Февраля 26, 2024 | 13:10
Партнеры
Образование
Международное сотрудничество
Декан факультета международных отношений ЕГУ принял участие в конференции, проведенной в Индии
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանը փետրվարի 21-23-ը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում մասնակցել է Հնդկաստանի ԱԳՆ և «Դիտորդ հետազոտական հիմնադրամ»-ի կազմակերպած ամենամյա «Ռաիսինա երկխոսություն» աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական հեղինակավոր համաժողովին:
Տիգրան Եփրեմյանը հյուրընկալվել է «Ռաիսինա գաղափարներ» վերլուծական հաղորդաշարին, մասնակցել պանելային քննարկման, որը նվիրված էր Եվրոպայի և Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական և անվտանգային հիմնախնդիրներին: Համաժողովի շրջանակում Տիգրան Եփրեմյանը մասնակցել է նաև «Հնդկաստան-Հայաստան երկխոսություն» միջոցառմանը:
Նա հանդիպել է «Դիտորդ հետազոտական հիմնադրամ»-ի՝ Հնդկաստանի առաջատար ուղեղային կենտրոնի ղեկավար կազմի, մասնավորապես՝ նախագահ, դոկտոր Սամիր Սարանի, Սանջոյ Ջոշիի և Կալկաթայի մասնաճյուղի տնօրեն, դոկտոր Նիլանջան Գոշի հետ։ Հանդիպմանը քննարկվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հետ համագործակցության մի շարք ուղղություններ: Համաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ են եղել Դելիի համալսարանի և Ջավահարլալ Ներուի համալսարանի պրոֆեսորների հետ:
Փետրվարի 22-ին դեկան Տիգրան Եփրեմյանն այցելել է Դելիի համալսարան, որտեղ հանդիպել է Դելիի համալսարանի միջազգային համագործակցության պրոռեկտոր, պրոֆեսոր Աշուտոշ Բհարդվաջի և պրոֆեսոր Պամելա Սինգլայի հետ:
Կողմերը քննարկել են ԵՊՀ-ի և Դելիի համալսարանի միջև համագործակցության հաստատման մի շարք հարցեր. այդ թվում՝ պրոֆեսորադասախոսական կազմի փոխայցելություններ և ուսանողների փոխանակման ծրագրեր, հայ-հնդկական հարաբերություններին նվիրված միջազգային գիտաժողովի կազմակերպում, ԵՊՀ-ում հնդկագիտության, իսկ Դելիի համալսարանում հայագիտական կրթական մոդուլների ստեղծման հնարավորություններ, մագիստրոսական թեզերի և ասպիրանտների ատենախոսությունների ղեկավարում և համաղեկավարում, ինչպես նաև դիտարկվել է կրկնակի դիպլոմով մագիստրոսական ծրագրի ստեղծման հեռանկարը:
Կարևորելով հայ-հնդկական հարաբերությունների հարուստ պատմությունը և ներկա հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ դեկանն առաջարկել է խթանել նաև հայ-հնդկական ակադեմիական հարաբերությունները: Կողմերն ընդգծել են, որ երկու համալսարանների միջև ինստիտուցիոնալ համագործակցությունը ենթադրում է նաև փոխըմբռնման հուշագրի ստորագրում և պայմանավորվել են շարունակել քննարկումներն այդ ուղղությամբ: