- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում հյուրընկալվեց միջազգային ճանաչում ունեցող քաղաքագետ Ժիլ Կեպելը
Ապրիլ 16, 2025 | 16:18
Գործընկերներ
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ-ում հյուրընկալվեց միջազգային ճանաչում ունեցող քաղաքագետ Ժիլ Կեպելը
ԵՊՀ այցելեց ֆրանսիացի քաղաքագետ, արաբագետ, Միջին Արևելքի և ժամանակակից իսլամի մասնագետ Ժիլ Կեպելը։ ԵՊՀ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթական և գիտական համագործակցության հեռանկարները, ժամանակակից աշխարհում կրոնի, քաղաքականության և մշակույթի փոխազդեցության, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Ճանաչված պրոֆեսոր Ժիլ Կեպելը բազմաթիվ գրքերի (այդ թվում՝ աշխարհի տարբեր լեզուներով թարգմանված) հեղինակ է։ Նրա այցը կարևոր հնարավորություն էր երկխոսության և միջազգային փորձի փոխանակման համար։
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, վարչության առաջատար մասնագետ Հայկուհի Մկրտչյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, նույն ֆակուլտետի Արաբագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Հայկ Քոչարյանը։

Քննարկման շրջանակում կողմերն անդրադարձան գիտական համագործակցության հնարավորություններին, կրթական ծրագրերի զարգացման հեռանկարներին։
Պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, ընդգծելով ԵՊՀ-ի դերը՝ որպես Հայաստանի ամենահին և խոշոր համալսարան, ներկայացրեց համալսարանի գործունեությունը, կրթական ծրագրերը, շեշտեց արաբագիտության և, առհասարակ, արևելագիտության մեծ դերը ԵՊՀ-ում։ Խոսվեց ուսուցման բարձր որակի, ուսանողներին ընձեռվող արտերկրյա ուսումնառության հնարավորությունների մասին, կարևորվեց ԵՊՀ-ի ակտիվ համագործակցությունը արաբական պետությունների՝ Կատարի, Եգիպտոսի, Քուվեյթի և այլ երկրների համալսարանների հետ։ Պրոռեկտորը կարևորեց նման փորձագիտական շփումների նշանակությունը՝ ընդգծելով միջազգային ակադեմիական կապերի խորացման անհրաժեշտությունը։
Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին նաև պրոֆեսոր Ժիլ Կեպելի հեղինակած վերջին գրքի հայերեն թարգմանության և հրատարակման հարցի շուրջ․ շարքն անդրադառնում է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած իրադարձություններին՝ «Համաս»-ի հարձակմանը Իսրայելի վրա, ինչպես նաև դրան հաջորդած զարգացումներին Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։
Քննարկման ընթացքում առաջարկվեց նաև հետագայում ԵՊՀ ուսանողների համար կազմակերպել պրոֆեսոր Ժիլ Կեպելի դասախոսությունները՝ որպես կարևոր կրթական նախաձեռնություն, ինչը կնպաստի ժամանակակից իսլամագիտության և Մերձավոր Արևելքի քաղաքականության խորացված ուսումնասիրությանը։
Հանդիպման ավարտին կողմերը հաստատեցին հետագա համագործակցության և համատեղ հնարավոր ծրագրերի իրականացման պատրաստակամություն։
Համալսարանը մշտապես պատրաստակամ է առաջատար գիտնականների, վերլուծաբանների և հետազոտողների հետ համագործակցելու՝ նպաստելով կրթության և գիտության զարգացմանը Հայաստանում։ Պրոֆեսորի այցը և մասնագիտական արդի հարցերի շուրջ քննարկումներն ու փոխգործակցությունը հնարավորություն են՝ նոր հորիզոններ բացելու ԵՊՀ միջազգային համագործակցության և գիտական ծրագրերի զարգացման համար։