Сентября 04, 2024 | 13:58
Карьера
Образование
Студенческий
«Своими достижениями я обязан своей стране и ЕГУ». Студент Гарник Багдасарян
Гарник Багдасарян выбрал ЕГУ, чтобы осуществить свою мечту, и на пути своего профессионального развития он достиг многих успехов, одним из которых было присвоение ему звания «Лучший студент ЕГУ».
Նա սովորում է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի 4-րդ կուրսում։ Ուսանողական կյանքի և հետագա ծրագրերի մասին պատմում է Գառնիկը:
Ընդունվեցի ԵՊՀ, քանի որ …
Երևանի պետական համալսարանը կրթական լավագույն հաստատությունն է, որը ստեղծում է նպաստավոր պայմաններ գիտության ոլորտում առաջընթաց գրանցելու և զարգանալու համար, տալիս է հմտություններ, ընձեռում միջազգային կապերի ստեղծման և ամրապնդման հնարավորություններ: Սրանից զատ՝ քույրս ԵՊՀ-ում էր սովորում, և ես միշտ նրանից լավ կարծիքներ էի լսում ակադեմիական այս միջավայրի մասին, ինչն էլ մղեց ինձ իմ երազանքների իրականացումը կապելու միայն ԵՊՀ-ի հետ՝ գիտակցելով, որ նպատակներիս հասնելու նախապայմանը բարձրորակ կրթությունն է:
Ունենալով երազանք…
Դիմեցի ԵՊՀ-ի ֆիզիկայի ինստիտուտ, քանի որ իմ երազանքն է նպաստել Հայաստանում ռազմարդյունաբերությունը զարգացնելուն։ Մեծ ցանկություն ունեմ այդ գործում իմ ներդրումն ունենալու։
2019 թվականին ծառայության անցնելով ՀՀ զինված ուժերում՝ մասնակցել եմ 44-օրյա պատերազմին։ Արժանացել եմ տարբեր պարգևների՝ «Հայոց բանակի գերազանցիկ» «Քաջարի մարտիկ», «Մարտական հերթապահություն» կրծքանշանների և «Արիության համար» մեդալի: Յուրաքանչյուր միջավայրում միշտ էլ ձգտել եմ լավագույնին:
«ԵՊՀ լավագույն ուսանող» կոչումը...
Ի սկզբանե նպատակ չունեի դիմելու մրցույթին, բայց մեր դասախոսների խորհրդով որոշեցի մասնակցել և արժանացա այս կոչմանը, որը, իհարկե, մեծ պատիվ է՝ չնահանջելու, միշտ առաջ գնալու պարտավորությամբ: Այն իմ լավագույն ձեռքբերումներից է:
Համալսարանում…
Առաջին կուրսում ինձ համար առաջնայինը միայն սովորելն էր: Աստիճանաբար սկսեցի ուսանողական ակտիվ կյանք վարել, դարձա ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության անդամ, մասնակցեցի մի շարք միջոցառումների, սեմինարների, միջազգային գիտաժողովների: Այս տարի մասնակցել եմ ԵՊՀ-ում կազմակերպված հոդվածագրության դպրոցին, որի շրջանակում սովորել ենք՝ ինչպես գրել գիտական հոդված, մտքերն արտահայտել ճիշտ և գրագետ այնպես, որ կարդացողը հասկանա՝ ինչ ես ուզում ասել: Մի քանի անգամ մասնակցել եմ կրթաթոշակների տրամադրման մրցույթների և հաղթող ճանաչվել։ Անցած տարի արժանացել եմ նաև ՏՏ (Տեղեկատվական տեխնոլոգիաներ) բնագավառում «Լավագույն բակալավր» առաջին կարգի մրցանակի:
Ուսումնառության ընթացքում տարբեր սեմինարներ ենք կազմակերպել՝ դպրոցահասակ երեխաներին ծանոթացնելու ԵՊՀ-ին, իրազեկելու գիտության ու մասնավորապես ֆիզիկայի ուղղությունների, հետաքրքրաշարժ փորձերի մասին: Նրանց հրավիրել ենք այս ակադեմիական միջավայր՝ տեղեկանալու, սովորելու, մասնագիտական կյանքում ճիշտ կողմնորոշվելու համար. չէ՞ որ ֆիզիկան կարևոր է, իսկ ֆիզիկոսի մասնագիտությունը՝ հետաքրքիր:
Քայլ առ քայլ առաջ գնալով՝ հասկացա, որ ճիշտ ընտրություն եմ կատարել. ԵՊՀ-ում ինձ ուղղորդում են՝ գտնելու բազմատեսակ հնարավորություններ:
Այժմ…
Որպես լաբորանտ աշխատում եմ Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում: Ուսումնասիրում ենք տարրական մասնիկները, դրանց հետ տեղի ունեցող փոխազդեցությունները, մութ էներգիան, կատարում ենք նաև տարբեր մասնիկների նոր գործընթացների հետազոտություններ: Աշխատանքը շատ հետաքրքիր է, քանի որ գործ ունենք այնպիսի հսկայական էներգիաների համակարգերի հետ, որոնք անզեն աչքով անտեսանելի են: Կարճ ասած՝ ուսումնասիրում ենք ամբողջ աշխարհի գոյությունը՝ հասկանալու, թե ինչից են առաջացել նյութերը, մարմինները, տիեզերքի մութ էներգիան:
Սիրում եմ իմ աշխատանքը, բայց նաև գիտակցում, որ առաջընթացի համար անհրաժեշտ է շարունակաբար կատարելագործել մասնագիտական գիտելիքները, տեղյակ լինել ոլորտի նորարարություններին, այդ իսկ պատճառով կրթությունս արտերկրում շարունակելու մեծ ցանկություն ունեմ, որպեսզի ձեռք բերած գիտելիքներս ծառայեցնեմ ի նպաստ իմ երկրի:
Ուր էլ լինեմ, միևնույն է, ես իմ յուրաքանչյուր ձեռքբերման համար պարտական եմ իմ երկրին ու իմ համալսարանին: