Июля 15, 2024 | 11:00
Волонтерство, практика и стажировка
Общество
Международное сотрудничество
Зарубежная практика студентов ЕГУ, направленная на сохранение национальной самоидентичности армян
Согласно договору, подписанному между Ереванским государственным университетом и Южным федеральным университетом (РФ), уже второй год группа студентов исторического факультета ЕГУ имеет возможность пройти учебно-производственную практику в Южном федеральном университете.
ՌԴ-ում անցկացվող պրակտիկային մասնակցել են ԵՊՀ պատմության ֆակուլտետի «Հնագիտություն և ազգագրություն», «Հայոց պատմություն» և «Կովկասագիտություն» բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերի 13 ուսանողներ։ Նրանց ուղեկցել են Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ Էդուարդ Զոհրաբյանը և Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը։
ԵՊՀ ուսանողներն ուսումնաարտադրական պրակտիկայի շրջանակում բաժանվելով խմբերի՝ Հարավային դաշնային համալսարանում դասախոսություններ են կարդացել Սոցիոլոգիայի և տարածաշրջանագիտության ինստիտուտի ուսանողների համար, ինչպես նաև՝ Ռոստովի մարզի Շախտի, Չալդր, Մեծ Սալի, Նովոչերկասկ, Բատայսկ հայաբնակ բնակավայրերի կիրակնօրյա դպրոցներում՝ տեղի աշակերտների ու ծնողների համար։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ, պ․գ․թ․, դոցենտ Էդուարդ Զոհրաբյանը նշեց, որ Հարավային դաշնային համալսարանի հետ նախապես համաձայնեցված ծրագրի շրջանակում ներառել են մոտ 90 դասախոսություններ հայոց պատմության տարբեր շրջանների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացրել հայկական մշակույթը, արվեստը, սպորտը։
«Ուսանողների պրակտիկան կազմակերպելով Հարավային դաշնային համալսարանում՝ փորձում ենք Ռոստովի մարզի հայկական համայնքների լայն ընդգրկմամբ մեր ուսանողության գիտելիքները փոխանցել այդ համայնքների աշակերտներին։ Հայապահպանության խնդիրը լուծելու առումով սա կարելի է համարել ոչ միայն արտադրական պրակտիկա, այլև «ուխտագնացություն», քանի որ մեր ուսանողները ջերմորեն կապվում են տեղի հայկական համայնքի աշակերտների հետ և արտադրական պրակտիկան ավարտելուց հետո այնտեղի հայ աշակերտներին հեռավար դասավանդում են թե՛ հայոց լեզու, թե՛ հայոց պատմություն»,- ասաց Էդուարդ Զոհրաբյանը։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի «Կովկասագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող Նադյա Թորոսյանը, խոսելով դասախոսություններից, նշեց, որ Հարավային դաշնային համալսարանում արտերկրի ուսանողներին հայոց պատմությունը ներկայացնելիս պարզվում էր, որ նրանցից ոմանք նույնիսկ չեն լսել Հայաստանի մասին։
«Լսարանը հետաքրքրված էր հայոց պատմությամբ, երբեմն նրանք զուգահեռներ էին անցկացնում Ռուսաստանի պատմության հետ, հնչում էին տարաբնույթ հարցեր, որոնք վերաբերում էին նաև հայկական մշակույթին, պետականության ձևավորմանը»,- նշեց Նադյան։
ԵՊՀ ուսանողների խմբին հնարավորություն է ընձեռվել նաև օգտվելու Հարավային դաշնային համալսարանի գրադարանից։
«Այդ գրադարանում առկա է մեծ քանակությամբ գրականություն։ Մեր ուսանողները հնարավորություն են ունեցել ծանոթանալու գրականության ցանկին, ինչպես նաև՝ անժամկետ և անվճար օգտվելու բոլոր առցանց գրքերից QR կոդի միջոցով»,- ասաց Էդուարդ Զոհրաբյանը և հավելեց, որ Ռոստովի ազգային արխիվի գործընկերների հետ նույնպես պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ անհրաժեշտ նյութեր ստանալու։
«Այն ուսանողները, որոնք կզբաղվեն Հյուսիսային Կովկասի ժողովուրդների, հայկական համայնքների պատմության ուսումնասիրությամբ, հնարավորություն կունենան օգտվելու նաև այնտեղի ազգային արխիվից»,- մատնանշեց նա։
Ըստ Էդուարդ Զոհրաբյանի՝ Կովկասի պատմության նկատմամբ այսօր բավական մեծ հետաքրքրություն կա ամբողջ աշխարհում, քանի որ նոր աշխարհակարգի ձևավորմամբ պայմանավորված՝ Կովկասը հայտնվել է ուշադրության կենտրոնում։
«Այս առումով՝ Կովկասի բնակչության մարդաբանական, հնագիտական, ազգագրական, էթնիկ, կրոնական, մշակութային, քաղաքագիտական հիմնախնդիրները դառնում են կարևոր և ուսանելի։ Իսկ կովկասագիտությունն այս ամբողջը «մարմնավորում է» իր մեջ՝ սկսած հնագույն շրջանից մինչև մեր օրեր»,- ընդգծեց Էդուարդ Զոհրաբյանը։
Նշենք, որ 14 օր տևած ուսումնաարտադրական պրակտիկան ամփոփվել է ուսանողների վկայականների հանձնման արարողությամբ։