Июня 12, 2024 | 16:51
Партнеры
Образование
Исследовательская работа
«Биоинформатика и наука о данных в онкологии»։ в ЕГУ стартует новый курс
ԵՊՀ-ում էին «BostonGene» ամերիկյան կենսատեխնոլոգիական ընկերության ներկայացուցիչները՝ ուսանողներին տեղեկացնելու կրթական նոր դասընթացի մեկնարկի, ընկերության գործունեության և առաքելության, աշխատանքի անցնելու հեռանկարների մասին:
«Կենսաինֆորմատիկան և տվյալների գիտությունը ուռուցքաբանության մեջ» խորագրով դասընթացի շրջանակում առաջարկվում է համապարփակ ուսուցում կենսաինֆորմատիկայի, տվյալների գիտության և ուռուցքաբանության բնագավառներում, առաջատար տեխնոլոգիաների գործնական կիրառման փորձառություն, ճշգրիտ ուռուցքաբանության զարգացող ոլորտում կարիերայի առաջխաղացման հնարավորություն: Նոր աշխատակիցներ ձեռք բերելու և գործընկերային ցանցն ընդլայնելու նպատակով ընկերությունը գործակցում է Երևանի պետական համալսարանի հետ՝ իրականացնելով տարբեր ծրագրեր և անցկացնելով դասընթացներ:
«BostonGene» ամերիկյան կենսատեխնոլոգիական ընկերության հայաստանյան մասնաճյուղի տվյալների հավաքագրման բաժնի ղեկավար Գենադի Սիդելնիկովը, խոսելով ԵՊՀ-ում անցկացվող դասընթացների մասին, նշեց. «Մեր դասընթացների շարքը մեկնարկել է դեռևս անցյալ տարի: Նմանօրինակ վերապատրաստումների միջոցով ցանկանում ենք ունենալ այնպիսի մասնագետներ, որոնք կհամալրեն մեր մեծ ընկերության աշխատակիցների շարքերը՝ աշխատելով որպես կենսաինֆորմատիկներ»:
«Կենսաինֆորմատիկան և տվյալների գիտությունը ուռուցքաբանության մեջ» դասընթացի հիմնական նպատակն է վերապատրաստել ծրագրավորողներին և կենսաբաններին կենսաինֆորմատիկայի ուղղությամբ, որպեսզի նրանք հետագայում կարողանան իրենց մասնագիտական գիտելիքներն ու փորձառությունը կիրառել ուռուցքաբանության ոլորտում անհատական թերապիաներ մշակելիս:
«Առհասարակ, պետք է նկատի ունենալ, որ կենսաինֆորմատիկան հեռանկարային և նոր մասնագիտություն է, որը զարգանում է գիտությանը զուգահեռ և կապված է ապագա բժշկության հետ: Այս իմաստով՝ այն նաև գրավիչ է որպես նոր գիտելիքներ ստանալու և դասընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում աշխատանքի անցնելու հնարավորություն»,- շեշտեց Գենադի Սիդելնիկովը:
«BostonGene» ընկերության հայաստանյան գրասենյակն ունի ավելի քանի 400 աշխատակից՝ բժիշկներ, կենսաբաններ, ինֆորմատիկներ:
Ուսանողների հետ հանդիպման երկրորդ բանախոսը Կոնստանտին Չերնիշովն էր՝ «BostonGene» ընկերության հայաստանյան գրասենյակի կենսաինֆորմատիկների խմբի ղեկավարը: Մանրամասներ ներկայացնելով դասընթացի մասին՝ նա ընդգծեց. «Դասընթացի տևողությունը երկու կիսամյակ է: Առաջին կիսամյակում նպատակ ունենք հարստացնելու մասնակիցների գիտելիքները. կենսաբաններին սովորեցնել ծրագրավորում, ծրագրավորողներին՝ կենսաբանություն, որպեսզի նրանք՝ որպես կենսաինֆորմատիկներ, կարողանան իրենց գիտելիքները լիարժեք կիրառել ուռուցքաբանության ոլորտում: Այնուհետև կատարվում է համակողմանի քննարկում և ուսուցում ուռուցքների տեսակների, տարբեր տեսությունների, բարդությունների և դրանց լուծման ճանապարհների մասին»:
Բանախոսների ելույթներին հաջորդեց ուսանողների հետ ակտիվ քննարկումը։
Նշենք, որ «Կենսաինֆորմատիկան և տվյալների գիտությունը ուռուցքաբանության մեջ» դասընթացը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին և կտևի 8 ամիս: Այն կանցկացվի ռուսաց լեզվով։
Դասընթացին մասնակցելու հնարավորություն ունեն կենսաբանության, բժշկության, կիրառական մաթեմատիկայի և համակարգչային գիտության մասնագիտացում ունեցող ուսանողները, շրջանավարտներն ու հետազոտողները: Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ անցնելով հղումով:
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին կտրվեն կենսաճարտարապետության և կենսաինֆորմատիկայի ոլորտում մասնագիտական վերապատրաստման վկայագրեր:
Հավելենք, որ Երևանի պետական համալսարանի և «BostonGene» ամերիկյան կենսատեխնոլոգիական ընկերության գործակցությունը գրեթե 2 տարվա պատմություն ունի: Ընկերության առաջին դասընթացների շարքն ուներ «Մոլեկուլային և ճշգրիտ ուռուցքաբանություն» խորագիրը: