Февраля 20, 2024 | 14:15
Образование
Международное сотрудничество
Партнерские связи между ЕГУ и Кембриджским университетом укрепляются
Քեմբրիջի համալսարանի դոցենտ, պարսից լեզվի և գրականության բաժնի վարիչ, բ.գ.թ. Մահբոդ Ղաֆֆարիի հետ զրուցել ենք ԵՊՀ-ի հետ համագործակցության պատմության և առաջիկա ծրագրերի մասին՝ անդրադառնալով ԵՊՀ-ի և արտասահմանյան բուհերի միջև գործընկերային կապերի ամրապնդման կարևորությանը:
- Պարո՛ն Ղաֆֆարի, ինչպե՞ս սկսեցիք համագործակցել ԵՊՀ-ի հետ:
- ԵՊՀ իրանագիտության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ., իրանագիտության ամբիոնում պարսկերենի դասավանդման միջազգային կրթական ծրագրի համակարգող Նունիկ Դարբինյանի հետ ծանոթացա 2021 թվականի դեկտեմբերին Քեմբրիջի համալսարանի կազմակերպած «Պարսկերենի և պարսից գրականության ուսուցում» միջազգային 3-րդ առցանց գիտաժողովի շրջանակում: Գիտաժողովից հետո Ն. Դարբինյանի հետ իմ առցանց հանդիպումների ժամանակ ես մանրամասնորեն տեղեկացա Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի մասին։ Այնուհետև մենք մի քանի հանդիպումներ ունեցանք ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ․, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանի հետ, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ, պրոֆեսոր Ալեքսանդր Մարգարովի, ինչպես նաև ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանի հետ: Առաջարկեցինք ԵՊՀ-ի հետ համագործակցել «Պարսից լեզվի ուսուցում» ծրագրի շրջանակում, որը նախատեսված էր արտասահմանցի ուսանողների՝ իրանագիտության և պարսկերենի գիտելիքները խորացնելու համար: Խնդրեցինք, որ մեր ուսանողները գան և 3 ամիս սովորեն ԵՊՀ-ում։ Առաջին դասընթացը մեկնարկեց 2022 թվականի սեպտեմբերին՝ չորս ուսանողի մասնակցությամբ:
- Ինչպե՞ս եք գնահատում համագործակցության արդյունքները։
- Իմ կարծիքով, նման համագործակցություն սկսելը և շատ կարճ ժամանակահատվածում զգալի արդյունքներ գրանցելն անչափ կարևոր են: Գործընթացի իրականացման նպատակով անհրաժեշտ էին մասնագետներ Քեմբրիջի համալսարանից և ԵՊՀ-ից՝ դասընթացի մշակման, գրանցման և վարչական աշխատանքներում ներգրավելու համար:
Շատ դրական էին ուսանողների արձագանքները դասընթացի մեկնարկին, ինչպես նաև ծրագրի ավարտից հետո: Նրանք գոհունակություն էին հայտնել ԵՊՀ-ում անցկացված դասընթացից ու դասավանդման ժամանակակից մեթոդներից: Ուսանողները շատ տպավորված էին ԵՊՀ գիտական և վարչական անձնակազմի պրոֆեսիոնալիզմով, ինչպես նաև համալսարանականների բարեհամբույր վերաբերմունքով ու աջակցությամբ: Իսկ մեզ գոհացրեց ուսանողների առաջադիմությունը, երբ նրանք վերադարձան Քեմբրիջ՝ շարունակելու իրենց կրթությունը:
- Որքանո՞վ եք կարևորում ԵՊՀ-ի հետ համագործակցությունը։
- ԵՊՀ-ն Հայաստանի ամենամեծ և ամենահին համալսարանն է, որն ունի պարսկերենի դասավանդման բազմամյա փորձ, իսկ բանիմաց գիտնականներն ու փորձառու դասախոսները մեզ համար այն դարձնում են ակադեմիական կարևոր հաստատություն: Ավելին, երբ այցելեցի ԵՊՀ իրանագիտության ամբիոն, ինձ հաճելիորեն զարմացրեց այն, որ բոլորը պարսկերենով ազատ հաղորդակցվում էին ինձ հետ:
Մեր համագործակցության համար վճռորոշ և երկուստեք կարևոր է ծրագրի շրջանակում պարսկերենի ուսուցման դասընթացը արտերկրում, մասնավորապես՝ ԵՊՀ-ում անցկացնելը։
Նշեմ, որ Էդինբուրգի, Օքսֆորդի և Լոնդոնի SOAS համալսարանները, հետաքրքրվելով պարսկերենի ուսուցման համար «Մեկ տարի արտերկրում» ծրագրով, ցանկություն հայտնեցին, որ իրենց ուսանողները ևս միանան ԵՊՀ-ում պարսկերենի ուսուցման այս դասընթացներին: Վերջին 2 տարվա ընթացքում այս բուհերը հետևեցին մեր օրինակին և իրենց ուսանողներին նույնպես ուղարկեցին Հայաստան։
Ի վերջո, Հայաստանն Իրանի հարևանն է. բազմաթիվ իրանցիներ ապրում և աշխատում են Երևանում, որպես զբոսաշրջիկներ այցելում են Հայաստան: Մեր ուսանողների համար կա Հայաստանում սովորելու և պարսկախոսների հետ հաղորդակցվելու հնարավորություն:
- Ի՞նչ մեթոդներ եք կիրառում Քեմբրիջի համալսարանում պարսկերեն դասավանդելիս:
- Քեմբրիջի համալսարանում պարսկերեն դասավանդելիս կիրառում ենք հաղորդակցական, ուսանողակենտրոն մեթոդներ, ապահովում բազմաբովանդակ դասընթաց՝ օգտագործելով տարատեսակ տեխնոլոգիաներ: Այս հմտությունները մեզ համար կարևոր են մի կողմից՝ բազմաթիվ նյութեր լսելու և կարդալու, իսկ մյուս կողմից՝ խոսելու և գրելու հմտությունները արդյունավետ զարգացնելու տեսանկյունից:
- ԵՊՀ-ի հետ համագործակցության շարունակականությունն ապահովելու համար ի՞նչ հեռանկարներ են առկա:
- Ծրագրի շրջանակում մենք կշարունակենք մեր ուսանողներին ուղարկել Երևանի պետական համալսարան: Քեմբրիջի համալսարանի ռուսագիտության բաժնի իմ գործընկերներին պատմել եմ ԵՊՀ տված կրթության բարձր որակի մասին, և նրանք որոշել են ռուսերենի ուսուցման համար ԵՊՀ-ն դիտարկել «Մեկ տարի արտերկրում» ծրագրի շրջանակում: Ես կապի մեջ եմ եղել նաև միջազգային կապերի բաժնի հետ և առաջարկել պարսկերենի ուսուցման ամառային կարճ դասընթացներ կազմակերպել։ Առաջին դասընթացները տեղի ունեցան 2023 թվականին մեր ուսանողներից մեկի մասնակցությամբ, և ես վստահ եմ, որ սույն նախաձեռնությունը կլինի շարունակական։
Որպես Միջին Արևելքի ուսումնասիրությունների ֆակուլտետի ներկայացուցիչ՝ իմ գործընկերներին ներկայացրել եմ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի հետ համագործակցության հնարավոր ուղիները։ Արաբական ուսումնասիրությունների և մարդաբանության ոլորտի մեր դասախոսներից մեկն այս նպատակով այցելել է ֆակուլտետ, ինչի արդյունքում այժմ կատարում ենք համատեղ ուսումնասիրություն։ Նշեմ նաև, որ Քեմբրիջում ԵՊՀ դասախոսները և հետազոտողները մասնակցել են գիտաժողովների:
Կարծում եմ, որ երկու համալսարանների միջև իրանագիտության և Մերձավոր Արևելքի ուսումնասիրության ոլորտում համագործակցության մեծ ներուժ կա, որն իրագործելի է ինչպես կրթական դասընթացների շրջանակում, այնպես էլ հետազոտական գործունեության մեջ:
- ԵՊՀ ուսանողները, ասպիրանտները, երիտասարդ հետազոտողներն առաջիկայում հնարավորություն կստանան այցելելու Քեմբրիջի համալսարան և մասնակցելու դասընթացների: Կներկայացնե՞ք այս ծրագրի մանրամասները: Ի՞նչ հնարավորություններ կընձեռվեն նրանց:
- Մենք կցանկանայինք, որ ԵՊՀ երիտասարդ գիտաշխատողները և գիտական անձնակազմը, որոնք տիրապետում են անգլերենին, իրենց հետազոտությունների արդյունքները ներկայացնեն մեր գիտաժողովների կամ Մերձավոր Արևելքի ուսումնասիրություններին վերաբերող դասախոսությունների ժամանակ: Նրանք կարող են նաև որպես այցելու գիտնականներ դիմել մեր բաժին, որպեսզի օգտվեն մեր գրադարաններից և այլ ռեսուրսներից՝ հետազոտություններ կատարելու համար:
Մենք պատրաստ ենք ընդունելու նաև ԵՊՀ ասպիրանտների և մագիստրանտների փոքր խմբերի, որոնք կարճ ժամանակով կգան մեր դասերին մասնակցելու և ուսումնասիրություններ կատարելու նպատակով. սակայն այսօրինակ այցերն անհրաժեշտ է կազմակերպել նախապես: Լավ կլինի, որ նման այցելություն կազմակերպվի այն ժամանակ, երբ Քեմբրիջի մեր ուսանողները վերադառնան Հայաստանից և կարողանան դիմավորել իրենց ուսանող ընկերներին ԵՊՀ-ից։
Համագործակցության շրջանակում հնարավոր է նաև, որ մեր պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները լինեն ԵՊՀ դոկտորական ատենախոսության անձնակազմի մաս՝ որպես համատեղ ղեկավարներ կամ քննող խորհրդի անդամներ: Սա կարող է մեծ փորձառություն լինել, որպեսզի ԵՊՀ այցելեն մեր ասպիրանտները, գիտաշխատողները: Սովորաբար այցելու գիտնականները և ուսանողները վճարովի հիմունքներով են այցելում Քեմբրիջ, սակայն հույս ունենք, որ ԵՊՀ-ի հետ գործակցության շրջանակում կարճաժամկետ այցելությունների դեպքում վճարային որոշ փոփոխություններ կկատարվեն համալսարանականների համար:
- Ե՞րբ եք նախատեսում այցելել Հայաստան, մասնավորապես՝ Երևանի պետական համալսարան։
- Իմ առաջին այցը Հայաստան 2023 թվականի սեպտեմբերին էր, և դա իսկապես անմոռանալի էր։ Միշտ ուրախ եմ այցելել Երևանի պետական համալսարան և հանդիպել իմ հարգարժան գործընկերներին։ Պլանավորել եմ ապրիլին կամ սեպտեմբերին նորից այցելել Երևանի պետական համալսարան: