Февраля 23, 2024 | 14:49
Наука
Исследовательская работа
Студенческий
«Математика привлекла меня еще со школы, университет - крепко связал с наукой»: аспирант ЕГУ
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի ասպիրանտ Արման Բայրամյանը ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2023» դրամաշնորհային մրցույթի հաղթողներից է:
Մեզ հետ զրույցում երիտասարդ հետազոտողը պատմեց տեսական մաթեմատիկայի զարգացման հեռանկարների, ուսումնասիրության արդիականության, ԵՊՀ գիտական միջավայրի մասին:
- Արմա՛ն, ներկայացրե՛ք, խնդրեմ, Ձեր հետազոտությունը:
- «Անվերջ պարբերական խմբեր և հավանականային նույնություններ խմբերի մեջ» թեմայով ուսումնասիրությունս վերաբերում է հանրահաշվի ենթատեսություններից մեկին՝ խմբերի տեսությանը: Ավելի կոնկրետ՝ դիտարկում եմ անվերջ պարբերական խմբերը: Այս ենթաճյուղի զարգացման մեջ մեծ ներդրում ունի ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս Սերգեյ Ադյանը: Երբեմն կատակով ասում եմ, որ ես նրա «գիտական թոռն» եմ (ժպտում է- հեղ․), քանի որ զբաղվում եմ անվերջ պարբերական խմբերի ուսումնասիրությամբ, որտեղ մեծ ներդրում ունի նա: Այժմ ակադեմիկոսի հետազոտած որոշ կառուցվածքների միջոցով փորձում ենք նոր խնդիրներ լուծել: Հետազոտությունս ամբողջովին տեսության մասին է, սակայն մաթեմատիկան՝ որպես գիտություն, իր գոյությամբ բազմիցս ապացուցել է, որ տեսական շատ բարդ գաղափարներ ունեցել են
կարևոր կիրառություններ, եղել շատ օգտավետ: Այս տեսանկյունից մենք այժմ մեր հետազոտությամբ փորձում ենք մաթեմատիկայի անսահման տիրույթում, առաջադրելով խնդիրներ, գտնել լուծումներ՝ բերելով նորույթ:
- Ո՞վ է ղեկավարում Ձեր գիտահետազոտական աշխատանքը, կպատմե՞ք գիտական ղեկավարի հետ համագործակցության մասին:
- Գիտական ղեկավարս Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի վարիչ, ֆ․մ․գ․դ․, պրոֆեսոր Վարուժան Աթաբեկյանն է: Չափազանց կարևորում եմ պրոֆեսորի հետ համագործակցությունը մշտապես մասնագիտական աջակցություն ցուցաբերելու տեսանկյունից: Այս դեպքում պարզապես անգնահատելի են գիտական աշխարհում մեծ փորձառություն ունեցող մասնագետի ուղղորդումն ու խորհուրդները: Ես պարոն Աթաբեկյանի հետ համագործակցում եմ դեռ բակալավրիատի 3-րդ կուրսից և նրա օգնությամբ մագիստրատուրայում արդեն երկու հոդված եմ գրել: Այժմ էլ պարբերաբար հանդիպում ենք, քննարկում մեր աշխատանքի խնդիրները, հետագա անելիքները:
- Ի՞նչ եք կարծում, եթե ԵՊՀ-ում չլինեիք, գիտությունը կլինե՞ր այսքան գրավիչ:
- ԵՊՀ-ն այն միջավայրն է, որը նպաստում է գիտությամբ զբաղվելուն: Եթե չգայի համալսարան, միգուցե ընդհանրապես չզբաղվեի մաթեմատիկայով, իսկ ԵՊՀ-ն ապահովում է գիտությամբ զբաղվելու շարունակականությունը թե՛ գիտական ղեկավարների, պրոֆեսորադասախոսական կազմի հետ արդյունավետ աշխատանքի, թե՛ մեզնից կրտսեր սերնդի հետ հաղորդակցվելու միջոցով: Ես կարծում եմ, որ մեզնից յուրաքանչյուրի առաջնահերթ խնդիրն է խթանել առկա գիտական դպրոցի զարգացումը, մեծացնել տարբեր ուսումնասիրություններով զբաղվող երիտասարդների թիվը: Այս առումով համալսարանը նպաստավոր միջավայր է:
- Պատմեք, խնդրում եմ, համալսարանական միջավայրում Ձեր և առավել կրտսեր սերնդի միջև մասնագիտական հարցերի շուրջ հաղորդակցության, քննարկումների մասին:
- Կրտսեր կուրսերի ուսանողների հետ մշտապես շփվում եմ, զրուցում մաթեմատիկական տարբեր խնդիրների մասին: Երբեմն պատմում եմ մեր ուսումնասիրությունների մասին, փորձում հրապուրել, որ զբաղվեն խմբերի տեսությամբ: Նաև՝ հաղորդակցումն ապահովվում է տարբեր սեմինարների շրջանակում: Օրինակ՝ անցած կիսամյակ սեփական նախաձեռնությամբ սկսել էի
հանրահաշվական տոպոլոգիայի վերաբերյալ դասընթացների շարք: Ներկա էին թեմայով հետաքրքրված ուսանողներ Մաթեմատիկայի և մեխանիկայի, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներից: Սեմինարները կարևոր միջոց են մաթեմատիկայի գրավչությունը ցույց տալու, ուսանողներին գիտության մեջ ներգրավելու համար, քանի որ այստեղ նույնիսկ ակնհայտ դրույթներից խոսելը, գաղափարների փոխանակումը կարող են վերածվել նոր ուսումնասիրության, հետազոտության:
2019-2021 թթ․-ին մասնակցել եմ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային, իսկ վերջին երկու տարիներին ներգրավվել եմ թիմում՝ որպես մարզիչ: Այսպես ևս մշտապես հաղորդակցվում եմ ինձնից կրտսերների հետ:
Ամփոփելով՝ շեշտեմ, որ եթե մաթեմատիկան գրավի որևէ մեկին, ապա նրանից հեռանալ այլևս չի ստացվի: Կարևոր դերակատարում ունի ճիշտ ընտրված միջավայրը, այս դեպքում՝ հարազատ ԵՊՀ-ն, քանի որ չնայած մաթեմատիկան գրավել է ինձ դեռ դպրոցից, բայց համալսարանն է, որ ինձ ամուր կապել է գիտությանը: