Февраля 20, 2024 | 14:53
Наука
Образование
Международное сотрудничество
Встреча, посвященная изучению исторического пути армян диаспоры на Ближнем Востоке в ЕГУ
ԵՊՀ է այցելել Հայկազյան համալսարանի (Բեյրութ) նախագահ, դոկտոր Փոլ Հայդոսթյանը և Պատմության ֆակուլտետում ներկայացրել «Խոհեր եւ քաղուածքներ Մերձաւոր Արեւելքի հայ օճախներու հարիւրամեակներու առթիւ» խորագրով դասախոսություն։
Թեմայի շրջանակում նա Լիբանանի և Սիրիայի կրթամշակութային ու ազգային հաստատությունների հարյուրամյակների վերաբերյալ կատարել է ուսումնասիրություն և պատրաստել դասախոսություն:
«2022 թվականից Լիբանանում և Սիրիայում սկսեցին տարածվել և հրապարակվել հայտարարություններ, թե այսինչ դպրոցը, եկեղեցին կամ մարզը նշելու է իր հարյուրամյակը: Մենք զգացինք ու նկատեցինք, որ այդ ընթացքում բարեփոխումների տեսակը և թիվը շատ մեծ է եղել: Ամրագրեցինք, որ Բեյրութի մի շարք հաստատություններ այդպես էլ չեն հասել իրենց 100-ամյակին՝ ի տարբերություն ուրիշների: Եվ ինձ համար չափազանց կարևոր հարց էր, թե ինչու: Դասախոսության նպատակն էր ցույց տալ, թե այդ հարյուրամյակների ընթացքում մենք ի՞նչ դասեր քաղեցինք, ո՞ւմ հետ համագործակցեցինք, որտե՞ղ իրար լրացրինք և այլն»,- նշեց դոկտորը:
Դասախոսության ընթացքում բերելով մի քանի հաստատությունների օրինակներ՝ Փ. Հայդոսթյանը նշեց, որ հստակ է՝ հայն իր կյանքը Սփյուռքում կազմակերպելու կարողություն է ունեցել, և բերված օրինակները այդ պնդումն ամրապնդելու նպատակ ունեն:
«Մերձավոր Արևելքը սովորել է, որ պիտի չվստահի տեղական կայունությանը կամ օտարների նեցուկին: Այո՛, ես կարծում եմ, որ քաղված դասեր կան: Երբ հիմնում են որևէ հաստատություն, չպետք է ակնկալել, որ պայմանները նպաստավոր կլինեն, որ օտարները միշտ պիտի մեզ օգնեն և նեցուկ լինեն ֆինանսապես»,- ասաց բանախոսը:
Անդրադառնալով նմանօրինակ դասախոսությունների կարևորությանը և երկու համալսարանների միջև գործակցությանը՝ Պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը նշեց. «Կարևորում ենք այս համագործակցությունը, որովհետև տարածաշրջանային զարգացումներն ու մարտահրավերները, որոնց բոլորս ենք բախվում և՛ այստեղ, և՛ Բեյրութում, և՛ մերձավորարևելյան տարբեր երկրներում, ցույց են տալիս մեկ բան՝ որ գոնե մեր պարագայում խնդիրները լուծելի են դառնում, եթե կա համագործակցություն, խնդիրները քննարկելու ցանկություն: Մենք համարում ենք, որ սա մեր երկխոսության առաջին քայլն է: Վստահ ենք, որ երկխոսությունը պիտի ունենա շարունակություն և առարկայական դրսևորումներ»:
Հանդիպումն առիթ դարձավ ԵՊՀ-ի և Հայկազյան համալսարանի միջև գործակցային կապերի ստեղծման ու զարգացման հեռանկարներ նախանշելու: Մ. Գաբրիելյանը հիշեցրեց, որ ավանդաբար պատմաբանները բավականին ակտիվ կապեր են ունեցել Լիբանանի հայ համայնքի հետ և այնտեղ տարբեր տարիների կարդացել են դասախոսություններ, անցկացրել քննարկումներ:
Դեկանը Փոլ Հայդոսթյանին, դոկտոր Անդրանիկ Դաքեսյանին, ինչպես նաև Հայկազյան համալսարանի պատվիրակությանը հրավիրեց մասնակցելու Պատմության ֆակուլտետի և ԵՊՀ-ի հիմնադրման 105 ամյակին նվիրված միջոցառումներին:
Հավելենք, որ դասախոսության ավարտից հետո պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցությունների շարունակականությունն ամրապնդելու, համատեղ գիտաժողովներ անցկացնելու վերաբերյալ: