Июня 06, 2024 | 15:00
Наука
Образование
Студенты Парижского университета «SciencesPo» посетили ЕГУ
В ЕГУ стартовала летняя школа «Армения в региональном и глобальном контексте», в которой принимают участие 17 студентов из Франции. Благодаря курсам, проводимым в рамках летней школы, студенты получат знания о политической, социальной и культурной жизни Армении и региона.
Երևանի պետական համալսարանի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության, Փարիզի «SciencesPo» համալսարանի, «Զիմին» հիմնադրամի («Zimin Foundation») գործակցությամբ կազմակերպված ամառային դպրոցի շրջանակում անցկացվող դասընթացները բաղկացած են փոխկապակցված չորս բաղադրիչներից, որոնք վերաբերում են Հայաստանի, Հարավային Կովկասի և հարևան պետությունների (ներառյալ Իրանը, Թուրքիան և Մերձավոր Արևելքը), հետխորհրդային եվրասիական և համաշխարհային աշխարհաքաղաքականության մեջ Հայաստանի ներգրավվածության, Հարավային Կովկասում ռուսական քաղաքական զարգացումների թեմաներին: Այս բաղադրիչներից յուրաքանչյուրում կընդգրկվեն ակադեմիկոսների և քաղաքական փորձագետների դասախոսություններ, քննարկումներ:
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը։ Անդրադառնալով ծրագրի ընձեռած հնարավորություններին՝ նա նշեց․ «ԵՊՀ-ն, համագործակցելով «SciencesPo» հեղինակավոր համալսարանի հետ, հանդես է գալիս նաև որպես դասընթացների բովանդակություն առաջարկող, ինչը շատ կարևոր է, քանի որ մեր հետազոտողներն ու դասախոսները օտարերկրյա գործընկերներին են ներկայացնում Հայաստանում առկա գիտական ներուժը: Այս համագործակցությունը լավ հնարավորություն է՝ ամրապնդելու միջազգային կապերը»։
Պրոռեկտորը, խոսելով ամառային դպրոցի խորագրի և թեմատիկ ընդգրկման մասին, ընդգծեց, որ դասընթացների առանցքում են ՀՀ-ն և տարածաշրջանը։
«Օրակարգը կառուցված է այնպես, որ հյուրընկալված ուսանողները հնարավորություն ունենան ծանոթանալու Հայաստանի քաղաքական, սոցիալական և մշակութային զարգացումներին, ինչպես նաև տեղեկանալու տարածաշրջանում գործող տարբեր անձանց վարած քաղաքականություններին»,- ասաց Միքայել Հովհաննիսյանը:
ԵՊՀ-ն «SciencesPo» համալսարանի հետ համատեղ արդեն երկրորդ անգամ է կազմակերպում այսօրինակ դպրոց։ Ամառային և ձմեռային դպրոցներն անցկացվում են ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների բաժնի ջանքերով:
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների բաժնի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Աղաջանյանը ուսանողներին ներկայացրեց առաջիկա օրերի օրակարգը՝ նշելով, որ նախատեսված են այցելություններ տարբեր վայրեր և հաստատություններ, որոնք հնարավորություն կտան առավել համընդգրկուն պատկերացում կազմելու Հայաստանի մասին և կընդլայնեն ուսանողների ստացած գիտելիքների շրջանակը։
Հատուկ այս ամառային դպրոցին մասնակցելու համար ԵՊՀ ժամանած ուսանողները «SciencesPo» համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր կուրսերից են: Այս մասին մեզ հետ զրույցում պատմեց «SciencesPo» համալսարանի միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի առաջատար հետազոտող Կատի Ռուսսելեն:
«ԵՊՀ-ի հետ մենք համագործակցում ենք նախորդ տարվանից, երբ համալսարանում անցկացվեց ձմեռային դպրոցը։ Ուսանողներին շատ էր դուր եկել դպրոցը, ինչպես նաև Հայաստանում անցկացրած ժամանակահատվածը։ Դպրոցից հետո ուսանողները շատ էին խոսում Հայաստանի, Կովկասի մասին: Ձմեռային դպրոցը հաջողությամբ անցկացվեց և առանցքային նշանակություն ունեցավ, ուստի մենք առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Աղաջանյանի հետ որոշեցինք կազմակերպել նաև այսպիսի դպրոց: «SciencesPo» համալսարանի և Երևանի պետական համալսարանի միջև կնքված պայմանագրի շնորհիվ ԵՊՀ ուսանողները հնարավորություն ունեն այցելելու մեր համալսարան, մեր ուսանողները՝ ԵՊՀ: Կարծում եմ, որ մեր ուսանողները պետք է շատ ավելին իմանան և՛ Հայաստանի, և՛ Ֆրանսիայի մասին, ինչը հնարավորություն կընձեռի մեկ այլ հարթակում ևս ամրապնդելու երկկողմ հարաբերությունները»,- ընդգծեց հետազոտողը:
Նշենք, որ «Հայաստանը տարածաշրջանային և համաշխարհային համատեքստում» խորագրով ամառային դպրոցն անցկացվելու են մինչև ս․թ․ հունիսի 12-ը: