Май 30, 2024 | 10:29
Наука
Образование
Международное сотрудничество
Актуальные вопросы молекулярной и прецизионной онкологии – в центре внимания проведенных курса компании «BostonGene»
Курс «Молекулярная и прецизионная онкология», совместно организованный Ереванским государственным университетом и американской биотехнологической компанией «BostonGene», завершился церемонией вручения сертификатов участникам.
Մարտի 11-ին մեկնարկած տասներկուշաբաթյա դասընթացին մասնակցել են շուրջ 38 ուսանողներ և շրջանավարտներ, սակայն հավաստագրեր ստացան դասընթացին ակտիվություն ցուցաբերած և այն հաջողությամբ ավարտած միայն 23 մասնակիցներ: Դասընթացի շրջանակում քննարկվել են մոլեկուլային և բջջային կենսաբանության այն թեմաները, որոնք այսօր առավել լայնորեն կիրառվում են բժշկության մեջ, ժամանակակից անհատականացված ուռուցքաբանության ոլորտում գրանցված հաջողությունները, ոլորտի հեռանկարային և զարգացող ուղղությունները, անհատականացված ուռուցքաբանական տվյալների բազաները, տեղեկատվական աղբյուրները, ստանդարտները և այլ թեմաներ։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով ԵՊՀ-ի և «BostonGene»-ի միջև համագործակցությունը, նշեց, որ երկուստեք գործակցությունը հեռանկարային է, ինչը շարունակական աշխատանքի շնորհիվ ավելի է ամրապնդվելու և խորանալու:
«Թեև մեր համագործակցությունը «BostonGene» ընկերության հետ սկսվել է ոչ վաղ անցյալում, սակայն գրանցված արդյունքներն արդեն տեսանելի են: Մեզ համար կարևոր է, որ մեր ուսանողները հասկանան, թե որտեղ կարող են օգտագործել իրենց մասնագիտական ունակությունները։ «BostonGene»-ը այն կազմակերպություններից մեկն է, որտեղ հետագայում մեր ուսանողները հնարավորություն կունենան գտնելու բարձր վարձատրվող աշխատանք: Թե՛ կենսաբանությունը, թե՛ ֆարմացիան այն ոլորտներն են, որոնք սերտ կապ ունեն բժշկության և մարդու կյանքի հետ։ Դասընթացի թեման արդիական է, քանի որ քաղցկեղին առնչվող խնդիրների լուծումը ամենօրյա գործընթաց է ամբողջ աշխարհում»,- ասաց ԵՊՀ ռեկտորը:
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված դասախոսությունները վարել են «BostonGene» ընկերության «Ճշգրիտ ուռուցքաբանության» բաժանմունքի առաջատար մասնագետները: Կ․գ․թ․ Վյաչեսլավ Սենիչկինը, որը բազմաթիվ դասախոսություններ է անցկացրել ԵՊՀ ուսանողների համար, կատարել փորձի փոխանակում և քննարկել մի շարք մասնագիտական հիմնահարցեր, մեզ հետ զրույցում նշեց. «Շատերն են հետաքրքրված «Մոլեկուլային և ճշգրիտ ուռուցքաբանություն» թեմայով, քանի որ խոսքը բարդ հիվանդության մասին է։ Դասընթացը փաստեց, որ շատ ուսանողներ ցանկանում են ավելին իմանալ: ԵՊՀ ուսանողներն ակտիվ ներգրավված են եղել դասընթացին, իսկ հաղորդակցումը ի սկզբանե մեր նպատակներից է եղել: Յուրաքանչյուր դասախոսության ընթացքում ասում էինք՝ հարցեր տվեք, բարդ հարցեր, որոնց արդյունքում տարբեր փուլերում ունենում էինք շփում ուսանողների հետ: Այս տեսանկյունից ուսանողների մասնակցությունը պարզապես եղել է հրաշալի»,- ասաց մասնագետը՝ հավելելով, որ ԵՊՀ-ի հետ համագործակցությունը շարունակական կլինի, և առաջիկայում նախատեսում են իրագործել նոր ծրագրեր:
«Մեր համագործակցությունը ԵՊՀ-ի հետ երկարաժամկետ և հեռանկարային է: Մենք ցանկանում ենք, որ մեր դասընթացը շարունակական բնույթ ունենա՝ ընդգրկելով է՛լ ավելի մեծ թվով ուսանողների: Նախատեսում ենք անցկացնել սեմինարներ, որպեսզի հաղորդակցվենք մարդկանց հետ՝ հնարավորություն ընձեռելով ստանալու նոր գիտելիքներ»,- շեշտեց Վյաչեսլավ Սենիչկինը:
«Մոլեկուլային և ճշգրիտ ուռուցքաբանություն» դասընթացի մասնակիցներից է Արթուր Մանասյանը: Նա ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի «Ընդհանուր և մոլեկուլային գենետիկա» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտ է:
«Ցանկացել եմ մասնակցել այս դասընթացին, քանի որ «BostonGene» կազմակերպությունը շեշտադրում է կատարում անհատական բժշկության և հատկապես քաղցկեղի անհատական բժշկության ոլորտում: Մասնակցելով դասընթացին՝ մենք հնարավորություն ունեցանք ստանալու առավել դետալացված, մանրամասն և թիրախավորված գիտելիքներ: Այն նոր նվաճումների, հմտությունների և գործիքակազմի ձեռքբերման հիմք է հանդիսանալու: Շատ գոհ եմ դասընթացի կազմակերպման և անցկացման ձևաչափից»,- ընդգծեց Ա. Մանասյանը:
Հարցազրույցների փուլը հաղթահարելու պարագայում առավելագույնը 7 ուսանողներ հնարավորություն կստանան աշխատելու և իրենց հետագա կարիերան կառուցելու «BostonGene» ընկերությունում: Այս հնարավորության մասին տեղյակ է ԵՊՀ շրջանավարտ Էլզա Կուչուկյանը և վստահ է, որ դասընթացի շրջանակում ձեռք բերած գիտելիքները անհրաժեշտ են լինելու նույնիսկ հարակից ոլորտներում կիրառելու համար:
«Դասընթացը համակողմանի պատկերացում և գիտելիքներ տվեց մոլեկուլային ուռուցքաբանության մասին: Այս ընթացքում մենք քննարկեցինք բազմաթիվ մասնագիտական թեմաներ, ստացանք մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները և կարողացանք շփվել ընկերության լավագույն մասնագետների հետ: Կարիերայի տեսանկյունից ևս այս դասընթացները հեռանկարային են, քանի որ ուսանողներին ու շրջանավարտներին հնարավորություն է ընձեռված աշխատանքի առաջարկներ ստանալու ընկերության կողմից»,- նշեց Էլզան:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԵՊՀ-ում ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հյուրընկալել էր «BostonGene» ընկերության ներկայացուցիչներին՝ ի դեմս ընկերության լաբորատորիայի տնօրեն, Բժշկական գենետիկայի և գենոմիկայի ամերիկյան քոլեջի անդամ Հայկ Հովհաննիսյանի։ Հանդիպման ընթացքում քննարկվել էին փոխգործակցությունն ընդլայնելու նոր հնարավորություններ, այդ թվում՝ համատեղ իրականացնելու հետազոտություններ, մշակելու կրթական նոր ծրագրեր և գաղափարներ։