Декабря 10, 2024 | 12:15
Образование
Международное сотрудничество
Студенческий
Стремление получить качественное образование приводит в ЕГУ студентов зарубежных вузов
Студентка Болонского университета (Италия) Алексия Ди Крискио и студентка Грайфсвальдского университета (Германия) Ульяна Амуева продолжают обучение на факультете русской филологии ЕГУ в рамках программы «Эразмус+». Студенты, обучающиеся в течение одного семестра по программе бакалавриата, рассказывают о своей полной вызовов и насыщенной знаниями учёбе.
Ալեքսիա Դի Քրիսցիոն, ով Ռուս բանասիրության ֆակուլտետում ուսանում է «20-րդ դարի ռուս գրականության պատմություն», «Ժամանակակից ռուսաց լեզվի շարահյուսություն», «Գրական տեքստի վերլուծություն», ինչպես նաև ուսումնասիրում է ռուս գրականությունը միջմշակութային հաղորդակցության համատեքստում, մեզ հետ զրույցում նշեց. «Ընտրել եմ ԵՊՀ-ն, որովհետև Ռուս բանասիրության ֆակուլտետի կրթական ծրագրերը համահունչ են լեզվաուսուցման արդի մոտեցումներին: Կրթությունս այս ֆակուլտետում շարունակելն ինձ համար հիանալի հնարավորություն է՝ բարելավելու ռուսերենի իմացությունս»:
Համեմատելով Երևանի պետական համալսարանն ու Բոլոնիայի (Իտալիա) համալսարանը՝ Ալեքսիան մատնանշեց ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում իր նախընտրած առարկաների ռուսերենով ուսուցումը. «Մյուս տարբերությունն էլ դասախոսի և ուսանողների միջև ուղիղ հաղորդակցությունն է: Այստեղ կազմակերպվում են սեմինարներ «Ռուս գրականություն» առարկայից՝ ներկայացնելով հեղինակներին ու նրանց ստեղծագործությունները. սա լեզուն յուրացնելու և մշակույթը խորապես ճանաչելու լավ առիթ է»:
Ալեքսիա Դի Քրիսցիոն լիահույս է, որ ԵՊՀ-ում ձեռք բերած գիտելիքները կկիրառի ոչ միայն ավարտական աշխատանքում, այլև հետագայում:
«Հայաստանում եղանակը շատ հաճելի է, մարդիկ՝ ընկերական, սնունդը՝ համեղ, իսկ դրսում սնվելը, Իտալիայի հետ համեմատած, բավական մատչելի է և ուսանողին հարմար: Ինձ շատ դուր եկան նաև հայկական ժողովրդական պարերը»,- եզրափակեց իտալացի ուսանողը:
Գրայֆսվալդի համալսարանի (Գերմանիա) ուսանող Ուլյանա Ամուևան Ռուս բանասիրության ֆակուլտետում սովորում է «Ժամանակակից ռուսաց լեզվի պրակտիկում», «20-րդ դարի ռուս գրականության պատմություն-1», «20-րդ դարի ռուս գրականության պատմություն-2», ինչպես նաև «Ռուսերենը՝ որպես օտար լեզու» առարկաները:
«Ցանկանում էի ուսումս շարունակել դարավոր պատմություն և մշակույթ ունեցող մի երկրում, հետևաբար ընտրեցի Հայաստանը: ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետն այն նոր միջավայրն է, որտեղ հարստացնում եմ իմ գիտելիքները: Ռուս գրականության ուսումնասիրության միջոցով եմ սովորում լեզուն՝ կենտրոնանալով քերականության, բառապաշարի վրա: Սա Գրայֆսվալդի համալսարանում ստացած իմ կրթությունը լրացնելու միջոց է»,- անկեղծացավ Ուլյանա Ամուևան:
Համեմատելով ԵՊՀ-ի և Գրայֆսվալդի համալսարանի ուսանողների՝ ռուսերենի իմացության մակարդակները՝ նա ընդգծեց, որ Ռուս բանասիրության ֆակուլտետում ուսանողների մեծ մասը խորությամբ տիրապետում է լեզվին: Այդ հանգամանքը կրթական միջավայրը դարձնում է մարտահրավերներով լեցուն և ստիպում ավելի արագ լավարկելու ռուսերենի իմացությունը:
«Ստացած գիտելիքներս կկիրառեմ ավագ դպրոցում, ուր աշխատելու եմ որպես ռուսերենի ու գերմաներենի ուսուցիչ: Իմ նպատակն է լեզուների ու մշակույթի հանդեպ ունեցած իմ մեծ սերը տարածել նաև ուսանողների շրջանում, որպեսզի նրանք աշխարհը բացահայտեն նաև նոր լեզուների միջոցով»,- նշեց Ուլյանա Ամուևան:
Նախքան Երևան գալը Գրայֆսվալդի համալսարանի ուսանողը լսել էր Հայաստանի հարուստ պատմության մասին: Տեղյակ էր նաև, որ Հայաստանը հարուստ է լեռներով ու ձորերով շրջապատված գեղատեսիլ վայրերով. «Մարդկանց ապրելակերպի ու մշակույթի մասին շատ բան չգիտեի: Հայաստանում ինձ համար հրապուրիչ են մարդկանց ջերմ ընդունելությունն ու գեղեցիկ ավանդույթները: Միակ բանը, որ կցանկանայի՝ բարելավվի, հանրային տրանսպորտն է, որպեսզի և՛ օտարերկրացիների, և՛ տեղաբնակների համար ավելի հեշտ լինի քաղաքում, ինչու չէ, նաև երկրով մեկ շրջելը»:
Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Դիանա Գազարովան ընդգծեց, որ «Էրազմուս+» ծրագրով հյուրընկալված ուսանողները սովորում են ֆակուլտետի ուսանողների հետ, ուստի լեզվամշակութային միջավայրում ավելի հեշտ են յուրացնում լեզուն. «Եվ՛ Ուլիանան, և՛ Ալեքսիան ոչ միայն հաճախում են դասընթացներին, այլև շատ ակտիվ մասնակցում են ֆակուլտետի՝ ռուսերենով կազմակերպվող ուսանողական միջոցառումներին, ինչն էլ հավելյալ հնարավորություն է ուսումնառության ընթացքում լեզվի իմացության մակարդակն էլ ավելի բարձրացնելու համար»:
Դիանա Գազարովան, խոսելով արտերկրի բուհերից ԵՊՀ այցելող ուսանողների թվից ու աշխարհագրությունից, շեշտեց, որ այս կիսամյակ ֆակուլտետում իրենց ուսումնառությունն են շարունակում Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ճանաչված համալսարանների ուսանողներ. «Տարեցտարի մեծանում է արտերկրի բուհերից եկող ուսանողների թիվը, օրինակ՝ 2022-2023 ուստարում ֆակուլտետում ունեցել ենք 37, իսկ 2023-2024-ին` 75 ուսանող: Այցելում են ինչպես «Էրազմուս+», այնպես էլ «Ռուսաց լեզվի և տարածաշրջանային ուսուցում» ծրագրերի շրջանակներում: Երկրորդ ծրագրի միջոցով ծանոթանում են նաև Հայաստանի պատմությանն ու մշակույթին»:
Դեկանն այս համատեքստում հատկապես կարևորեց այն, որ Ռուս բանասիրության ֆակուլտետ հաճախ գալիս են սովորելու Իտալիայի և Գերմանիայի բուհերից, ինչը խոսում է այն մասին, որ ուսանողներն արդյունավետ են համարում ֆակուլտետում ռուսաց լեզվի դասավանդման մեթոդները: Վերոնշյալ ծրագրերից բացի՝ Ռուս բանասիրության ֆակուլտետ արտերկրի տարբեր բուհերից ուսանողներ են այցելում ռուսերենի ուսուցման ամառային դասընթացներին մասնակցելու համար. այդ ուսանողների թիվը ևս բավական մեծ է: Ամառային դասընթացների ծրագրի շրջանակում նախատեսված են նաև Հայաստանի պատմությանն ու մշակույթին վերաբերող դասաժամեր, ինչպես նաև այցելություն տեսարժան վայրեր: