Марта 01, 2024 | 11:36
Международное сотрудничество
Профессор ЕГУ, один из лучших участников международной программы
«Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ» կազմակերպության հիմնադրման 50-ամյակի առթիվ այս տարի անդրադարձ է կատարվում տարբեր երկրներում կազմակերպության իրականացրած ծրագրերի լավագույն 50 շրջանավարտներին, որոնց թվում է նաև ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը:
ԱՄՆ կառավարությունը «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ» կազմակերպության («Ամերիկյան խորհուրդներ») միջոցով, ԱՄՆ պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժնի հովանավորությամբ 2001-2012 թթ․ իրականացրել է «Երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագիրը» («Junior Faculty Development Program/JFDP»):
Դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մարգարովը 2001-2002 թվականներին մասնակցել է այդ ծրագրին և ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում համագործակցել Այովայի համալսարանի պրոֆեսոր Ուիլյամ Ռայզինգերի հետ՝ նպատակ ունենալով լավարկելու իր ակադեմիական դասընթացների որակը ԵՊՀ-ում:
Նա կատարել է արժեքավոր հետազոտություններ, համագործակցել Համեմատական օրենսդրության հետազոտական կենտրոնի հետ, մշակել համապարփակ մատենագիտություն անցումային քաղաքականության և ռեժիմի փոխակերպման վերաբերյալ:
Նրա մշակած մեթոդաբանությունը մինչ օրս լայն կիրառություն ունի գիտական հանրության շրջանակում:
Ալեքսանդր Մարգարովը մեծապես նպաստել է ԵՊՀ-ում Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի հիմնադրմանը և ստեղծել ԵՊՀ հանրային կառավարման ծրագիրը՝ Արիզոնայի և Երևանի պետական համալսարանների կրթական համագործակցության շրջանակում:
2008 թվականին նա նշանակվել է Հանրային կառավարման վարչության պետի առաջին ժամանակավոր պաշտոնակատար։
Ըստ Ալեքսանդր Մարգարովի՝ «Երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագիրը» մեծ դերակատարում է ունեցել իր մասնագիտական աճի գործում և նպաստել է Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին համապարփակ գիտելիք ձեռք բերելուն: