Декабря 20, 2024 | 10:21
Наука
Образование
Новое исследование - направленное на изучение роли перелетных птиц в распространении болезней в Армении
Ներկայում աշխարհը շարունակաբար բախվում է առողջապահական համընդհանուր մարտահրավերների, որոնց թվում է նաև չվող թռչունների միջոցով մարդկանց և կենդանիների շրջանում տարբեր հիվանդությունների տարածումը։ ՀՀ-ում մակաբույծների տեղափոխման, հիվանդությունների տարածման գործում չվող թռչունների դերի վերաբերյալ հետազոտություն է կատարում ԵՊՀ ասպիրանտ Մանան Ասիկյանը։
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի ասպիրանտ Մանան Ասիկյանի «Չվող թռչունների դերը Հայաստանում մարդու և կենդանիների որոշ հիվանդությունների տարածման գործում» գիտական նախագիծը ֆինանսավորման է երաշխավորվել ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտության ծրագիր-2024» մրցույթի արդյունքում։
Գաղտնիք չէ, որ թռչունների միջոցով տարածվող վարակները կարող են լուրջ վտանգ ստեղծել թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների համար։ Հայաստանում դեռևս չկան բավարար քանակով և անհրաժեշտ մանրամասնությամբ չվող թռչունների դերը հիվանդությունների տարածման գործում ներկայացնող գիտական աշխատանքներ, ուստի թեմայի ուսումնասիրությունը բավականին արդիական է։ Ըստ Մանանի՝ հետազոտությունների պակասը ցույց է տալիս, թե որքան կարևոր է այս հարցի խորացված ուսումնասիրությունը հետագայում համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ մշակելու համար։
- Կպատմե՞ք Ձեր հետազոտական աշխատանքի, թեմայի արդիականության և նպատակների մասին։
- Հայաստանում միայն ուսումնասիրված են թռչունների տեսակային բազմազանությունը և էկոլոգիան, սակայն թե մակաբուծային ինչ կազմ ունեն նրանք, ուսումնասիրված չէ։ Վերջին հրապարակման մեջ (որը կատարվել է 2020 թվականին) ներկայացված ամենաթարմ տվյալը վերաբերում է 1990 թվականին․ այստեղ նկարագրված են 50 տարբեր տեսակի թռչունների մոտ հայտնաբերված նեմատոդները։ Համաշխարհային մակարդակով շատ հետազոտություններ կան կատարված, սակայն տարածաշրջանային մակարդակով՝ ոչ այնքան․ սա արդեն խոսում է թեմայի արդիականության մասին։
Հայաստանում հանդիպում են 370-ից ավելի թռչնատեսակներ, որոնցից մոտ 200-ը չվող տեսակներ են։ Հետազոտական աշխատանքի նպատակն է ուսումնասիրել ՀՀ-ում առկա չվող թռչունների դերը մակաբույծների տեղափոխման ու դրանց տարածման գործում։ Եթե կաթնասունները կամ մողեսները ինչ-որ սահման հատելու համար պետք է մեծ ջանք գործադրեն, ապա թռչուններն այդ հարցում ազատ են․ նրանց համար աշխարհագրական խոչընդոտներ չկան կամ էլ շատ քիչ կան։
Կարևոր է հասկանալ, թե որտեղով է անցնում թռչունների չուն, որտեղից են գալիս թռչունները, ինչ հիվանդություններ կան աշխարհում, ինչպես կարող են դրանք հասնել Հայաստան և ինչ պայմաններում կարող են փոխանցվել մարդկանց։
Նշեմ, որ այս նախագիծն իրականացնելու համար ընտրվել է նախապես որոշված երեք կետ (տարածք), և ըստ այդմ՝ հաշվի ենք առնելու տվյալ միջավայրի ջերմաստիճանը, կլիմայական գործոնները, բարձրությունը։ Բացի դրանից՝ կատարվելու է մոդելավորում, թե նմանատիպ պայմաններում Հայաստանի որ տարածաշրջաններում կարող է թռչունների մոտ հայտնաբերվել այդպիսի մակաբուծային կազմ։ Այնուհետև մոդելավորելու ենք, թե մի քանի տարի անց ինչպիսի պատկեր է լինելու։
- Ո՞ր թռչունները կարող են լինել Հայաստանում հիվանդությունների տարածման աղբյուր։
- Առհասարակ կարելի է ասել, որ բոլոր թռչուններն էլ կարող են հիվանդությունների տարածման աղբյուր դառնալ, քանի որ նրանց համար չկան աշխարհագրական սահմաններ։ Եվ քանի որ թռչունները տաքարյուն են, դա հնարավորություն է տալիս նրանց լինելու լավ ռեզերվուար մակաբույծների, վիրուսների, բակտերիաների համար։ Մենք հիմնականում հետազոտելու ենք ճնճղազգիներին, որոնց հնարավոր է բռնել մեր ցանցերով, ինչպես նաև արագիլներին, որոնք ապրում են գյուղական բնակավայրերում և մարդկանց մոտիկ։ Թռչունները, որոնք կարող են անմիջականորեն հիվանդություններ փոխանցել մարդկանց, այն թռչուններն են, որոնք ապրում են հենց մարդկանց մոտ։
- Ի՞նչ ճանապարհներով է տեղի ունենում հիվանդությունների փոխանցումը թռչուններից մարդուն։
- Հիվանդությունները, որոնք կարող են փոխանցվել թռչուններից մարդուն, կոչվում են զոոնոզներ։ Դրանք կարող են փոխանցվել երկու ճանապարհով․ առաջինը կոնտակտային փոխանցումն է, երբ մենք անմիջական շփում ենք ունենում հիվանդ թռչունի հետ։ Երկրորդ ճանապարհը կղանքի, միզաքարերի կամ ինչ-որ լորձային արտադրուկի միջոցով փոխանցվող վարակիչ բակտերիաները կամ վիրուսներն են (օրինակ՝ սալմոնելլան)։ Այս ճանապարհով հիվանդությունները կարող են փոխանցվել, օրինակ, երբ մենք օգտագործում ենք լավ չլվացած մթերք, որի վրա կարող է հայտնվել թռչունի՝ հիվանդություններ հարուցող ցիստեր պարունակող կղանք։ Կամ՝ երբ կեղտոտ ձեռքերով դիպչում ենք ինչ-որ տերևների, հողի և այլն։
Ինչպես կորոնավիրուսը տարածվեց ամբողջ աշխարհում, այնպես էլ կարող են թռչունների միջոցով տարբեր հիվանդություններ տարածվել։ Թռչունները կարող են մեր տարածաշրջան բերել այնպիսի հիվանդություններ, որոնք անգամ բնորոշ չեն մեր տարածաշրջանին՝ ստեղծելով համաճարակաբանական ծանր վիճակ։
- Ի՞նչ արդյունքներ եք ակնկալում այս հետազոտությունից։ Ինչո՞վ են այդ արդյունքները օգտակար լինելու մարդկանց և կենդանիների առողջությանը։
- Այս հետազոտական աշխատանքի արդյունքում մենք կունենանք հստակ հիվանդությունների ցուցակ, որոնք կարող են փոխանցվել թռչունների կամ թռչունների մակաբույծների միջոցով։ Կունենանք հստակ ցուցակ, թե ինչ մակաբույծների կրող են թռչունները, և կհասկանանք, թե այդ հիվանդություններից որոնք կարող են փոխանցվել մարդկանց կամ կենդանիներին։ Երկրորդ խնդիրը, որը ևս շատ կարևոր է, այն է, որ կհասկանանք, թե այդ հիվանդություններից որոնք կարող են վտանգավոր լինել մարդկանց կամ կենդանիների համար։ Հասկանալով դրանց փոխանցման ուղիները՝ կմշակենք մեխանիզմներ, ուղեցույցներ, որոնց հետևելով՝ կարելի է խուսափել այդ հիվանդություններով վարակվելուց։
Հետազոտական աշխատանքը սկսել եմ շատ վաղուց։ Բակալավրիատում ուսումնառելիս հիմնականում ուսումնասիրել եմ թռչունների էկոլոգիան, մասնավորապես Ծաղկունյաց լեռնաշղթայի թռչունների բազմազանությունն ու իրենց առաջադրումը որպես ԿԹՏ (կարևորագույն թռչնաբանական տարածք)։ Մենք որոշում էինք՝ այդ տարածքը կարո՞ղ է լինել ԿԹՏ, թե՞ ոչ։ Իմ գիտական գործունեությանը զուգահեռ՝ ուսումնասիրել եմ թռչունների մակաբույծներին։ Իսկ մագիստրատուրայում սովորելիս հետազոտել եմ Մեղրիի հարակից տարածքներում թռչունների շրջանում տոքսոպլազմագոնձի առկայությունը։ Արդեն 3-4 տարի է, ինչ զբաղվում եմ այս թեմայով և ունեմ տպագրված գիտական աշխատանքներ։
ԵՊՀ ասպիրանտի ապագա ծրագրերը կապված են միայն գիտության հետ։ Ներկայում նա աշխատում է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնում՝ որպես ավագ լաբորանտ։ Միաժամանակ նա ներգրավված է մի շարք միջազգային դրամաշնորհներում և կատարում է հետազոտություններ՝ ընդլայնելով գիտական համագործակցությունները և ապահովելով նոր առաջընթացներ իր ոլորտում։ Քանի որ Մանան Ասիկյանի ընտրած թեման բավականին բազմաճյուղ է, նա վստահ է, որ ասպիրանտուրան ավարտելուց հետո կգտնի հետազոտության նոր ուղղություններ և կսկսի ուսումնասիրել դրանք։