Июня 25, 2024 | 11:00
Наука
Исследовательская работа
Международное сотрудничество
Ученый ЕГУ, соредактор книги, вышедшей в издательстве «Elsevier»
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Հովիկ Փանոսյանը, համագործակցելով արտասահմանցի գործընկերների հետ, «Elsevier» հեղինակավոր հրատարակչությունում հրատարակել է «Մանրէների էականությունը՝ արտադրական հեռանկարները» («MICROBIAL ESSENTIALISM An Industrial Prospective») գիրքը: Նրա հետ զրուցել ենք նոր տպագրված գրքի, գիտության և ապագա ծրագրերի մասին:
«Մանրէների էականությունը՝ արտադրական հեռանկարները» խորագրով գիրքը մեկտեղում է աշխարհի տարբեր անկյուններից 78 հետազոտողների փորձարարական և տեսական վերլուծությունները: Գրքի 24 գլուխներից 6-ը ամփոփում են հայ գիտնականների հետազոտությունները․ 3 գլուխների հեղինակները համալսարանականներն են:
Գրքի մասին ավելին պատմում է Հովիկ Փանոսյանը։
- Պարո՛ն Փանոսյան, կպատմե՞ք գրքի ստեղծման նպատակի և «առաքելության» մասին:
- Գրքի ստեղծման հիմնական նպատակներից էին կիրառական մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ոլորտի ժամանակակից մարտահրավերների ամփոփումը և լուծման հնարավոր տարբերակների ուղենշումը: Գիտությամբ հետաքրքրվողների համար այն ոչ միայն ուղղորդող ձեռնարկ է, այլև լավ հնարավորություն՝ հասկանալու, թե որ ուղղությամբ և ինչպես կարող են զարգացնել իրենց մասնագիտական հետագա գործունեությունը: 78 հետազոտողներ համապարփակ կերպով իրենց գործունեությունն են ամփոփել այստեղ, հետևաբար՝ այն նաև կարելի է նմանեցնել մի մեծ «համաժողովի», որտեղ հնարավոր է գտնել գաղափարակիցների, գործընկերների:
- Ի՞նչ հիմնական թեմաներ են արծարծվում գրքում:
- Գրքի 24 գլուխները վերաբերում են կիրառական մանրէաբանությանը և մանրէների հիմքով կենսատեխնոլոգիաների զարգացման հեռանկարներին: Տարբեր հետազոտողներ անդրադարձել և փորձել են տեսանելի դարձնել անզեն աչքով մեզ համար անտեսանելի մանրէների աշխարհի՝ հանուն հանրային բարօրության օգտագործվելու հնարավորությունները: Յուրաքանչյուր գլուխ առավել հանգամանալից ներկայացնում է, թե մանրէների որոշակի խումբ ինչպես կարող է օգտավետ ծառայել մարդկությանը:
- Դուք ոչ միայն գրքի համախմբագիր եք, այլև մի գլխի համահեղինակ: Կներկայացնե՞ք՝ ինչ թեմաների եք անդրադարձել այդ գլխում, և ովքեր են գլխի մյուս հեղինակները:
- Մեր հեղինակած գլխի թեմայի շուրջ տարվող աշխատանքներում ընդգրկված են եղել ֆակուլտետի մագիստրոս Րաֆֆի Շահմուրադյանը, ասպիրանտ Դիանա Ղևոնդյանը և գիտաշխատող Արմինե Մարգարյանը: Նրանք շատ ակտիվ հետազոտողներ են՝ մշտապես հետաքրքրված գիտությամբ և նորարարությամբ։ Այս գրքի հրատարակումը «Elsevier» հեղինակավոր հրատարակչությունում համարում եմ կարևոր ձեռքբերում նաև նրանց համար: Ասեմ, որ նրանք էլ շատ մեծ ոգևորությամբ են մասնակցել գործնական աշխատանքներին և նույնչափ ոգևորությամբ սպասել գրքի տպագրմանը:
Երիտասարդ հետազոտողների համար նմանօրինակ նախաձեռնությունները լավ հնարավորություն են՝ գիտության բնագավառում կատարելու առաջին քայլերը և վստահաբար փաստելու, որ ստացել են իրենց «մասնագիտական մկրտությունը»:
Գրքի՝ մեր հեղինակած գլխում անդրադարձել ենք քիմիական ծագման պլաստիկի փոխարինման խնդրին: Առհասարակ, պլաստիկը քայքայվում է շատ դանդաղ, երբեմն՝ հարյուրամյակների ընթացքում: Հետևաբար, մարդկությունը կանգնած է լրջագույն մարտահրավերի առջև՝ ստեղծելու պլաստիկի փոխարինիչներ՝ կենսապլաստիկներ: Դրանք պետք է կատարեն պլաստիկի գործառույթը՝ չհարուցելով բնապահպանական խնդիրներ:
Նշյալ գլխում ամփոփված է այն մոտեցումը, թե ինչպես կարող են հայաստանյան մանրէներն օգտագործվել որպես պլաստիկի այլընտրանք կենսապլաստիկի արտադրության համար: Ավելին՝ մեր լաբորատորիայում այժմ էլ կատարվում են գիտափորձեր, և դրանց արդյունքները ևս ամփոփված են գրքի այս գլխում:
- Ձեր համախմբագրմամբ տպագրվել են արդեն 6 գրքեր։ Կպատմե՞ք Ձեր փորձառության մասին։
- Գիտական գրքերը գրեթե նույնքան կարևոր են, որքան հոդվածները։ Գրքերն առաջին հերթին կարևոր և անհրաժեշտ են ուսանողներին առավել մատչելի մեկնաբանությամբ և համապարփակ գիտելիքներ տալու տեսանկյունից։ Բացի դրանից՝ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ գիտական հեղինակավոր հրատարակչություններում գրքերի տպագրությունը բավականին բարդ գործընթաց է, ինչն ապահովում է գրքերի գիտական ճշգրտությունը։
Մեր վերջին գիրքն ամբողջացնելու համար 5 խմբագիրներս աշխատել ենք գրեթե 2 տարի։ Յուրաքանչյուր գլխի խմբագրում անցել է հատուկ ընթացակարգով և միայն համապատասխան ոլորտի ընդդիմախոսների դիտողությունները ընդունելով է գիրքը հանձնվել տպագրության։ Հետևաբար, գրքերի հրատարակումը բարդ և ժամանակատար, սակայն խիստ կարևոր գործընթաց է:
- Պարո՛ն Փանոսյան, ի՞նչ կասեք գիտական աշխարհի զարգացման և միտումների մասին:
- Գիտական աշխարհում յուրաքանչյուր փոքր, աննշան քայլից մինչև մեծ բացահայտում խիստ կարևոր և արժեքավոր է։ Է՛լ ավելի կարևոր է երիտասարդ հետազոտողների ներգրավվածությունը արդեն երկար տարիներ դիտարկվող կամ էլ ամբողջապես նոր երևույթների հետազոտություններում։
Ուստի, խրախուսելի և կարևոր է գիտական հոդվածների, գրքերի հրատարակումը, մշտական և անխոնջ աշխատանքը՝ որպես լավագույն գալիքի առհավատչյա։ Վստահ եմ, որ նվիրված աշխատանքի շնորհիվ կարելի է մեծ և արժեքավոր բացահայտումներ անել:
Հավելենք, որ «Մանրէների էականությունը՝ արտադրական հեռանկարները» («MICROBIAL ESSENTIALISM An Industrial Prospective») գրքի մյուս խմբագիրներն են Ռագվենդրա Պրատապ Սինգհը, Գեթանջալի Մանչանդան, Սրեեդևիր Սարսանը և Աջայ Կումարը: Նրանց հետ համատեղ խմբագրմամբ Հ. Փանոսյանը հրատարակել է ևս երկու գիրք՝ «Springer» և «Elsevier» հեղինակավոր հրատարակչություններում: