Май 23, 2024 | 11:49
Партнеры
Международное сотрудничество
Мероприятия
Профессора Университета Мартина Лютера в Галле-Виттенберге намерены расширить сотрудничество с ЕГУ
ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի ունեցավ հանդիպում Հալլե-Վիտտենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի պրոֆեսորների և ուսանողների հետ։ Հանդիպման շրջանակում քննարկվեց կրոնի դերը պատմական և արդի գործընթացներում։
Գործընկերային կապերն ամրապնդելու նպատակով պարբերաբար Երևանի պետական համալսարան են այցելում արտերկրի բուհերի ներկայացուցիչներ։ Այս անգամ ԵՊՀ պատմության ֆակուլտետում հյուրընկալվել էին Հալլե-Վիտտենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի ներկայացուցիչները։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ․գ․թ․, դոցենտ Մխիթար Գաբրիելյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց քննարկման թեման և ընդգծեց, որ ֆակուլտետի կրթական ծրագրերի շրջանակում, տարբեր խնդիրներին զուգահեռ, ինտենսիվ հետազոտվում է նաև կրոնի մարդաբանությունը։
Հալլե-Վիտտենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի դեկան Դանիել Ցիրանկան, խոսելով իրենց այցի նպատակից, նշեց, որ ցանկանում են զարգացնել երկու համալսարանների միջև առկա գործակցությունը, ինչի շուրջ արդեն իսկ համաձայնության են եկել ԵՊՀ ռեկտորի հետ։
«Երևանի պետական համալսարանում գտնվող մեր խմբի կազմում ընդգրկված են թե՛ պրոֆեսորներ, թե՛ ուսանողներ, և բոլորս էլ շահագրգռված ենք՝ ամրապնդելու երկու համալսարանների միջև գործակցային կապերը»,- ասաց Դանիել Ցիրանկան։
Նա ընդգծեց, որ կրոնի պատմությունն իր հետազոտությունների կիզակետում է։ Որպես կրոնի պատմաբան՝ նա հարցեր ուղղեց ներկաներին՝ ի՞նչ են պատմությունն ու կրոնը, ինչի՞ համար է պետք դրանց իմացությունը, ո՞ր ժամանակներից են գալիս դրանք և ո՞ւր են տանում։
ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, հանդիպման նախաձեռնող Աշոտ Հայրունին, անդրադառնալով բարձրաձայնված հարցերին, հայտնեց իր տեսակետը․ «Չկան ճիշտ և սխալ կրոններ։ Եթե տվյալ կրոնի ընկալումը կապված է Աստծո հանդեպ հավատի ընկալման հետ, ապա այդ կրոնը ճիշտ է։ Կա մեկ Աստված, բայց կան տարբեր ընկալումներ»։
Հանդիպմանը ներկա էր նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը։ Անդրադառնալով կրոնի դերին Հայոց ցեղասպանության համատեքստում՝ նա ասաց․ «Թուրք ոճրագործներն օգտագործում էին իսլամը՝ հասարակ թուրք ժողովրդին ցեղասպանությանը մասնակից դարձնելու համար, իսկ հայերը՝ որպես քրիստոնեությունը պետական կրոն ընդունած առաջին ժողովուրդն աշխարհում, պայքարում էին ցեղասպանության դեմ՝ հավատալով կրոնին, որն իրենց ինքնության մասն էր»։
Պատմությանն ու կրոնին առնչվող հարցադրումների շուրջ խոսեցին նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողները՝ արտահայտելով իրենց տեսակետը ներկայիս աշխարհաքաղաքական իրադրությունում։
Նշենք, որ Հալլե-Վիտտենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնակցեցին ԵՊՀ պատմության և աստվածաբանության ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և ուսանողները: