Июня 27, 2024 | 16:36
Образование
Международное сотрудничество
Из программы «Международная неделя» до публикации научной статьи: преподаватель ЕГУ был в Германии
Միջազգային հարաբերությունների ամրապնդման, փորձի փոխանակման, ինչպես նաև նոր գաղափարների ուսումնասիրման նպատակով ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Գրիգոր Հայրապետյանը մասնակցել է Աալենի կիրառական գիտությունների համալսարանում (Գերմանիա) կազմակերպված «Միջազգային շաբաթ» ծրագրին («The first Qⁿ International Week»):
Այս տարի առաջին անգամ հունիսի 3-8-ը Աալենի կիրառական գիտությունների համալսարանում կազմակերպվել էր «Միջազգային շաբաթ», որը միտված էր նպաստելու բուհերի միջև փորձի և գաղափարների փոխանակմանը, բարձրագույն կրթության ապագայի վերաբերյալ հետագա մի շարք հարցերի քննարկմանը: Գիտական միջոցառմանը մասնակցում էին ինչպես եվրոպական «Qn Alliance»-ի անդամ տասը, այնպես էլ գործընկեր այլ համալսարանների ներկայացուցիչներ: Ծրագրի շրջանակում համալսարանների ներկայացուցիչները կազմակերպել էին երեք աշխատաժողովներ, որոնցից մեկին («Digital Transformation and Disruptive Technologies») Գրիգոր Հայրապետյանը մասնակցել է որպես դիտորդ։
- Պարո՛ն Հայրապետյան, կպատմե՞ք Աալենի կիրառական գիտությունների համալսարանում կազմակերպված «Միջազգային շաբաթ» ծրագրին Ձեր մասնակցության մասին:
- Երևանի պետական համալսարանը ակտիվ համագործակցում է «Qn Alliance»-ի անդամ Աալենի կիրառական գիտությունների համալսարանի հետ: «Միջազգային շաբաթ»-ին մասնակցել եմ ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության տարածած հայտարարության շնորհիվ: Այս գիտական միջոցառմանը, որի շրջանակում Աալենի համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր նաև դասախոսությունների շարք, մասնակցում էին մասնագետներ տարբեր համալսարաններից: Որպես գործընկեր համալսարանի ներկայացուցիչ՝ Աալենի համալսարանի ուսանողների համար դասախոսություն եմ կարդացել «Տնտեսական և սոցիալական նորարարությունը Հայաստանի Հանրապետությունում» («Situating Economic and Social Innovations in Armenia») թեմայով, որի շրջանակում խոսել ենք այն մասին, թե ինչ ազդեցություն է ունենում նորարարությունը կյանքի որակի վրա: Թեման, որն ընտրել էի հետազոտությունների համար առաջարկված թեմաներից, ինձ համար նոր էր և բավականին հետաքրքիր թե՛ ինձ, թե՛ լսարանի համար: Սակայն, երբ պատրաստվում էի դասախոսությանը, ինձ չհաջողվեց գտնել տվյալ թեմայով ՀՀ-ին առնչվող գիտական աշխատանքներ: Այդ է պատճառը, որ մտադրվել եմ շարունակել և ընդլայնել թեմայի ուսումնասիրությունը և տպագրել գիտական հոդված, որը կլրացնի տեղեկատվական պակասը՝ օգտակար լինելով այս թեմայով հետազոտություն կատարողների համար:
Ծրագրին մասնակցելն ինձ համար կարևոր և հետաքրքիր փորձառություն էր նաև այն առումով, որ առաջին անգամ էի այցելում Աալենի կիրառական գիտությունների համալսարան:
- Վերջին մի քանի տարիների ընթացքում նորարարության թեման բավականին արդիական է դարձել։ Ինչպե՞ս է ազդում նորարարությունը բիզնեսի վրա:
- Օրինակ՝ Գերմանիայում մասնագետները բիզնեսին առաջարկում են այնպիսի թվայնացում, որի արդյունքում արդյունավետության, արտադրողականության և շահութաբերության նկատելի առաջընթաց է կատարվում: Լիովին այլ պատկեր է առկա զարգացած և զարգացող երկրներում: Զարգացած երկրներում բիզնեսում տեղի ունեցող նորարարությունը տեղափոխվում է սոցիալական ոլորտ՝ բարձրացնելով հասարակության կյանքի որակը: Իսկ զարգացող երկրներում, որտեղ առկա են բազմաթիվ խնդիրներ, ուժեղ մրցակցության պայմաններում նորարարությունը կապիտալիզացվում է շահույթի: Սակայն զարգացած երկրներում հաճախ գործընթացն իրականացվում է նաև պետության միջամտությամբ: Օրինակ՝ Գերմանիայում կրթությունն ամբողջովին անվճար է և ֆինանսավորվում է պետության կողմից: Այն նորարարությունը, որը կատարվում է համալսարանում, տեղափոխվելու է բիզնես, այնուհետև՝ համալսարան՝ դառնալով «հանրային արտադրանք»:
- Ի՞նչ օրակարգով անցկացվեց «Միջազգային շաբաթ»-ը։
- «Միջազգային շաբաթ»-ը բավականին հագեցած էր․ հետազոտական աշխատանք, աշխատաժողով և դասախոսություն, մշակութային ծրագրեր: Մենք եղել ենք դեղագործական, քիմիական, օպտիկական այնպիսի լաբորատորիաներում, որոնք ոչ բոլորին էին հասանելի։ Մասնակիցների թիվը բավականին մեծ էր։ Նրանք, ովքեր չէին կարողացել ներկա գտնվել աշխատաժողովներին, ստացել էին առցանց մասնակցելու հնարավորություն:
Կարևորն այն է, որ ծրագիրը լինելու է շարունակական, և հաշվի առնելով առաջին անգամ անցկացված «Միջազգային շաբաթ»-ի արդյունավետությունը՝ կարծում եմ, որ հաջորդ տարի համալսարանից ավելի մեծ թվով մասնագետներ կմասնակցեն ծրագրին։
- Ըստ Ձեզ՝ ի՞նչ դերակատարում և նշանակություն ունեն նմանօրինակ ծրագրերը։
- Այսօրինակ ծրագրերը շատ կարևոր են, քանի որ դրանք մեծապես նպաստում են գործընկեր համալսարանների միջև գործակցային կապերի հաստատմանն ու ամրապնդմանը: Բազմաթիվ հետազոտողների հետ հանդիպումն ու շփումը նոր գաղափարներ և ուղղություններ ուղենշեցին շատերիս համար։ Այս մեկ շաբաթվա ընթացքում համալսարանների մասնագետների, հետազոտողների միջև նոր կապ ստեղծվեց, որը կարող է հեռանկարային լինել հետագայում նոր ծրագրեր մեկնարկելու համար:
Նշենք, որ Գրիգոր Հայրապետյանը 2005 թվականից աշխատում է ԵՊՀ-ում: Նա հեղինակ է շուրջ 3 տասնյակ հոդվածների, որոնք հրապարակվել են հայաստանյան և արտասահմանյան հեղինակավոր պարբերականներում: