Июня 26, 2024 | 13:15
Прием
Образовательные программы
Образование
Археология и этнология – путь популяризации Армении
ԵՊՀ պատմության ֆակուլտետի «Հնագիտություն և ազգաբանություն» մագիստրոսական կրթական ծրագիրն ուսանողներին հնարավորություն է ընձեռում աշխատելու ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում, ինչպես նաև մասնակցելու արտերկրից ժամանած հնագիտական արշավախմբերի աշխատանքներին։ Միջազգային հնագիտական արշավախմբերի կատարած պեղումների ժամանակ ուսանողները ծանոթանում են նորագույն տեխնոլոգիաների կիրառության մեթոդներին, դառնում հայտնաբերվող հուշարձանների համահեղինակ։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ, «Հնագիտություն և ազգաբանություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար, պ․գ․դ․, պրոֆեսոր Հայկ Ավետիսյանը, անդրադառնալով կրթական ծրագրի շրջանակում համալսարանի ունեցած միջազգային կապերին, նշեց, որ արտերկրի մոտ 20 բուհերի, այդ թվում՝ Փարիզի, Հռոմի, Կալիֆոռնիայի, Տոկիոյի, Մյունխենի համալսարանների հետ ունեն գործակցային հարաբերություններ, իսկ մագիստրոսական ծրագրի շրջանավարտները հնարավորություն են ունենում իրենց ուսումնառությունը շարունակելու արտերկրում։
«Մենք ունեցել ենք ուսանողներ, որոնք ուսումնառությունը շարունակել են Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններում, իսկ այժմ Հայաստանում ղեկավարում են հնագիտական արշավախմբերի աշխատանքները»,- ասաց պրոֆեսորը։
Նա ընդգծեց, որ հնագիտությունն անընդհատ զարգացող գիտություն է, և գտածոների ուսումնասիրության մեթոդները շարունակ զարգանում են։ Հազարամյակների պատմություն ունեցող գտածոների հայտնաբերումը ճանաչելի է դարձնում Հայաստանը ողջ աշխարհում։ Իսկ զարգացող աշխարհում արդեն պեղումներ են կատարում նորագույն տեխնոլոգիաներով։ Վերջիններիս միջոցով կատարված պեղումների արդյունքները փաստում են ավելի վաղ ժամանակաշրջանում մարդկության գոյության մասին։ Քարե դարի ամենավաղ փուլը, օրինակ, տասնամյակներ առաջ համարվում էր, որ ունի 800 000 տարվա պատմություն, սակայն այժմ ապացուցվել է, որ այն 2 150 000 տարվա պատմություն ունի։
Հայկ Ավետիսյանն այս համատեքստում օրինակ բերեց նաև տարիներ առաջ Արենիում հայտնաբերված գինու հնձանների հետազոտությունները, որոնք ցույց են տվել, որ Հայկական լեռնաշխարհում գինեգործությամբ են սկսել զբաղվել 300 տարի ավելի վաղ, քան, օրինակ, տարածաշրջանի երկրներից Վրաստանում։
«Գիտությունն անընդհատ առաջ է շարժվում, և պեղումների արդյունքում նորանոր հայտնագործություններ են կատարվում։ Մեր տարածաշրջանը քաղաքակրթության բնօրրան է եղել՝ մասնակցություն ունենալով նաև համաշխարհային քաղաքակրթության ձևավորմանը։ Այսօր մենք կարող ենք վստահաբար ասել, որ մեր լեռնաշխարհի տարածքում մենք իսկապես տեղաբնիկ ենք․ մենք գենետիկորեն եղել ենք այս լեռնաշխարհի տարածքում»,- մատնանշեց կրթական ծրագրի ղեկավարը։
Անդրադառնալով Հայաստանի տարածքում կատարվող հնագիտական աշխատանքներին՝ պրոֆեսորը նշեց․ «Հնագիտությունը գտնվում է օբյեկտիվ հետազոտման դաշտում։ Չնայած խանգարող արտաքին մի շարք հանգամանքներին՝ այս տեսանկյունից Հայաստանը բաց է, և արտերկրից, այդ թվում՝ Եվրոպայից, ԱՄՆ-ից, հետազոտական տարբեր խմբեր են գալիս Հայաստան՝ պեղումներ կատարելու»։
Հայկ Ավետիսյանը, ներկայացնելով ժամանակակից հետազոտության մոտեցումները, ընդգծեց, որ այսօր հնագետների ուսումնասիրությունների տիրույթում է գտածոների նյութական բաղադրությունը։ Օրինակ՝ ուսումնասիրվում է կճուճի բաղադրությունը, այն թե կավն ինչպես են մշակել, ինչպես են ներկն ստացել։
Նա վստահեցրեց, որ Հայաստանում հայտնաբերված հուշարձանների շարքում կան այնպիսիք, որոնք ո՛չ կառուցվածքով, ո՛չ նյութով չեն զիջում եգիպտական բուրգերին։ Օրինակ՝ Քարաշամբի, Լոռի բերդի դամբարանադաշտերը, որտեղ արքայական թաղումների հսկայական շարք կա։
Պրոֆեսորի կարծիքով՝ Հայաստանն իր ժառանգությունը պետք է հանրահռչակի պեղումներ կատարելով։ Իսկ գիտական հանրության խնդիրն է ցույց տալ, որ պեղումների արդյունքում հայտնաբերված նյութերը համամարդկային արժեքներ են։
Նշենք, որ «Հնագիտություն և ազգաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելության 1-ին փուլի փաստաթղթերն ընդունվում են ս․թ․ հունիսի 1-28-ը՝ մինչև ժամը 18:00-ն։ 1-ին փուլի ընդունելության քննությունն անցկացվելու է ս.թ. հուլիսի 2-ին։ 2-րդ փուլի փաստաթղթերն ընդունվում են ս․թ․ հուլիսի 8-ից օգոստոսի 16-ը՝ մինչև ժամը 18:00-ն։ 2-րդ փուլի ընդունելության քննությունն անցկացվելու է ս.թ. օգոստոսի 23-ին։
Մագիստրոսական ծրագրի շրջանակում հատկացված է անվճար 4 տեղ։ Անվճար համակարգով սովորելու հնարավորություն ունեն 1-ին փուլին մասնակցող բոլոր դիմորդները՝ անկախ միջին որակական գնահատականից (ՄՈԳ), բուհից և մասնագիտացումից։