Октября 30, 2024 | 12:29
Наука
Исследовательская работа
Связь искусственного интеллекта и лингвистики - под пристальным изучением лингвистов ЕГУ
Преподаватели факультета армянской филологии ЕГУ опубликовали в журнале «Norwegian Journal of development of the International Science» научную статью, посвященную искусственному интеллекту и лингвистике, их взаимосвязи, лексическим и семантическим неологизмам.
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․ Զարիկ Աղաջանյանն ու ասիստենտ, բ․գ․թ․ Վալտեր Բերբերյանը «Քննարկումներ և ուսումնասիրություններ արհեստական բանականության և խոսքի մշակույթի շուրջ» խորագրով հոդվածում առաջարկել են մշակել արհեստական բանականության մոդելավորման լեզուն, նախագծել լեզվական-մտածական մոդելներից բանաձևումների արտածման ռազմավարություն՝ ի նպաստ գիտության, տնտեսության առաջընթացի և զարգացման։
«Արհեստական բանականությունը դարձել է ժամանակի պահանջված գործիքը և կիրառվում է տարբեր բնագավառներում։ Մեզ ևս գրավեց այն հանգամանքը, որ ի վերջո արհեստական բանականությունը ներկայանում է լեզվական կաղապարների, մոդելների միջոցով, այսինքն՝ առանց լեզվի հիմքի այն աշխատել չի կարող։ Եվ հենց այս ժամանակակից պահանջված գործիքի խնդիրների կենտրոնում լեզվի մշակումն է։ Դեռ արիստոտելյան ժամանակներից ներկայացվել է խոսող, խոսակից, խոսակցության թեմա եռամիասնությունը, և ներկայում հայ բանասիրության պատմության մեջ, կարելի է ասել՝ առաջին անգամ, առանջին գիծ է մղվում խոսակցի խնդիրը՝ դառնալով խոսո՞ղ, խոսակի՞ց, թե՞ խոսակցության նյութ բանավեճի (հնում, հատկապես՝ 5-րդ դարում, մեծ ուշադրություն էին դարձնում «վերծանման արվեստին», այսինքն՝ խոսակցի, խոսքի հասցեատիրոջ կողմից տեքստի կամ ասույթի ընկալման, հասկացման, արձագանքման խնդիրներին) շարունակություն, յուրօրինակություն, որը հայ նորագույն լեզվաբանության մեջ գրեթե ուսումնասիրված չէ»,- ասաց Զարիկ Աղաջանյանը՝ ընդգծելով, որ ժամանակի պահանջն է նաև հավաքել և կազմել «բանականություն» և «արհեստական» գլխավոր հասկացույթների իմաստաբանական դաշտերը՝ մասնատելով ենթադաշտերի և քննելով հնարավոր բոլոր զուգորդումները:
Խոսելով ուսումնասիրության թեմայի արդիականության մասին՝ Վալտեր Բերբերյանը նշեց, որ ժամանակակից կրթահամակարգի պայմաններում ցանկացած իրողության լեզվական տեքստավորումը կարելի է մատուցել ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաներ) և ՏՀՏ (տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաներ) տեխնոլոգիաների անմիջական կիրառությամբ:
«Արհեստական բանականության ի հայտ գալով պայմանավորված՝ ստեղծվել են նոր բառեր, նորաբանություններ, մեծացել է շատ բառերի գործածական հաճախականությունը, ինչպես՝ ռոբոտաշինություն, մեքենայական ուսուցում, տրամաբանական ինտելեկտ, մարդ-խոսակից, ալգորիթմ, տվյալների շտեմարան և այլն։ Արհեստական բանականության բերած բառապաշարն առանձին քննություն է պահանջում։ Երբ խոսում ենք արհեստական բանականություն բառակապակցության մասին, հարկ է ուշադրություն դարձնել, որ ԲԱՆ-ը հենց խոսքն է, միտքը, լեզուն»,- ընդգծեց Վ․ Բերբերյանը։
Հոդվածագիրները կարևորել են արհեստական բանականության և լեզվաբանության, խոսքի մշակույթի միջև կապը, ներկայացրել, թե ինչ առնչություններ կան դրանց միջև, մեկնաբանել արհեստական բանականություն եզրույթակապակցությունը՝ միևնույն ժամանակ կատարելով տերմինակապակցության պատմալեզվական քննություն թե՛ ստուգաբանական, թե՛ իմաստային, թե՛ քերականական առումներով։
Հետազոտության ժամանակ նրանք կիրառել են տարբեր մեթոդներ՝ նկարագրական, համեմատական, վերլուծական, կատարել են տարբեր հարցումներ՝ պարզելու, թե ուսանողները որ թվային գործիքներն են առավել հաճախ օգտագործում։
«Այսօր այնքան է տարածվել արհեստական բանականության կիրառումը, որ և՛ ուսանողները, և՛ աշակերտները օգտագործում են գործիքը՝ լուծելու ամենատարբեր խնդիրներն ու առաջադրանքները, հեշտորեն ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները»,- մատնանշեց Վ․ Բերբերյանը։
Տարբեր տվյալներ համադրելով՝ մասնագետները հանգել են այն եզրակացության, որ արհեստական բանականության կատարած աշխատանքը, առանց մարդ-խմբագրի, վերջնական տեքստ չի ունենում։ Պարզվել է նաև, որ գիտության բազմաճյուղ համակարգում արհեստական բանականության քայլերն ու նրանց հաջորդականությունը գրեթե նույնն են (փաստաթղթերի, տվյալների, որոշումների, նախադեպերի, օրենքների, պայմանագրերի և այլնի վերլուծություն, տեղեկատվության սինթեզ)։
Հոդվածի հեղինակները կարծում են, որ թեև մարդիկ ոգևորված են արհեստական բանականությամբ, այնուամենայնիվ այն ունի իր ստվերոտ կողմը։
«Արհեստական բանականությունը ներկայանում է նաև ոչ ճշգրիտ, սուբյեկտիվ վերաբերմունքի տարրերով, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ խոսակից բանական մարդու վրա։ Արհեստական բանականությանը ի հակակշիռ՝ տարածվել է նաև թունավոր բանականություն արտահայտությունը, որը տանում է դեպի համակարգչային սպանություններ։ Ուսումնասիրության ենթակա է նաև արհեստական բանականության, թունավոր բանականության և բանական բանականություն միջև փոխհարաբերությունը։ Այս համատեքստում մեր առաջարկն այն է, որ արհեստական բանականությունը կիրառվի ճշգրտության սահմաններում»,- նշեց դոցենտ Զարիկ Աղաջանյանը։
Քանի որ արհեստական բանականությունը կապվում է մտքի թռիչքի, արագության հետ, հոդվածագիրներն առաջարկում են, որ կրթական ծրագրերի դասավանդման գործընթացում առանքային դեր ունենա վերլուծական մտածողության ձևավորումը։
Գիտնականներն ընդգծում են, որ հոդվածի հրապարակումը ևս մի հնարավորություն էր խոսելու Երևանի պետական համալսարանի մասին, ներկայացնելու ԵՊՀ արհեստական բանականության լաբորատորիայի հիմնադրման պատմությունը, թե լաբորատորիայում ինչ աշխատանքներ են կատարվում, ինչ տեխնոլոգիաներ են կիրառվում և այլն։
Նշենք, որ նորվեգական ամսագրում հոդվածի հրապարակման համար մասնագետներն արժանացել են հավաստագրի։
Հավելենք, որ շարունակական աշխատանքներ են կատարվում ուսումնասիրություններից ստացված արդյունքները հոդվածների տեսքով բարձր ազդեցության գործակից ունեցող միջազգային տարբեր ամսագրերում տպագրելու ուղղությամբ։ Նախատեսվում է հետազոտությունը ներկայացնել հանրապետական, միջազգային գիտաժողովներում, գրախոսվող ամսագրերում, թեմայի շուրջ անցկացնել գիտահանրամատչելի սեմինարներ ուսանողների, աշակերտների համար։ Ստացված տվյալները հիմք են դառնալու հետագայում նաև մենագրական ուսումնասիրության համար: