Май 07, 2024 | 15:17
Наука
Образование
Международное сотрудничество
Делегация Карловского университета побывала в ЕГУ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում հյուրընկալվեց Կարլովի համալսարանի (Պրահա) պատվիրակությունը՝ հետազոտական խմբի կատարած աշխատանքները ներկայացնելու, ինչպես նաև ոլորտով հետաքրքրված ուսանողներին դաշտային և լաբորատոր աշխատանքներում ներգրավելու նպատակով։
Պատվիրակության կազմում էին Կարլովի համալսարանի պրոֆեսոր Դանիել Ֆրինտան և նրա գործընկերներ Պետրա Ֆրիդլովան, Իվետա Ստոլհոֆերովան, Ալեքսանդրա Քոմիկը:
Ինչո՞ւ են մարդիկ զգուշանում կենդանիներից, որոնց տասնյակ հազարավոր տարիներ արդեն չեն հանդիպում առօրյա կյանքում, իսկ, օրինակ, մեքենաներից կամ էլեկտրականությունից, որոնք յուրաքանչյուր տարի դառնում են հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ, չեն վախենում: Միգուցե այդ վախերը մարդկանց համար այլևս արդիակա՞ն չեն. այս և հարակից հարցերի մասին դասախոսություն ներկայացրեց Կարլովի համալսարանի պրոֆեսոր Դանիել Ֆրինտան: Խոսելով վախերի, մասնավորապես՝ սողուններից զգուշանալու մասին՝ պրոֆեսորը նշեց, որ կարծրացած բոլոր այս վախերը մարդուն ուղեկցում են հնագույն ժամանակներից:
«Սա բավական հին խնդիր է, որն անմիջականորեն կապված է մեր ուղեղի աշխատանքի հետ: Առավել լավ հասկանալու համար այն կարելի է համեմատել որոշակի հնարավորություններ ունեցող համակարգչի հետ, որտեղ ամեն բան աշխատում է՝ ըստ որոշակի ծրագրերի, որոնք գիտեն, թե ինչն է վտանգ, ինչից պետք է զգուշանալ: Ըստ դրա՝ ենթագիտակցորեն մարդը սկսում է զգուշանալ կենդանիներից»,- մանրամասնեց պրոֆեսորը:
Խոսելով ԵՊՀ-ի հետ գործակցության և Հայաստան այցելությունների մասին՝ պրոֆեսորը պատմեց, որ առաջին անգամ ՀՀ այցելել է դեռ 35 տարի առաջ՝ հետազոտություններ կատարելով կ.գ.դ., պրոֆեսոր Ֆելիքս Դանիելյանի, պրոֆեսոր Էդուարդ Յավրոյանի հետ:
«Երկար տարիների համատեղ աշխատանքը վկայում է, որ երկուստեք առկա է համագործակցության նկատմամբ շահագրգռվածություն: Հայաստանը շատ հետաքրքիր երկիր է՝ կենդանական հարուստ աշխարհով: Մեր ուսանողների համար շատ լավ կլիներ լինել Հայաստանում և ծանոթանալ զանազան լանդշաֆտներին և բազմազան կենդանատեսակներին»,- ներկայացրեց պրոֆեսորը:
Կ.գ.թ., դոցենտ Իվետա Ստոլհոֆերովան նշեց, որ ԵՊՀ-ում և Հայաստանում լինելը կարևոր հնարավորություն է զարգացնելու գիտակրթական երկու հաստատությունների հարաբերությունները:
«Ինձ համար մեծ պատիվ է համագործակցել Երևանի պետական համալսարանի հետ՝ նկատի ունենալով գիտակրթական հարուստ ավանդույթներն ու փորձառությունը: Ես ներկայացրել եմ իմ հետազոտության արդյունքները, որոնք վերաբերում են սողունների աճին՝ բացահայտելով շատ հետաքրքիր մանրամասներ»,- ընդգծեց Իվետա Ստոլհոֆերովան:
Կարլովի համալսարանի ներկայացուցիչների այցը կազմակերպվել էր ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի ջանքերով: Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մարինե Առաքելյանը, անդրադառնալով արտասահմանցի գործընկերների հետ համագործակցությանը, փաստեց, որ արդեն կատարվել են հետազոտական համատեղ աշխատանքներ, որոնց հաջորդել է նրանց այցը ԵՊՀ: Հաջորդ փուլով ԵՊՀ գիտաշխատողները կմեկնեն Պրահա, այնուհետև ԵՊՀ մեկ ուսանողի հնարավորություն կընձեռվի գնալու Կարլովի համալսարան՝ համատեղ հետազոտություն կատարելու նպատակով:
«Կարլովի համալսարանի մեր գործընկերները հետազոտում են հետաքրքիր թեմաներ կենդանի–մարդ համակարգի ուսումնասիրության համար: Կարևոր են նաև հետազոտություններն անցկացնելու համար ընտրված մեթոդները, և այժմ մենք հնարավորություն ունենք միանալու հետազոտական այս թիմին՝ ընդգրկելով հետաքրքրված ուսանողներին»,- մանրամասնեց Մարինե Առաքելյանը:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դասախոսները, ուսանողները և հյուրեր: