Июня 24, 2024 | 12:50
Прием
Образовательные программы
Образование
Развитие диаспороведения, как способ решения задач, стоящих перед государством
ԵՊՀ պատմության ֆակուլտետի «Սփյուռքագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրը պատրաստում է մասնագետներ, որոնք տեղեկացված կլինեն հայկական սփյուռքից, նրա տեսական հիմնախնդիրներից, հիմնական գործառույթներից, այլ երկրների սփյուռքներից, ինչպես նաև ունակ կլինեն ապահովելու Հայաստան-Սփյուռք կապը։
Կրթական ծրագրի շրջանակում ուսանողները կատարում են հետազոտական աշխատանքներ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին դրամաշնորհներով, իսկ ավարտելուց հետո աշխատանք գտնելու հարցում ստանում են աջակցություն։
««Սփյուռքագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրով առաջարկվում է հետազոտություններ կատարել դրամաշնորհների շրջանակում, որոնց ժամանակ ուսանողները գործուղվում են արտերկիր՝ ուսումնասիրելու հայկական սփյուռքը։ Ուսանողները հնարավորություն են ունենում մասնակցելու ինչպես Երևանի պետական համալսարանի, այնպես էլ արտերկրի բուհերի և հետազոտական կենտրոնների կազմակերպած միջազգային գիտաժողովներին։ Ուսանողները նաև մեր երաշխավորությամբ աշխատանք են գտնում պետական այն կառույցներում, որտեղ հայկական սփյուռքի հետ աշխատող բաժիններ կան»,- նշեց կրթական ծրագրի ղեկավար, պ․գ․դ․, պրոֆեսոր Արման Եղիազարյանն ու ընդգծեց, որ կրթական ծրագիրն ավարտելուց հետո ուսանողները կարող են աշխատել Սփյուռքի նախարարությունում, Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակում, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում, ԳԱԱ պատմության ինստիտուտում, ԵՊՀ մի շարք ֆակուլտետներում։
Անդրադառնալով սփյուռքի՝ տնտեսական, քաղաքական, մշակութային և այլ բնագավառներում կիրառվող ներուժին, Արման Եղիազարյանը մատնանշեց, որ գիտելիքներով օժտված մասնագետ պատրաստելու խնդիրն առաջնահերթություն է։
«Օրինակ՝ արտերկրի մեր հայրենակիցները քաղաքական խնդիրները բարձրաձայնելու համար կարող են աջակից լինել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, ինչպես նաև առաջ տանել Հայաստանի շահերն արտեկրում՝ իրականացնելով լոբբինգի գործընթացներ»,- փաստեց նա։
Արժևորելով սփյուռքագետների դերը՝ մագիստրոսական ծրագրի ղեկավարը շեշտեց․ «Եթե ուզում ենք ունենալ ամուր կապեր Սփյուռքի հետ, ինչպես նաև՝ ինքնությունը պահպանող և ուժեղ Սփյուռք, ապա, նախ և առաջ, անհրաժեշտ է ունենալ բանիմաց սփյուռքագետներ»։
Պրոֆեսորն ընդգծեց, որ ի տարբերություն գիտության այլ ճյուղերի՝ սփյուռքագիտությունը ձևավորվել է վերջերս։ Ըստ նրա՝ ներկայում սփյուռքագիտության զարգացումը կապված է արդի դարաշրջանում պետությունների՝ հավելյալ հնարավորություններ փնտրելու գործընթացի հետ։
«Յուրաքանչյուր պետություն միջազգային հարթակներում փորձում է առաջ տանել սեփական շահերը՝ ներքին կյանքի բարելավման, տնտեսական, քաղաքական հարցերի լուծման համար գտնելով հավելյալ հնարավորություններ։ Այդպիսի հավելյալ հնարավորություններ են ընձեռում, օրինակ, արտասահմանում գտնվող հայրենակիցները, կամ այլ խոսքով՝ սփյուռքը»,- ասաց Ա․ Եղիազարյանը։
Ըստ պրոֆեսորի՝ ներկայում պետությունները ստեղծում են սփյուռքի հետ աշխատող տասնյակ կառույցներ։ Նման կառույցներ են ստեղծում նույնիսկ այն պետությունները, որոնք չունեն կայացած սփյուռք, այլ պարզապես որոշ թվով հայրենակիցներ ունեն արտերկրում։
«2008 թ․, երբ Հայաստանում ստեղծվում էր Սփյուռքի նախարարություն, աշխարհի միայն 7-8 երկրում կար սփյուռքի հետ աշխատող մարմին։ Չորս տարի անց՝ 2012 թ․, 55 երկրում ստեղծվեց 76 պետական մարմին, իսկ 2019 թ․ արդեն 115 երկրում սփյուռքի հետ աշխատող մարմին կար»,- ասաց կրթական ծրագրի ղեկավարը։
Սփյուռք ունեցող պետությունները մարտահրավերներին դիմակայելու լրացուցիչ հնարավորություն ունեն թե՛ միջազգային հարթակում, թե՛ երկրի ներսում։ Ներկայում աշխարհի 130 երկրներ աշխատանքներ են տանում սփյուռքի իրենց հայրենակիցների ուժերը համախմբելու և հայրենիքի զարգացման գործում ներդնելու ուղղությամբ՝ դրանով նպաստելով պետության առաջընթացին։
Նշենք, որ «Սփյուռքագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրին դիմելու հնարավորություն ունեն բակալավրի կոչում ունեցողները։ Մագիստրոսական ծրագրի շրջանակում հատկացվում է անվճար 2 տեղ։ Անվճար համակարգով սովորելու հնարավորություն ունեն 1-ին փուլին մասնակցող այն դիմորդները, որոնց միջին որակական նվազագույն գնահատականը (ՄՈԳ) 13 է։
Ծրագրի ընդունելության 1-ին փուլի փաստաթղթերն ընդունվում են ս․թ․ հունիսի 1-28-ը՝ մինչև ժամը 18:00-ն։ 1-ին փուլի ընդունելության քննությունն անցկացվելու է ս.թ. հուլիսի 2-ին։ 2-րդ փուլի փաստաթղթերն ընդունվում են ս․թ․ հուլիսի 8-ից օգոստոսի 16-ը՝ մինչև ժամը 18:00-ն։ 2-րդ փուլի ընդունելության քննությունն անցկացվելու է ս.թ. օգոստոսի 23-ին։