասավանդում է «Ոճագիտություն», «Զուգադրական բանագիտություն», «Թարգմանության տեսության հիմունքներ», ղեկավարում է մագիստրոսական թեզեր, թեկնածուական ատենախոսություններ:
Ա. Ջիվանյանը թարգմանական ակտիվ գործունեություն է ծավալում. նրա թարգմանություններից են «Հարրի Փոթերը» վիպաշարի 5 գրքերը, Ֆ.Հ. Բրնեթի «Խորհրդավոր պարտեզը», Ա.Ա. Բարրիի «Փիթեր Փենը Քենսինգթոնյան այգիներում», Ա.Ա. Միլնի «Վինի Փու արջուկը» և այլ գրքեր: Նշենք, որ շուտով նրա թարգմանությամբ լույս կտեսնի Փամելա Թրևերսի «Մերի Փոփինսը» գրքի առաջին մասը:
Ա. Ջիվանյանը նաև «Զանգակ» հրատարակչության մանկագրության բաժնի գրական խմբագիրն է և Հովհաննես Թումանյանի թանգարանի հեքիաթագիտության բաժնի ղեկավարը, երկու պարբերականի («Ոսկե դիվան. հեքիաթագիտական հանդես», «Հասկեր. մանկական բանահյուսության և գրականության տարեգիրք») խմբագիր: Ամեն տարի ԵՊՀ համագործակցությամբ թանգարանում կազմակերպվում են հեքիաթագիտական գիտաժողովներ:
Ա. Ջիվանյանը բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է, որոնք հրատարակվել են Երևանում, Լոնդոնում, Վաշինգտոնում, Էդինբուրգում, Փարիզում, Մոսկվայում, Ուփսալայում, Բեյրութում, Տարտուում և այլուր:
Պրոֆեսորը նշում է, որ բազմատեսակ աշխատանքները բավականին դժվար է համատեղելը, սակայն իր գործունեության տարբեր ոլորտները դիտարկում է որպես մեկ ամբողջական շղթա:
Գիտության ոլորտում կնոջ կարևորության և նրա պատմական դերի մասին պատմում է Ալվարդ Ջիվանյանը:
Կանայք կարողանում են բացահայտել նրբություններ, նկատել մանրամասներ:
Օրինակ՝ գրականության, նույնիսկ գեղանկարչության մեջ հեղինակի սեռի գործոնն ավելի տարբերակելի է, քան գիտության մեջ: Գիտության մեջ ևս ես չէի առանձնացնի կին-տղամարդ գիտնականին: Հեքիաթի ուսումնասիրության ոլորտում կին հետազոտողի դերը մի փոքր այլ է. մասնավորապես՝ ժողովրդական հեքիաթներն ուսումնասիրելիս կին տեսաբանն ավելի մեծ ուշադրություն է դարձնում կին կերպարների դերին` բացահայտելով նրբություններ, իմաստային շերտեր, որոնք կարող են տղամարդ վերլուծողի համար այդքան էլ հետաքրքիր, առանձին դեպքերում նույնիսկ տեսանելի չլինել:
Այս պահին իմ ուշադրության կենտրոնում է մի հետաքրքիր բանագիտական խնդիր. ինչպե՞ս է փոփոխվում հեքիաթի պատումը` կախված հեքիաթասացի սեռից: Իհարկե, սյուժետային գիծը մնում է անփոփոխ, սակայն փոխվում են մանրամասներ, բանաձևային կառույցներ, ոճային առանձնահատկություններ, իսկ դրանք տեքստի համարժեք ընկալման համար շատ կարևոր են: Բնութագրելով կին և տղամարդ գրողների գրելաոճերի տարբերությունները` հայտնի ռուս բանաստեղծուհի Զինաիդա Գիպպիուսը շեշտել է մանրամասներ և նրբություններ նկարագրելիս կին հեղինակների առավելությունն ու կայացվածությունը, քանի որ դետալներում է դրսևորվում կանանց մտքի սրությունն ու ձիրքը:
Ընդհանուր առմամբ գիտնականի սեռն առանձնացնելու անհրաժեշտություն չպետք է լինի, թեև կա մի ավանդական կարծրատիպային բաժանում. հումանիտար բնագավառում` բանասիրության ոլորտում, գերակշռում է կանանց թիվը, իսկ ճշգրիտ գիտությունների ոլորտում՝ տղամարդկանցը: XVIII դարի եվրոպացի մտածողներից մեկը, շեշտելով այն հանգամանքը, որ կանայք ավելի լավ են տիրապետում լեզվի նրբություններին, կեսկատակ-կեսլուրջ նշել է. «Եթե վարանում եք լեզվական հարցերում, դիմեք կանանց. նրանք ավելի լավ գիտեն»:
Կնոջ դերը՝ պատմական զարգացումների ընթացքում:
Ես այն կարծիքին չեմ, որ մեր երկրում հիմա սեռական խտրականությունը լրջագույն խնդիր է. Հայաստանը ազատ երկիր է, հայ կինը` սահմանափակումներից բավականին էմանսիպացված: Պարզունակ մի զուգահեռ բերեմ հայերենի քերականությունից: Ժամանակակից հայերենում անձնական դերանունը չունի սեռ: Սա, հնարավոր է, անուղղակիորեն հուշում է, որ լեզվական մակարդակում ևս սեռերի տարբերակումը նույնքան կարևորված չէ, որքան հնդեվրոպական շատ այլ լեզուներում:
Տղամարդու և կնոջ սոցիալական, մասնագիտական դերերի բաշխումը հաստատուն չէ, քանի որ փոխվում են ժամանակները: Անշուշտ, պետք է հաշվի առնել նաև պատմական գործոնը: Հարյուրամյակներով տղամարդիկ ստացել են կանոնավոր կրթություն, մինչդեռ կանանց կրթությունը շարունակ եղել է արգելքի տակ գրեթե բոլոր մշակույթներում, ուստի կանանց կրթության պատմությունն անհամեմատ ավելի ամփոփ է, և այս հարցում տղամարդիկ բացահայտ առավելություն ունեն:
Այժմ կանանց ներգրավվածությունը գիտության տարբեր ճյուղերում բավարար եմ գնահատում: Եթե կինը ուզում է գիտության բնագավառ մուտք գործել, չկա որևէ արգելք:
Ես տեսնում եմ այլ խնդիրներ՝ արդյո՞ք կանայք այսօր գերծանրաբեռնված չեն: Կանանցից շատերը միաժամանակ մի քանի հաստատություններում են աշխատում, ընդ որում կանանց որևէ մեկը չի ազատել տնտեսություն վարելու, երեխաների դաստիարակության հոգսերից: Ինչ վերաբերում է աշխատանքային միջավայրում սեռական խտրականությանը, երբևէ չեմ նկատել, որ սեռով պայմանավորված որևէ խնդիր առաջանա: Աշխատակիցները կին գիտնականին ընկալում են համարժեք, առաձին դեպքերում չի բացառվում կին գիտնականի թերագնահատում ընտանիքում. չէ՞ որ ընտանիքի անդամների համար նա առաջին հերթին կին է, մայր, հետո միայն գիտնական:
Գիտության մեջ հաջողության հասնելու համար կնոջն անհրաժեշտ է աշխատասիրություն, հետևողականություն, գերկազմակերպվածություն:
Լավ կլիներ` ստեղծվեին այնպիսի հնարավորություններ, որ կին գիտնականը կարողանար բավարար վաստակել՝ զբաղվելով միայն գիտական գործունեությամբ. գաղտնիք չէ, որ գիտնականները կենցաղային խնդիրները հոգալու նպատակով ստանձնում են նաև այլ` պակաս որակավորում պահանջող աշխատանքներ: Գիտության ոլորտում ներգրավված կանանց խորհուրդ կտայի լինել համարձակ և հետևողական: Եթե գիտությամբ զբաղվելու նպատակը լուրջ է, միշտ էլ ելք կա: