Июня 19, 2024 | 16:45
Общество
Исследовательская работа
Кофе, считающийся самым популярным напитком - в центре внимания исследований
ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում անցկացվեց «Սուրճը 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի Հայաստանի քաղաքային առօրեականությունում» խորագրով բանախոսություն՝ հագեցած հետաքրքիր պատմություններով և տեղեկություններով: Բանախոսության ժամանակ ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Տաթևիկ Սարոյանը պատմեց Արևելյան Հայաստանի կենտրոնական քաղաքների՝ Ալեքսանդրապոլի և Երևանի սրճարանային անցուդարձի, սրճախմության ավանդույթների, թեմայի շուրջ իր կատարած հետազոտության մասին:
ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Տաթևիկ Սարոյանը թեման սկսել է ուսումնասիրել 2012 թվականից։ Երևանի պատմության թանգարանում աշխատելիս նա պահոցում տեսել է սուրճի աղացներ, սրճեփներ, ինչից հետո հարց է առաջացել՝ ե՞րբ են հայերը սկսել սուրճ խմել: Սրճախմության ավանդույթների փնտրտուքները բանախոսին տարել են հայաստանյան գրեթե բոլոր թանգարանների պահոցներ, ցուցադրություններ:
«Հայերի հետ սուրճն առնչվում է 17-րդ դարից (մասնավորապես արևմտահայերի մշակույթում), քանի որ վաճառականության պատմության մեջ արևմտահայերը, պոլսահայերը, զմյուռնահայերը, ակտիվ զբաղվելով առևտրով, մետաքսի հետ միասին Արևմուտք էին դուրս բերում նաև սուրճը: Հատկանշական է, որ հայ վաճառականները կարևոր դեր ունեին այս բնամթերքի տարածման և օգտագործման հարցում»,- նշեց բանախոսը՝ ընդգծելով, որ արևելահայերը սուրճին ծանոթ են եղել դեռևս 17-րդ դարում. այդ մասին հիշատակում է Ժան Շարդենը իր՝ Երևան կատարած այցելության ժամանակ: Ասում են, որ երբ նա հիվանդացել է, վանականները նրան սուրճ են տվել՝ որպես բուժող, ապաքինող միջոց:
Անդրադառնալով Ալեքսանդրապոլում սուրճի օգտագործման պատմությանն ու ավանդույթներին՝ Տաթևիկ Սարոյանը պատմեց, որ Ալեքսանդրապոլի հայերը սուրճն անվանում են ղահվե: Բառը սերել է Եթովպիայի Կաֆֆա նահանգի անունից, որը հետագայում փոփոխության է ենթարկվել՝ դառնալով կահվե, ղահվե, կաֆֆա, սակայն մենք՝ հայերս, ստեղծել ենք սուրճ բառը:
«19-րդ դարի վերջին Ալեքսանդրապոլում հայտնի էին ղահվեխանաները, որտեղ ալեքսանդրապոլցիները խմում էին ղահվե: Դրանք հավաքատեղիներ էին, որտեղ հանդիպում էին արհեստի և արվեստի ոլորտում աշխատող մարդիկ, վարպետներ՝ քննարկելու օրվա ավարտը կամ օրվա շարունակական աշխատանքը»,-ասաց Տ. Սարոյանը: Օրինակ՝ այս լուսանկարում նկարիչ Գ. Բրուտյանը ներկայացրել է աշուղական սրճարան, որտեղ աշուղները բեմադրություններ են արել, իսկ արհեստավորները՝ վայելել: Այսօրինակ աշուղական սրճարաններում էլ հանդես է եկել աշուղ Ջիվանին, երբ 18 տարեկան էր․ նա հանդես է եկել Շարա Տալյանի պապին պատկանող Տալոյենց սրճարանում։
Նկարում ՝ աշուղական սրճարան Ալեքսանդրապոլում , Գ․Բրուտյան
Հայ երգիչ Շարա Տալյանի ընտանիքի մասին խոսելիս հարկ է հիշել նրա հորաքրոջը՝ Աշխեն Լևոնյանին, որը եղել է ընտանիքի հարսներին համախմբողը: Նկարում ոչ թե սովորական հավաքույթ է, այլ հարսների հետ սրճախմություն, ավագի կողմից երիտասարդների համախմբման մի ծիսակարգ:
Նկարում՝ Աշխեն Լևոնյանը գյումրեցի հարսների հետ սրճելիս, 1900-ական թթ․
«Ալեքսանդրապոլում գործել են նաև ազատական գաղափարներով լեցուն սրճարաններ, (օրինակ` «Տաշտ» անունով սրճարանը), որտեղ հաճախ են այցելել Ջիվանին, Ավետիք Իսահակյանը և շատ այլ մտավորականներ` խոսելով Էրգրի ազատագրման մասին: Նմանօրինակ զրույցները տեղի էին ունենում հենց այս սրճարանում»,- ընդգծեց ԵՊՀ պատմության թանգարանի տնօրենը:
Խոսելով երևանյան սրճարանային մշակույթի մասին՝ նա հիշեց պատմաբան Թաթիկ Հակոբյանին, որի «Երևանի պատմության» աշխատությունում հիշատակվում է, որ 19-րդ դարում Երևանն ունեցել է 23 սրճարան:
Բանախոսն անդրադարձավ 1920-30-ական թթ. Երևանի ամենասրճասեր մտավորական Եղիշե Չարենցին, որը սուրճը կոյնակով էր խմում. սրճախմության այս տարբերակը հետագայում դարձել է գրողի համար հաճելի զբաղմունք: Իսկ Հայոց ցեղասպանությունից փրկված որբերի հետ աշխատելու տարիներին բանաստեղծ Հովհաննես Թումանյանի համար սուրճը կոնյակով խմելը ոչ թե հաճույք էր, այլև ապաքինող միջոց՝ պաշտպանվելու վարակիչ հիվանդություններից:
«Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը և այլ մտավորականներ հանդիպում էին «Երևան» հյուրանոցի առաջին հարկի սրճարանում: Դա այն տարածքն էր, որտեղ Չարենցը այնքան երկար ժամանակով բնակություն է հաստատել․ այդ իսկ պատճառով հյուրանոցը կապվում էր հենց Եղիշե Չարենցի անվան հետ: 1920-30-ական թթ. մյուս հայտնի սրճարանը, որտեղ կարելի էր տեսնել մտավորականներին, «Տուրիստ» սրճարանն էր։ Այս հարկի ներքո նրանք խոսում էին ազատական գաղափարների, նոր ձևավորված Խորհրդային միության խնդիրների մասին։ Դա էր պատճառը, որ այս սրճարանները հայտնվեցին պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ-ի) ուշադրության կենտրոնում․ 1937 թ․ բռնաճնշումների ու գնդակահարության ենթարկվածներից շատերը հենց սրճարանների մի սեղանի շուրջ քննարկումների մասնակիցներն էին»,- պատմեց բանախոսը՝ շարունակելով, որ վախի այս մթնոլորտում էլ երևանյան սրճարանները պարզապես փակվեցին:
Ըստ նրա՝ այս իրադարձություններով պայմանավորված էլ ազգային արխիվի փաստաթղթերում տեղեկություններ չեն հանդիպում 1937-1959 թթ. երևանյան սրճարանների անցուդարձի մասին: Իսկ 1946 թ․ հայրենադարձների Հայաստան գալով՝ նորից վերականգնվեց սուրճ խմելու ավանդույթը:
«Ներկայում իմ ուսումնասիրության թեման է «Խորհրդային Միությունում Արևելյան Հայաստանի սուրճի կիրառության ֆենոմենը՝ որպես սուրճ խմող ազգ»: Համաձայն հավաքագրած տվյալների՝ կարող ենք ասել, որ Խորհրդային միությունում ոչ մի ազգ այդքան սուրճ չի խմել, որքան հայերը։ Ավելին՝ դարեր առաջ երևան եկած Գահվեճյան կամ Ղահվեճյան, Սրճագործյան ազգանունները պայմանավորված են սուրճ-ղահվեի արհեստով․ ընտանիքներ են եղել, որոնք ունեցել են սուրճի տուն, բովարան, աղաց քաղաքների կենտրոնական շուկաներում, ինչի արդյունքում այդ ընտանիքները վերցրել են իրենց արհեստի անվանումը՝ որպես ազգանուն»,- ամփոփեց Տաթևիկ Սարոյանը:
Միջոցառման ավարտին սրճասեր համալսարանականները բանախոսին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը՝ ստանալով սպառիչ պատասխաններ: