Июня 28, 2024 | 15:15
Наука
Конференции
Международное сотрудничество
«День армяно-германской науки»։ научное мероприятие в ЕГУ
Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության՝ վերջին տարիների գիտական ձեռքբերումներն ամփոփելու, հետազոտությունների, տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում գործակցային կապերի ամրապնդման և ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով ԵՊՀ-ում անցկացվեց գիտական երկօրյա միջոցառում:
Բացման պաշտոնական արարողությանը ելույթով հանդես եկավ ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը:
Խոսելով միջոցառման անցկացման կարևորության մասին՝ Ռաֆայել Բարխուդարյանը նշեց. «Այս միջոցառումը նշանակալի իրադարձություն է հայ-գերմանական հետազոտության և նորարարության ոլորտների միջև համագործակցության ճանապարհին: Գերմանիայից ժամանած հյուրերի ներկայությունն այստեղ վկայում է երկու երկրների միջև առկա գործակցային ամուր կապերի մասին: Գիտաժողովը հագեցած է հետաքրքիր քննարկումներով, որոնք ընդգծում են ինչպես հայկական, այնպես էլ գերմանական հետազոտական կառույցների ուժեղ կողմերը»:
Անդրադառնալով զեկուցումների թեմաներին՝ պրոռեկտորը մատնանշեց, որ քննարկման առանցքում են գիտությունն ու տեխնոլոգիաները, այն նորարարական նախագծերը, որոնք ցույց են տալիս երկու երկրների գիտական մտքի հնարավոր զուգահեռները:
«Վստահ եմ, որ այս գիտաժողովը կլինի արդյունավետ և ոգեշնչող: Ուզում եմ, որ առավելագույնս օգտագործենք այս հնարավորությունը՝ սովորելու միմյանցից, ծանոթանալու միմյանց փորձին և կառուցելու ավելի պայծառ ապագա գիտության ոլորտում»,- ասաց ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտորը:
ՀՀ ԿԳՄՍ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, անդրադառնալով միջոցառման կազմակերպման գաղափարին, նշեց. «Սա արդեն երկրորդ գիտաժողովն է, որն անցկացվում է կողմերի՝ տևական համատեղ աշխատանքի արդյունքում։ Գերմանիայի և Հայաստանի միջև հետազոտությունների և տեխնոլոգիական զարգացման ոլորտում գործակցությունը համակարգային է՝ համաձայն երկու երկրների ոլորտային նախարարությունների միջև 2011 թվականին կնքված հուշագրի: Նշյալ հուշագրի շրջանակում մենք անցկացրել ենք գիտական հետազոտությունների աջակցության համատեղ երեք մրցույթ 2013, 2016 և 2021 թվականներին: Սա մեր կարևոր նախագծերից մեկն է»:
Անդրադառնալով երկու երկրների համագործակցության շրջանակներին՝ Սարգիս Հայոցյանը նշեց, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնական ոլորտներն են տեղեկատվական տեխնոլոգիաները, խելացի գյուղատնտեսությունը, ռիսկերի կառավարումը և այլն:
«Հետազոտական շրջանակն առավել ընդգրկուն է դառնում շարժունակության տարբեր ծրագրերի շնորհիվ, որոնցում հիմնականում ներառված են երիտասարդ հետազոտողները: Երիտասարդ հետազոտողների ներգրավվածությունը՝ որպես հետազոտական ոլորտում սերնդափոխությանը նպաստող գործոն, մեր առաջնահերթություններից մեկն է: Շարժունակության ծրագրերը ևս խիստ կարևոր են առավել լավ համագործակցային միջավայր ստեղծելու տեսանկյունից»,- շեշտեց Ս. Հայոցյանը՝ ընդգծելով, որ ՀՀ-ն նոր՝ ավելի բարձր մակարդակի գործընկերային հարաբերություններ է հաստատում ԳԴՀ-ի հետ՝ հիշեցնելով անցյալ շաբաթվա նախարարական այցը Գերմանիա՝ բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտների բազմաթիվ խոշոր հաստատություններ, նշանակալի հանդիպումներ ինչպես ոլորտի առաջատար մասնագետների, այնպես էլ ուսանողների հետ:
«Ես տպավորված եմ այս լսարանով»,- իր ելույթն այս խոսքերով սկսեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Էրիկ Թինտրուպը: Խոսելով միջոցառումից ստացած իր առաջին տպավորություններից՝ նա ասաց. «Ինչպես գիտեք՝ ես դիվանագետ եմ և սովոր եմ հանդիպելու դիվանագետների հետ: Մեր հանդիպումները հիմնականում սահմանափակվում են խոսակցություններով: Այժմ, երբ տեսնում եմ մեծ թվով գիտնականների ու հետազոտողների, հասկանում եմ, որ այստեղ քիչ են խոսակցությունները, փոխարենը՝ կան գործողություններ, կատարված և կատարվող ծրագրեր: Մենք համատեղ բազմաթիվ նախագծեր ենք իրականացնում, և արդեն երկու տարի այս հիանալի, շատ հյուրընկալ երկրում մնալուց հետո կարող եմ անկեղծորեն արձանագրել, որ հատկապես վերջին երկու տարում է՛լ ավելի են խորացել երկու երկրների՝ Հայաստանի և Գերմանիայի գործընկերային հարաբերությունները»:
Անդրադառնալով երկու երկրների փոխշահավետ գործակցությանը՝ Էրիկ Թինտրուպն ընդգծեց, որ գիտության ոլորտում առաջընթացը կախված է գիտնականների՝ միմյանց հետ հաճախակի շփումներից:
«Այսպիսով, անհրաժեշտ է ծանոթանալ միմյանց գաղափարներին՝ զուգահեռաբար ձեռք բերելով նաև նոր գիտելիքներ: Ուրախալի է այն, որ այստեղ ներկա են փորձագետներ, որոնք ցանկանում են շփվել միմյանց հետ: Նշեմ, որ Գերմանիայի կառավարությունը և Գերմանիայի դեսպանատունը շարունակական աջակցություն կցուցաբերեն մի շարք ոլորտների, այդ թվում՝ գիտության զարգացմանը»,-ասաց փոխդեսպանը:
Նշենք, որ միջոցառմանը ելույթ ունեցավ նաև Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության ներկայացուցիչ Ֆլորիան Ֆրանկը՝ շեշտելով երկու երկրների՝ տարբեր ոլորտներում գործակցության կարևորությունը:
Գիտական միջոցառումն ազդարարող ելույթներին հաջորդեցին գիտական զեկուցումներ՝ հետաքրքրություն ներկայացնող տարբեր թեմաների շուրջ: Երկու օր շարունակ հայ և գերմանացի հետազոտողներն ու գիտնականները ներկայացրին հետաքրքրաշարժ ուսումնասիրություններ և դիտարկումներ գիտական աշխարհի ամենատարբեր ոլորտների մասին: Զեկուցումներով հանդես եկան հայաստանյան և գերմանական առաջատար բուհերի ներկայացուցիչները:
Հավելենք, որ գիտական միջոցառումը կազմակերպվել էր ԵՊՀ, ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության համատեղ նախաձեռնությամբ: